Ֆրանսիայից Հայաստան. դեղահաբերը պարունակում են թմրամիջոց
Իրավապահները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, օրերս խուզարկություն են կատարել նախկինում ազատազրկման դատապարտված, 1969 թ. ծնված Արմեն Գ.-ի բնակարանում: Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնց մեջ եղել է «Սուբուտեքս» թմրամիջոցին նմանվող «Բ-8» դաջվածքով 120 հաբ եւ 5 մլ տարողությամբ բժշկական ներարկիչ` մոտ 2 մլ անգույն հեղուկով:
«Ըստ Արմեն Գ.-ի հայտարարության` նշված հաբերը «Սուբուտեքս» թմրամիջոց է, որոնք իրեն ի պահ է տվել եղբայրը` նախկինում նույնպես ազատազրկման դատապարտված, 1969 թ. ծնված Գուրգեն Գ.-ն»,- հաղորդում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Արդեն Գուրգեն Գ.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված սպիտակ գույնի «Սուբուտեքս» տեսակի թմրամիջոցին նմանվող հաբի 2 կտոր եւ 1 հատ 60 մլ բժշկական ներարկիչ` մոտ 50 մլ անգույն հեղուկով: Վերջինս հայտարարել է, որ հաբի կտորները «Սուբուտեքս» թմրամիջոց է, իսկ ներարկիչի միջինը` քացախաթթվի անհիդրիդ:
Պարզվել է, որ Գուրգեն Գ.-ն թմրամիջոցը 3 օր առաջ ձեռք է բերել 1939 թ. ծնված Ռիմա Թ.-ից: Խուզարկություն է կատարվել նաեւ Ռիմա Թ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել եւ առգրավվել է «Սուբուտեքս» թմրամիջոցին նմանվող 64 հաբ ու հաշիշ թմրամիջոցին նմանվող 20 գ շագանակագույն զանգված:
«Քննությամբ պարզվել է նաեւ, որ Ռիմա Թ.-ի դուստրը` Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1959 թ. ծնված Աիդա Դ.-ն, Հայաստանում իրացնելու նպատակով Ֆրանսիայում ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 150 դեղահաբ, որոնք ս/թ հունիսի 21-ին ուղեբեռում թաքցնելով` մաքսանենգ ճանապարհով Ֆրանսիայից տեղափոխել է Հայաստան: Կատարվում է նախաքննություն»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել