Հարությունը «ապրանքը» ներքեւ էր ուղարկում, Արթուրը բռնում էր
Վերջին երկու ամիսներին հանցավոր զույգը մայրաքաղաքի Արաբկիր համայնքում մի շարք բնակարանային գողություններ էր հեղինակել: Գրեթե բոլոր դեպքերում նույն գործելաոճն էր, և դեռ պարզ չէր, թե քանի± նոր տուժողներ ի հայտ կգային, եթե ոստիկանները ժամանակին չկասեցնեին նրանց այսպես կոչված հաղթարշավը:
Կոմիտասի 36, Փափազյան 27 եւ 29-ը, Խաչատրյան 17, Դրոյի 14/2, Ռուբինյանց 23... Սրանք այն հասցեներն են, որտեղից գողություններ են կատարվել մայիս-հունիս ամիսներին:
Ձեռագիրը նույնն էր: Պտուտակահանի օգնությամբ բացում էին պատուհանի փեղկերը, թափանցում տուն եւ գողանում... ինչ հնարավոր է դուրս հանել պատուհանից: Իսկ հնարավոր է շատ բան:
Հունիսի 12-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները, գողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին նախկինում գողություններ կատարելու համար 2 անգամ դատապարտված Հարություն Դանիելյանին եւ 4 անգամ տարբեր հանցագործությունների համար դատապարտված Արթուր Խաչատրյանին:
Նախաքննությամբ պարզվեց, որ երկուսով 6 բնակարանային գողություն էին կատարել: Այսպես ասած «աշխատանքն» էլ կիսել էին ըստ քաշային կարգի:
Հարությունը` թեթեւ քաշային, բարձրանում, բացում էր պատուհանի փեղկերը եւ «ապրանքը» ներքեւ ուղարկում, Արթուրը բռնում էր ուղարկվածը եւ տեղափոխում իր ավտոմեքենան: Բնակարաններն էլ ժամանակավոր անբնակ էին: Զանգահարում-համոզվում էին, որ տանը մարդ չկա եւ անցնում գործի:
Գողոնի մի մասն առգրավված է:
Հարություն Դանիելյանը եւ Արթուր Խաչատրյանը կալանավորված են: Արաբկիրի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել