HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Աբստրակցիան կորցնում է իր խորությունը եւ նմանվում դիզայնի»

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում հայ հինգ նկարիչներ` Կամո Նիգարյանը﹐ Վարդան Թովմասյանը﹐ Վահան Ռումելյանը﹐ Գարիկ Կարապետյանը﹐ Համլետ Հովսեփյանը  եւ բանաստեղծ Վահան Վարդանյանը  «այո» ասացին իրենց իսկ կողմից առաջադրած հարցին` «Արդյոք նկարչությունը կոչված է ոգին կերտելու»:  Ժամանակակից արվեստի այս  ներկայացուցիչները պնդում են﹐ որ արվեստն է միակ բանալին﹐ որը մարդու մեջ կարող է բացել գեղեցիկի ազնիվի ու բարու դռները ու մարդուն կատարյալ դարձնել:

1980-ականներին «Կենտրոն» երիտասարդ նկարիչների խումբը ակտիվ հանդես էր գալիս ցուցահանդեսներով﹐ թեժ բանավեճերով ու քննարկումներով﹐ բարձրացնում Երեւանում երիտասարդ արվեստագետների ուժի բեւեռման անհրաժեշտությունը: 1982-ին էլ կազմակերպվեց «Հեփենինգ» խորագրով ցուցահանդեսը: 28 տարի անց «Կենտրոն» խումբը, որոշակի փոփոխություններ կրելով կազմում, հանդես եկավ խմբակային ցուցահանդեսով:

«Այս ցուցահանդեսը «Հեփենինգ»-ի տրամաբանական շարունակությունն է: Երկար տեւեց դադարը﹐ բայց մենք շարունակում էինք ստեղծագործել եւ երբ կրկին հնարավորություն եղավ միասին հանդես գալու﹐ մենք նախաձեռնեցինք այս ցուցահանդեսը»-ասաց նկարիչ Վարդան Թովմասյանը:

Գարիկ Կարապետյանն էլ նշեց, որ այն խորագիրը﹐ որի շուրջ այսօր հավաքվել են հինգ նկարիչներն ու բանաստեղծը մեծ խորհուրդ ունի եւ արվեստն է այն միակ ապավենը, որի շնորհիվ կարելի է բարոյականություն﹐ սեր ու բարություն քարոզել: «Իսկ բանաստեղծությունը նկարչության հետ համադրելը հրաշալի գաղափար է»﹐- կարծում է  նկարիչը:

Նա նաեւ չբացառեց երաժշտության համադրությունը հաջորդ ցուցահանդեսին: Նկարիչ Նարեկ Ավետիսյանն էլ «Հետք» հետ զրույցում կարիծիք հայտնեց﹐ որ աբստրակցիան մի փոքր հետընթաց է ապրել ու կորցրել իր խորությունն ու առաջնային իմաստը: Աբստրակտ գործերում ի սկզբանե ի ցույց է դրվում առարկաների﹐ երեւույթների էությունը եւ ոչ ձեւը﹐ իսկ այսօր աբստրակտ գործերը նմանվում են սովորական դիզայնի: «Ես ցավում եմ﹐ որ այդ խորության պակաս եմ տեսնում:

Դա բոլորիս է վերաբերվում: Մի փոքր խորությունը այս հեղինակներին ավելի հետաքրքիր կդարձներ: Օրինակ, Գարիկ Կարապետյանից ես ավելին եմ սպասում﹐ քան տեսնում եմ այսօրվա նրա ցուցադրած աշխատանքներում»:

Նարեկ Ավետիսյանը, սակայն, նշեց﹐ որ եթե սկսվում են նման ցուցադրություններ ու նման միջոցառումներ, ապա ժամանակակից արվեստը իր զարգացումն անպայման կգտնի նաեւ հայ նկարիչների աշխատանքների մեջ:

«ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց﹐ որ աբստրակցիան իր սիրած ոճն է եւ նա սիրում է նայել նկարին ու նորանոր իմաստ ու էմոցիա գտնել այնտեղ. «Այս նկարիչների աշխատանքները հենց այդպիսին են: Ու դրանով էլ ինձ գրավեցին եւ ես նրանց աջակցեցի` տարածք տրամադրելով»:

Լուսանկարում` Վարդան Թովմասյանի «Սալոմե» կտավը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter