HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանը հետաքրքրված է ներդրումներ կատարելու հեռանկարով

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Կողմերն ընդգծել են, որ վերջին շրջանում երկու երկրների փոխհարաբերություններն ակտիվորեն զարգանում են, եւ երկուստեք մեծ նշանակություն է տրվում երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների հաստատման հնարավորություններին: Դեսպան Թ. Չանչունը նշել է, որ ՉԺՀ կառավարությունը կարեւորում է Հայաստանի տարբեր մարզերի հետ համագործակցությունը եւ մասնավորապես անդրադարձել է Չինաստանի Շանսի նահանգի եւ ՀՀ Լոռու մարզի միջեւ գործակցության հեռանկարներին: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում նաեւ Երեւանի եւ Պեկինի միջեւ ավելի սերտ կապերի հաստատման ուղղությամբ: Ա. Գեւորգյանը նկատել է, որ Լոռի-Շանսի համագործակցության կայացումը կարող է դրական ազդակ լինել նաեւ մյուս ռեգիոնների միջեւ արդյունավետ եւ փոխշահավետ կապերի հաստատման համար: Լոռու արդյունաբերական արտադրանքը կարող է հետաքրքիր լինել չինական շուկայի համար, իսկ գյուղատնտեսական ոլորտում գործակցության առումով փոխվարչապետը հեռնակարային է համարել Արարատի եւ Արամավիրի մարզերը: Քննարկել են նաեւ հայ-չինական միջկառավարական համագործակցության հանձնաժողովի` այս աշնանը կայանալիք նիստի եւ գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Նշվել է, որ հանձնաժողովն այն կառույցն է, որ կարող է ճիշտ հունով ուղղորդել առեւտրատնտեսական հարաբերությունները: Փոխվարչապետն առաջարկել է նիստի շրջանակում գործնական քննարկման առարկա դարձնել նաեւ ռեգիոնների մեջեւ համագործակցության հնարավորությունները: Դեսպանը տեղեկացրել է նաեւ, որ չինական կողմը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով: Նա կարեւորել է նաեւ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը` տեղեկացնելով, որ Չինաստանի հարավային ավիաընկերությունը հետաքրքրված է նման գաղափարով եւ առաջարկել է նաեւ նույն հարցը քննարկել Հայաստանի ազգային ավիափոխադրողի հետ: Ա. Գեւորգյանը նախաձեռնությունները ողջունելի է համարել` առաջարկելով դրանք մանրամասն քննարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter