HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

4 ամիս երկաթ է հավաքում, որ եղբոր համար հագուստ գնի

Բենիամինն իրենց տան բակի մի անկյունում արդեն 4 ամիս է՝ երկաթե ջարդոն է կուտակում: Ամառվա արձակուրդներին 9-ամյա տղայի հիմնական զբաղմունքը գյուղի ավերված տների քարերի տակից գունավոր մետաղ գտնելն է եղել:

Նա ամեն առավոտ քլունգը ձեռքին շտապել է մետաղ գտնելու: Բենիամինն այդպես էլ չհիշեց իր ամառվա արձակուրդից գեթ մեկ տպավորիչ օր, որ կարողանա գոնե ընկերներին պատմել, սակայն ոգեւորված պատմում էր, թե որտեղից է շատ երկաթ գտել եւ ինչպես է գտած «ավարը» ուսին՝ տուն եկել: Նա ծանր բետոնե քարերը կոտրելով էլ «վայելել» է իր արձակուրդը: Հիմա էլ նույն գործն է անում, բայց՝ դասերից հետո:

Երկաթ հավաքելը Բենիամինի հոբբին չէ: Նա ծանր մետաղի ջարդոնը հանձնում եւ որոշակի գումար է ստանում: Ասում է՝ 1 տոննա երկաթի համար մոտ 10.000 դրամ գումար են տալիս: Բենիամինն այս անգամ որոշել է երկաթի ջարդոնից ստացված ամբողջ գումարով անբուժելի հիվանդ եղբոր՝ 7-ամյա Դավիթի համար հագուստ գնել: Թեեւ Բենիամինն ինքը հագուստի կարիք ունի, բայց ասում է, որ եղբորը տաք հագուստ է պետք: Նա համոզված է, որ մինչեւ հոկտեմբեր մեկ տոննա երկաթ կհավաքի, իսկ եթե մեկ տոննայից ավել լինի, ապա հավելյալ գումարով ձմռան վառելիք կգնի:

Նրանց 2 տարեկան քույրը՝ Մարիամը, նույնպես «մասնագիտացել» է գունավոր մետաղների ոլորտում: Աղջնակը հերթով ցույց էր տալիս, թե որն է երկաթը, որը՝ թուջը:

Բալասանյանների 7 հոգանոց ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում: 72-ամյա Բենիամին պապն իր տղայի, հարսի եւ 4 անչափահաս թոռների հետ ապրում է վթարային տան մեջ: Շինությունը դրսից ամուր է երեւում, սակայն ներսից ճաքերի արանքից սողունները հանգիստ կարող են ներս ու դուրս անել:

Բալասանյաններն Ադրբեջանից գաղթել են 1990-ականների սկզբին: Նրանք գաղթից առաջ իրենց տունը փոխանակել են Հայաստանում ապրող մի ադրբեջանցու տան հետ: 2 տարի ապրել են արդեն իրենց սեփական տանը, սակայն 1994 թ. Արցախի ազատագրական պայքարի ժամանակ զոհվել է Բենիամին պապի 20-ամյա որդին՝ Էդվարդը: Հենց այդ ժամանակ նրանք վաճառել են իրենց տունը եւ այժմ ապրում են Կութի գյուղապետի հատկացրած տանը: Բենիամին պապն արդեն սեփական տան մասին չի մտածում, քանի որ չգիտի՝ երբ այն կունենան: Իսկ տունը, որտեղ ապրում են, դժվար թե որպես սեփականություն տան իրենց: Ամեն դեպքում, դեռ նման խոսակցություն չկա: Պապն ասում է, որ սիրում է իր գյուղի հողն ու ջուրը եւ այլ տեղ չի կարող ապրել:

«Իմ տղան այս հողի համար է արյուն թափել ու զոհվել, ես ու՞ր թողնեմ իմ տղայի հողը: Ստեղ ինձ շատ լավ եմ զգում: Ոչինչ, թող սոված քնեմ, թող թոռներս առողջ լինեն, ես ջհանդամը»,- ասում է Բենիամին պապը: 

«Գյուղի կյանքը շատ դժվար է, աշխատանք չկա, որ մի տեղ գնամ աշխատեմ, 4 անչափահաս երեխաներիս պահեմ: Մի կերպ ծայրը ծայրին հասցնում ենք, որ կարողանանք ապրենք: Եթե պապայի թոշակը չլիներ, չգիտեմ, թե մենք ոնց կապրեինք: Այս թանկացումներն էլ ավելի վատ վիճակի մեջ են գցում»,- ասում է 4 երեխաների հայրը՝ Ալիկը:

Նա նույնպես մասնակցել է ազատագրական պայքարին: Ասում է, որ մարտի դաշտում կաթված է ստացել եւ ունի հաշմանդամության 3-րդ կարգ: Ալիկը զբաղվում է հողագործությամբ: Տնամերձ  մի փոքր հողամասում կարտոֆիլ են աճեցնում, որ շուկայից չգնեն: Ունեն 2-3 գլուխ անասուն եւ ուրիշ ոչինչ:

Բենիամին պապը պատմեց, որ որպես զոհված ազատամարտիկի ծնող ամեն ամիս Վարդենիսի զինկոմիսարիատից 30.800 դրամ գումար է ստանում, 25 հազար դրամ էլ տարիքային թոշակն է: Դրան գումարվում է 40 հազար դրամ նպաստը, որով էլ ապրում է 7 հոգանոց ընտանիքը:

«Նպաստն ու թոշակը ամեն ամիս չի, որ նույն օրն են տալիս, եթե մի 2 օր ուշացնում են, արդեն սոված ենք մնում: Մի քիչ կարտոշկա ենք ցանել, որ ձմեռը գոնե երեխեքը կարտոշկա ունենան ուտելու: Այս տարի կարտոշկի բերքն էլ լավ չի: Չենք կարողացել պարարտանյութ տանք, որ լավ բերք ստանանք: Մեզ որտեղի՞ց 8 հազար դրամ, որ մի մեշոկ պարարտանյութ առնեինք»,- ասում է երեխաների մայրը՝ Ասյա Աղաջանյանը:

Նրա խոսքերով՝ տարեց տարի իրենց վիճակը վատանում է: Երեխաների մեծանալուն զուգահեռ ավելանում են ծախսերը, սակայն եկամուտը նույն  նպաստն ու թոշակն է: «Տարի ա լինում՝ մի քիչ առաջ ենք գնում, ուրախանում ենք, ասում ենք՝ առաջ գնացինք, բայց ի՞նչ առաջ գնալ, որ աշխատանք չըլնի, ո՞նց առաջ պիտի գնանք»,- ավելացնում է Ասյան:

Երեխաներից 2-ը դպրոցահասակ են: Բենիամինը սովորում է 4-րդ դասարանում, իսկ Դավիթը՝ 2-րդ: Այս տարի նոր հագուստ կարողացել են գնել միայն դպրոցահասակների համար: Հագուստ ասվածն էլ՝ յուրաքանչյուրին մեկական տաբատ ու կոշիկ, իսկ դպրոցական վերնաշապիկը նախորդ տարվանն է: Երբ ծնողները սկսեցին հագուստից խոսել, Դավիթն անմիջապես ընդհատեց նրանց՝ ասելով, թե «լիքը բաներ է տեսել, բայց չեն առել», օրինակ՝ իր հավանած վերնաշապիկը: Նրանց 2 տարեկան քույրը՝ Մարիամը, ծնված օրից հագնում է եղբայրների հագուստները: Այնքան է տղայի հագուստ հագել, որ արտաքնապես էլ տղայի է նման:

«Ստացած նպաստով ու թոշակով չգիտենք՝ տու՞նը պահենք, թե՞ երեխեքին հագցնենք: Որ աշխատատեղ լիներ, էլի որոշ չափով կկարողանայի կարիքները թեթեւացնել: Անգյալ չեմ, կաշխատեմ, մենակ թե աշխատատեղ լինի»,-ասում է Ալիկը:

Երեխաներն իրենց գյուղից բացի այլ տեղ չեն գնացել: Իսկ Երեւանում եղել է միայն Դավիթը, այն էլ՝ ոչ լավ բանի համար: Նա Պարբերական (երեւանյան) հիվանդություն ունի:  Տղան 6 ամիսը մեկ անգամ պապիկի հետ գալիս է Երեւան, անցնում հերթական բուժզննումը, անվճար դեղորայք ստանում ու վերադառնում գյուղ: Դավիթը որովայնի եւ կրծքավանդակի հատվածում ուժեղ ցավեր է ունենում, որը կարող է տեւել 1-3 օր:

Նա ամեն օր դեղեր է ընդունում: Նրա եղբայրները նախանձով էին նայում Դավիթին, երբ նա խոսում էր Երեւանի գեղեցկության եւ այգիների մասին: Բենիամին պապը թոռներից գաղտնի ասաց, որ Դավիթին շատ է սիրում եւ թոռանը բուժզննման տանելիս իր թոշակից տնտեսած գումարով մեկ-մեկ կարուսել է նստեցնում, բայց ամեն անգամ նրան հիշեցնում է, որ հանկարծ եղբայրներին այդ մասին չասի: Ու Դավիթն այդ մասին առայսօր չի պատմել եղբայրներին, իր ու պապիկի գաղտնիքն է դա: 

Մեկնաբանություններ (6)

Հետք
Հարգելի ընթերցողներ, Բալասանյանների հետ կարող եք կապ հաստատել 094-76-72-03 հեռախոսահամարով: Շնորհակալություն արձագանքելու համար:
hay_mard
shatem khndrum ugharkek inch vor tvyal, es uzum em erekhaneri ognel
Susanna
jes kxndrei ays @ntaniqi tvjalnere. Shat banov jerevi chkaroxanam ogtakar linel bajc haguterenov kkaroxanai nranc hogse mi poqr tetevacnel..shnorhakalutjun em haytnum naxoroq..
Hay_Axchik
Lusine, chisht en anum vor 4 hat en unenum,, u daje 4-y qicha... menak nranq en mer apagan,,, nranq bolorn el mer herosnern en u azgi Syunnery,,vochinch vor lav chen apri.... u Nranc Cnoxnern en iskakan hayery.. poxaren lav baner aseq es mardkanc... vatn eq che asum,,, isk es kasem Apreq u es shat shnorhakal em vor duq 4 TXA zavak eq tvel ajs azgin u eli talu eq... Astvac pahi cez u cer erexanerin!!!! Amen inch lav klini,, astvac cer nman lav mardkanc heta misht u hastat,,, lava linelu...
ընթերցող
Եւ նրանք մարդ կդառնան ու մարդ կլինեն, իսկ տաքուկ ու կուշտ ասաբնյակներում ուրիշի ու նաեւ նրանց հաշվին մեծացածներն այդպես էլ երբեք չեն իմանա, թե ինչ ասել է մարդ:
Lusine
De sa mer voghbergutyunn e, 20 tari e ankakh enq der mer jokhovurdn es orin e. Astvac pahi es erekheqin, ta astvac arokhj ev erjanik linen, bayc sranc tsnoxnerin chem haskanum, mekn unecak lav, erkrord@ mi kerp khaskanam, bayc inch eq 4 hat erexa unenum vor voch ashxatanq uneq voch el tun?????? Verjum el es tghanerin kuxarkeq banak, kam het chen ga kam get kgan kes mard.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter