Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կանցկացվի համաժողով
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓՀ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեին: Փոխվարչապետը նշել է, որ գրասենյակը մշտապես աջակցել է ՀՀ կառավարությանը` փախստականների խնդիրների լուծման հարցում եւ գործակցության լավ օրինակ է համարել սոցիալական տների ստեղծման համատեղ փորձը:
Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ներկայացնելով իրավիճակը` Ա. Գեւորգյանն ընդգծել է, որ փախստականների խնդիրները եղել եւ մնում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Նշվել է, որ թեեւ փախստականներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, եւ այդ նպատակով Հայաստանում նախատեսվում է կազմակերպել միջազգային դոնոր կազմակերպությունների համաժողով:
Դամթյու Դեսալեյնեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը` համագործակցությունը շարունակելու եւ համատեղ նոր նախաձեռնություններ, գաղափարներ կյանքի կոչելու ուղղությամբ: ՓՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչն ասել է, որ տեղեկացված է համաժողովի մասին եւ նշել, որ պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել համաժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել