«Քվեարկության դրեք Հայաստանը մոնիտորինգի տակ դնելու առաջարկը»
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը
Ուղիղ մեկ տարի առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1677 բանաձեւը, որը բավականին հստակ նկարագրում էր Հայաստանի` Եվրոպայի Խորհրդին տրված խոստումների և իրականության միջև գոյություն ունեցող հսկայական ճեղքը։
Բանաձեւը նաև նշում էր մի շարք միջոցառումներ և բարեփոխումներ, որոնք Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեին նշված խնդիրները լուծելու համար։
Այս բանաձեւի ընդունմանը զուգահեռ, ԵԽԽՎ-որոշեց հանել Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմից, որը սահմանվել էր 2008 թվականի փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից և ընդդիմության վրա իշխանությունների ձեռնարկած մարտիմեկյան հարձակումից հետո։
Հայ Ազգային Կոնգրեսը ժամանակին վերապահումներ արտահայտեց այդ որոշման կապակցությամբ, համարելով, որ Հայաստանում չի արձանագրվել բավարար առաջընթաց` նման որոշումն կայացնելու համար և որ ավելի կարևոր է, Կոնգրեսը հիմնավոր մտավախություն ուներ, որ նման որոշումը մի կողմից կնվազեցներ Հայաստանի խնդիրերի կարևորությունը ԵԽԽՎ-ի առաջնահերթությունների ցանկում, իսկ մյուս կողմից կքաջալերեր Հայաստանի իշխանություններին` արհամարհելու վերոնշյալ բանաձեւում տեղ գտած պահանջները։
Անցած մեկ տարին եկավ ապացուցելու, որ Հայ Ազգային Կոնգրեսի մտահոգություններն արդարացված էին: Հայաստանի գործող իշխանությունները 1677 բանաձեւում ուշադրության արժանացած ոլորտներից և ոչ մեկում թեկուզ մեկ նշանակալի քայլ չեն կատարել, որը կարելի էր որակել որպես առաջընթաց։ Ավելին խնդրահարույց բոլոր ոլորտներում նկատվել է հետընթաց: Այդ բանաձեւը կարելի է ընդունել և այսօր առանց որևէ բառ փոխելու և այն կլինի նույնքան արդիական, որքան մեկ տարի առաջ էր։
Եվ չնայած այս ակնհայտ փաստին, ԵԽԽՎ-ն որդեգրել է լուռ և անտարբեր կեցվածք, ինչն անընդունելի է մեզ համար։ Անցյալ տարվա ընթացքում համազեկուցողները մի քանի անգամ հետաձգել են իրենց այցը Հայաստան։ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանում առկա իրավիճակի մասին քննարկումները հետաձգվել են մի քանի անգամ։ Արդյունքում, հաշվի առնելով ԵԽԽՎ կողմից քննադատության բացակայությունը, Հայաստանի իշխանությունները շարունակել են դրսևորել բռնապետական պետությունների իշխանություններին հարիր վարքագիծ։
Համազեկուցողների վերջին հայտարարությունը պարունակում է որոշ, բայցև ուշացած քննադատություն։ Նրանք մասնավորապես անհանգստացնող են համարել հեռարձակաման մասին օրենքի փոփոխությունները, որոնք անց են կացվել Հայաստանի Ազգային ժողովի կողմից և որոնք հնարավորություն չեն տալիս ստեղծելու մրցունակ դաշտ անկախ հեռուստաալիքների համար։
Անկասկած, համազեկուցողները կարող էին հատուկ նշել իրենց հայտարարության մեջ, որ այս փոփոխությունները վերաբերում են անալոգից դեպի թվային հեռարձակմանն անցնելուն, որը սովորաբար ավելացնում է մատչելի հաճախականությունների քանակը, սակայն տվյալ դեպքում փոփոխությունները կհանգեցնեն դրանց քանակի կրճատմանը։
Համազեկուցողները նաև անհանգստություն են հայտնել իշխանությունների կողմից ընտրական օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացին ընդդիմությանը մասնակից չդարձնելու կապակցությամբ։ Մենք գոհ ենք նրանցից այս հարցերը բարձրացնելու համար բայց միևնույն ժամանակ մենք համարում ենք, որ նրանց քննադատությունը իրական ազդեցություն չի ունենա, քանի որ այն չի պարունակում իրականացման հստակ ժամանակացույց, ինչպես նաեւ իրական հետեւանքների հեռանկար՝ վարքագիծը չվերանայելու դեպքում։
Մտահոգություններն ավելի են առարկայանում նաև այն պատճառով, որ համազեկուցողները Հայաստանի իշխանություններին են հասցեագրել են շռայլ գովեստներ` ոստիկանության համակարգի ինչ որ մտացածին ռեֆորմի համար։ Սա այն դեպքում, երբ հայաստանյան բանտերում շարունակում են մնալ 15 քաղբանտարկյալներ` մի եղկելի փաստ, որը նույնիսկ չի էլ հիշատակվել հայտարարության մեջ։ 15-րդ քաղբանտարկյալը` Դավիթ Քիրամիջյանը, ձերբակալվեց միայն մեկ ամիս առաջ. ցայտուն ապացույցն այն բանի, որ ԵԽԽՎ-ի նման անտարբեր վերաբերմունքի պարագայում գործող ռեժիմն էլ ավելի ագրեսիվ է դառնում ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ:
Վերջապես Հայ Ազգային Կոնգրեսն իր մտահոգությունն է արտահայտում, որ չնայած հաճախակի կրկնվող՝ սահմանափակ ռեսուրսների ու ժամանակի մասին բողոքներին, ԵԽԽՎ-ն որոշել է իրականացնել նոր և մենք կարծում ենք անարդյունավետ մի առաքելություն, այն է Ղարաբաղի բանակցությունների համար այլընտրանքային ֆորմատի ստեղծում ԵԽԽՎ-ի նախագահի հովանավորությամբ։
Շատ ավելի լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն չշեղվեր իր հիմնական առաքելությունից` այն է աջակցել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը։ Հայաստանում տիրող իրավիճակը պահանջում է շտապ միջոցառումներ։
Համազեկուցողները պետք է որպես առաջնահերթություն փաստահավաք այցելություն կատարեն Հայաստան։ Հիմնված նրանց այցելության և բացահայտումների վրա Հայաստանի իրավիճակի քննարկումը պետք է մտնի ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանի օրակարգ, որտեղ պետք է քվեարկության դրվի Հայաստանը կրկին հատուկ մոնիտորինգի տակ դնելու առաջարկը։
Մենք նաև համոզված ենք, որ Մարդու Իրավունքների Հանձնակատարի այցը, որի ժամանակը վաղուց հասունացել է, մեծ ազդեցություն կունենա, քանի որ նախկինում նման այցելությունները բավականին արդյունավետ են եղել։
Միամտություն է կարծել, որ Հայաստանի իշխանություններն իրենց կամքով կիրականացնեն ԵԽԽՎ-ի առաջարկությունները։ Անցած տարիները դրա վառ ապացույցն են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել