HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղպատում տեղադրվելու է Սայաթ-Նովայի կիսանդրին

Սայաթ-Նովան Հաղպատավանքում ծառայել է 20 տարի Լոռու հայրենակցական միությունը Հաղպատի գյուղապետարանի հետ հուլիսի 11-ին անցկացնելու է «Վարդավառը Հաղպատում» տոնակատարություն: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց Լոռու մարզի Հաղպատ գյուղի համայնքապետ Սերգո Քառյանը: «Մենք ժողովրդի և ավագանու հետ որոշել ենք գյուղի եկեղեցամերձ հրապարակը անվանակոչել Սայաթ-Նովայի անունով և թույլատրել հրապարակի եկեղեցուն հարող տարածքում տեղադրել Սայաթ-Նովայի կիսանդրին: Միջոցառումը մեծ է լինելու, ամբողջ Հայաստանի մակարդակով, քանի որ Սայաթ-Նովան Հաղպատում 20 տարի ապրել է և ճիշտ է, որ մեծ երգիչը Հաղպատում ունենա կիսանդրի»,- ասաց Սերգո Քառյանը: Սայաթ-Նովայի արձանի տեղադրման տարածքը պատկանում է Հաղպատավանքին: Ուստի, այդ տարածքում կիսանդրին տեղադրելու համաձայնությունը տալու իրավունքը պատկանում է Հաղպատավանքին և Գուգարաց թեմին: Մեր այցելության պահին գյուղի եկեղեցամերձ հրապարակում կանգնած ավտոմեքենայից իջեցնում էին հուշարձանի առանձին բազալտե հատվածները: «Այնպես ենք անելու, որ մինչև հուլիսի 11-ը հուշարձանը տեղադրված պատրաստ լինի»,- ասաց գյուղապետը: Հաղպատավանքի վանահայր, հոգեշնորհ Տեր Ասպետ վարդապետ Բալյանը ավտոմեքենայից Սայաթ-Նովայի կիսանդրու բազալտե քարերի իջեցման աշխատանքներին հետևում էր վանքի պարիսպներից և այդ մասին բջջային հեռախոսով տեղեկացնում Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Տեր Եպիսկոպոս Չուրջյանին: Հոգեշնորհ Տեր Ասպետ վարդապետ Բալյանը «Հետք»-ին հայտնեց Լոռու հայրենակցական միությունից և Հաղպատի գյուղապետարանից իր դժգոհությունը «Վարդավառը Հաղպատում» միջոցառման մասին Հաղպատավանքի վանահորը չտեղեկացնելու և միջոցառման աշխատանքներին չներգրավելու առնչությամբ: «Իհարկե, միջոցառումը որևէ մեկը կարող է ձեռնարկել և կատարել դա, սակայն լավ կլիներ, որ այդ հայրենակցական միությունը միջոցառման համար դիմեր եկեղեցուն պաշտոնապես: Ես մինչև այսօր պաշտոնապես մի տեղեկություն չունեմ: Ըսածներով եմ լսում, և գալիս են նաև ասում են, որ հեռուստատեսիլի վրա հայտարարություն կա, բայց որպես տեղուն հոգևորական` մի հատ ինձ հետ մեկը բան չի խոսել, պաշտոնապես լուր չի տվել: Իհարկե, կարող են ձեռնարկը կատարել, իսկ Սայաթ-Նովայի հետ կապված վանքի առնչությունը կարևոր է: Սայաթ-Նովան 1775թ.-ից 1795թ.-ը, այսինքն` 18-րդ դարի վերջին քառորդին 20 տարիներ ծառայել է Հաղպատավանքում` որպես լուսարար»,- ասաց հոգեշնորհ Տեր Ասպետ վարդապետ Բալյանը: Տեր Ասպետ Վարդապետ Բալյանը կարծում էր, որ միջոցառումը անպայման պետք է կատարվի, և ոչ ոք դեմ չէ դրան: Նա վստահություն հայտնեց, որ Վարդավառի տոնակատարությունը Հաղպատում կանցնի բարձր մակարդակով. «Նրան պետք է նախորդի պատարագ ժամը 11-ին` հուլիս 11-ին` Վարդավառի օրը: Պատարագին անմիջապես պիտի հետևի միջոցառումը»: Տեր Ասպետը կարծում էր, որ բոլոր սխալները կարելի է ուղղել: Չնայած վանքի իրավունքերը շրջանցելու հետ կապված իր վիրավորանքին` այդուհանդերձ նա հրաժեշտից առաջ մեկ անգամ ևս կարևորեց միջոցառման հաջողությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter