Քննարկվել է փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա
Հուլիսի 2-ին «Սիվիլիթաս» հիմնադրամն անցկացրեց «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկում, որի գլխավոր բանախոսն էր զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով ճանաչված վերլուծաբան, «Սիվիլիթաս» հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ Ժերար Շալյանը:
Բանախոսն անդրադարձավ տարածաշրջանի մի քանի պետությունների այսօրվա դիրքերին և նոր իրավիճակի հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա: Խոսելով Թուրքիայի մասին` Ժերար Շալյանն ասաց, որ Թուրքիան իրեն չի ընկալում որպես տարանցիկ երկիր Եվրոպայի համար: Թուրքիան այսօր իրեն համարում է կենտրոն` թե Մերձավոր Արևելքի, թե Կենտրոնական Ասիայի: Եթե մի քանի տասնամյակ առաջ տարածաշրջանի ամենամեծ դերակատարում ունեցող երկրները Եգիպտոսը կամ Իրանն էին, ապա այսօր այդ երկիրը Թուրքիան է:
«Հայաստանն այս տեսանկյունից գնալով ավելի է մեկուսանում»,- ասաց Ժերար Շալյանը: Նա նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանը վերջին 2-3 տարվա ընթացքում չի ցուցաբերել արտաքին քաղաքական որևէ արժեքավոր նախաձեռնություն: Ֆուտբոլային դիվանագիտությունը, բանախոսի համոզմամբ, չի կարելի այդպիսին համարել, քանի որ ստորագրված արձանագրությունները «այնքան էլ խելացի չէին»: Հայկական կողմը համաձայնեց Ցեղասպանության ուսումնասիրության հանձնաժողովին` կարծելով, թե եթե Ղարաբաղը արձանագրություններում նշված չէ, ուրեմն այն մոռացված է: Մինչդեռ Թուրքիան սահմանը փակել է ոչ թե Ցեղասպանության, այլ Ղարաբաղի խնդրի պատճառով: Ուստի, Թուրքիան կարողացավ ցույց տալ բոլորին, թե «իրենք պատրաստ են քայլերի, բայց հայերն են, որ խոչընդոտում են գործընթացը»:
Անդրադառնալով թուրք-իսրայելյան վերջին առճակատմանը` Ժերար Շալյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի համար այս իրադարձությունների հետևանքները բացասական են, քանի որ Թուրքիան գնալով ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում արաբական աշխարհում, և դա կբարդացնի թե Հայաստանի հարաբերություններն այդ երկրների հետ, թե այդ երկրներում ապրող հայկական համայնքների վիճակը:
Ժերար Շալյանը, ով մեկ օր առաջ եղել էր Ղարաբաղում, պատասխանելով իր տպավորությունների մասին հարցին, ասաց. «Տպավորությունս այն է, որ պատերազմի հավանականությունը ավելի մեծ է, քան երբևէ»: Բանախոսի խոսքերով` Հայաստանի դիրքերն այսօր թույլ են: Աշխարհում վերջին շրջանում հաջողության հասած բոլոր ինքնորոշման պայքարների դեպքում ինքնորոշվող կողմին այս կամ այն կերպ աջակցել են խոշոր պետությունները: Դժվար է ասել, թե ով կաջակցի Ղարաբաղին: Մյուս կողմից, Ժերար Շալյանի համոզմամբ, Ռուսաստանին ձեռնտու է, որ տարածքները մնան հայկական վերահոսկողության տակ, քանի որ դա որոշակի ազդեցության լծակ է տալիս Ադրբեջանի վրա: «Այդուհանդերձ, Ադրբեջանի կողմից անակնկալ հարձակումը մի բան է, որին պետք է պատրաստ լինել»,- ասաց բանախոսը:
Հարցին, թե ի՞նչ կարող էր անել հայկական կողմը այդ պարագայում, Ժերար Շալյանը պատասխանեց, որ պաշտպանվելու ձևերից մեկը հավանաբար անսպասելի հակահարված հասցնելը կարող է լինել: Ընդ որում, եթե խնդիրը հակառակորդին վնաս հասցնելն է, ապա հարվածը կարող է ուղղված լինել բնակչությանը, իսկ եթե խնդիրը միջազգային հանրության համար խնդիր ստեղծելն է, ապա հարվածը կարող է ուղղվել Բաքու-Ջեյհան նավթատարին:
Պատասխանելով այն հարցին, որ եթե Հայաստանն իրոք շատ առավելություններ չունի, որո՞նք են այն քայլերը, որ կարող էին ամրապնդել մեր դիրքերը, Ժերար Շալյանը նշեց. «Շատ բան կա, որ Հայաստանը կարող էր և կարող է անել: Իրավիճակը մեր օգտին կշրջվի, եթե Հայաստանի տնտեսությունը հզորանա, երկիրն ավելի ժողովրդավար դառնա, իսկ արտաքին քաղաքականությունն ավելի միանշանակ և կտրուկ լինի»: Նրա համոզմամբ` միայն այսպես Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել