HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լոռեցիները համերգի էին սպասում, իսկ ռուսներն ուզում էին հանգստանալ

Այս տարի Հայաստանում անցկացվող «Դելփյան խաղեր» մրցույթ-փառատոնի ծրագրի մի բաղադրիչը վերաբերում էր մարզերին: Նախատեսված էր մրցույթի ավարտից ու մրցանակաբաշխությունից հետո կազմակերպել մասնակից երկրների պատվիրակների ուղեւորությունը մարզեր: Լոռու մարզում հյուրերի ընդունելությանը նախապատրաստվել էին ըստ ամենայնի: Բայց նրանց սպասելիքները չարդարացան մի շարք առումներով: Նախ` ըստ մարզային ենթածրագրի եւ Լոռու մարզպետարան ուղարկված ժամանակացույցի` Լոռու մարզ պետք է ժամանեին Վրաստանի եւ Էստոնիայի պատվիրակները դասական համերով, բայց ի զարմանս ծրարի մարզային կազմակերպիչների` Վանաձոր եկան Ռուսաստանի ներկայացուցիչները: Ընդ որում` կազմկոմիտեն ծրագրի մարզային պատասխանատուներին այդ մասին տեղեկացրել էր միայն ժամանման նախորդ օրը: «Ասացինք, որ խնդիր չունենք, որովհետ երկու դեպքում էլ դասական երաժշտություն պիտի լիներ մեզ մոտ: Այդ նպատակով առանձնացվել էր Վանաձորի արվեստի պետական քոլեջի համերգասրահը, որի բեմահարթակում արդեն դրված էին ռոյալներ»,-ասում է մարզային ծրագրի կազմակերպիչ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի աշխատակից Մհեր Մելիքյանը: Բայց ՌԴ-ի պատվիրակության ժամանումով էլ Վանաձորում ծրագրված համերգը չփրկվեց: Այն, փաստորեն, չկայացավ: «Ուղարկվող պատվիրակությանը նախօրոք պարտավոր էին տեղեկացնել, որ ոչ միայն շրջագայություն, այլեւ համերգ է լինելու Վանաձորում: Եթե կար ժամանակացույց, բոլոր պատվիրակությունները պետք է ծանոթ լինեին օրակարգին: Կազմկոմիտեն է մեղավոր, - ասում է ծրագրի պատասխանատուն ու շարունակում: - Պատվիրակները մարզահագուստով էին եկել` կարծելով, որ իրենց համար ակտիվ հանգիստ է կազմակերպվում»: Հյուրերի համար պատրաստված են եղել նաեւ անակնկալներ, որոնք մատուցվելու էին համերգի ընթացքում. «Մտածում էինք` պատվիրակությունը ղեկավար կունենա, ղեկավարությանը մարզպետի անունից շնորհակալագիր էինք պատրաստել Վանաձորում ունեցած լավ համերգի համար: Այդպես էլ շարադրել էինք, բայց քանի որ համերգը չկայացավ, այդ պատվոգիրն էլ չկարողացանք տալ, պատվիրակությունն էլ առանց ղեկավարի էր եկել: Նախատեսել էինք հուշանվերներ, գիրք էինք նախատեսել` «Հայաստանի բնաշխարհ»` տեսարժան վայրերի լուսանկարներով»: Իսկ ամենաուշագրավը լինելու էր Մ. Մելիքյանի երաժտական ողջույնը: Նա պիտի կատարեր «Русское поле» երգը: Իսկ ողջունելուց հետո պիտի հայտներ հանդիսատեսին, որ երաժշտության հեղինակ Յան ֆրենկելը ռուս չէ, խոսքի հեղինակ Ռաուլ Համզատովը ռուս չէ, եւ երգի կատարողն էլ, բնականաբար, ռուս չէ, բայց իրենք` երեք տարբեր ազգություների ներկայացուցիչները, սիրում են Ռուսաստանն ու ռուսական մշակույթը: «Այդպիսի անկանկալ էի պատրաստել, բայց արի ու տես, չերգեցի»,-ասում է նա: Մարզային ենթածրագիրը ՀՀ մարզերի բեմահարթակներում փորձից բացի նախատեսում էր նաեւ ճաշ մարզերում եւ ծանոթություն ՀՀ մարզերի մշակութային հաստատությունների ու պատմամշակութային հուշարձանների հետ: Մարզային ծրագրում էլ է փոփոխություն եղել: Ծրագրի պատասխանատուները հյուրերին ուղեկցել են միայն Վանաձորի մշակութային օջախներ, ինչը պատճառաբանում են հետեւյալով. «Չէինք կարող մեկ ժամում տանել Հաղպատ-Սանահին ու հետո բերել համերգի: Չկարողացանք նույնիսկ մտնել Ստեփան Զորյանի տուն-թանգարան: Խնդրեցին` շուտ վերադառնան, որ վերադարձին հասցնեն այցելել նաեւ Սեւան»: Կազմկոմիտեի անդամներն էլ իրենց հիմնավորումներն են տալիս ծրագրում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ: Նրանց խոսքով` պատվիրակներն իրենք էին ընտրում իրենց այցելության վայրը: Իսկ Վանաձորում համերգը չի կայացել, որովհետեւ մասնակիցներն անպայման ուզում էին փորձել համերգից առաջ, իսկ դրա համար ժամանակ չկար: Եվ պարզապես նրանք Լոռի էին եկել` շրջագայելու: «Բոլոր մասնակիցներն արդեն ելույթ էին ունեցել, ուզում էին ավելի շատ Հայաստանի բնությունը տեսնել: Շատերն իրենց ցանկությունը այդպես էլ  հայտնեցին: Բացի այդ, համերգից առաջ ուզում էին անպայման փորձել: Փորձերը տեղի չունեցան, եւ հետո բոլորն էլ արդեն հոգնած էին: Պատվիրակություններն անձամբ էին որոշում` ուր մեկնեն, քաջ տեղեկություններ ունեին Հայաստանի մասին£ էստոնիայի պատվիրակությունը, օրինակ, մեկնեց Դիլիջան»,-ասում է Լոռիում ռուսական խմբի ուղեկցորդ Սիրարփի Թադեւոսյանը: Ծրագրի կազմկոմիտեի անդամ Սվետլանա Սահակյանն էլ բացատրում Լոռի ժամանող պատվիրակությունների փոփոխությունը. «Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչների մեծ մասը Քութայիսից էին, եւ նրանք ցանկություն հայտնեցին մեկնել Գյումրի, քանի որ Քութայիսն ու Գյումրին քույր քաղաքներ են: Վրաստանի պատվիրակությունը խնդրել էր հնարավորության դեպքում փոխել մարզը£ Որեւէ այլ ենթատեքստ չկա»: Վրացական պատվիրակության հետ Գյումրի ուղարկվեց նաեւ էստոնական պատվիրակությունը, քանի որ ըստ Ս. Սահակյանի, այդ երկու պատվիրակությունների 35 հոգիանոց ներկայացուցչությունն անիմաստ էր ավելի փոքր խմբերի բաժանել: Իսկ քանի որ ռուսական պատվիրակությունը մեծ էր, այն խմբերի բաժանվեց, եւ 35 հոգիանոց խումբը եկավ Լոռի, առանց ղեկավարի, քանի որ մյուս խմբի հետ նա մեկնել էր ուրիշ մարզ: «Դելփյան խաղերում» Լոռու մարզի երեք մասնակիցներից երկուսը հաջողության են հասել: Քանոնահար Նարեկ Գազազյանը ժողովրդական նվագարաններ անվանակարգում պարգեւատրվել է ոսկե մեդալով, իսկ Նաիրա Գրիգորյանը` որպես հնագույն սոնատների կատարող-ջութակահար, արժանացել է մրցանակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter