HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Պատգամավորական ընդունելություններ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ամիսը 2 անգամ հանդիպում են քաղաքացիների հետ, ընդունում նրանց դիմումները, փորձում օգնել: Նախորդ շաբաթ մենք ներկա էինք պատգամավոր Անահիտ Բախշյանի հանդիպումներին: Մինչ նշանակված ժամը Անահիտ Բախշյանին էր սպասում 62-ամյա Ալլա Իսրայելյանը, ով գանգատվում էր ոստիկանության անգործությունից: Նրա խոսքով` հարեւանն ու շենքի լիազորը իրեն դաժան ծեծի ու անարգանքի են ենթարկել վերելակում, սպառնացել են, թե կբռնաբարեն եւ լուսամուտից դուրս կնետեն: «Ինձ ասում էր` քեզ լուսամուտից կգցենք, կասենք` ինքնասպան ա եղել»,- հուզված պատմում էր Ալլան: Նա բողոք է ներկայացրել «Մաշտոցի» ոստիկանություն, այնուհետեւ` Երեւան քաղաքի դատախազություն, որտեղից գործն ուղարկել են Աջափնյակի ոստիկանություն: «Դատախազն ինձ կանչեց ու առաջին հարցն էն էր, թե քեզ ինչու՞ բժշկի մոտ ստուգման չեն ուղարկել ոստիկանները, ինձ ուղեգիր տվեցին, բայց արդեն 17 օր էր անցել, կապտուկներս վերացել էին»,- պատմում էր Ալլան: Նա պատգամավորից խնդրում էր օգնել իրեն ծեծողներին պատժելու հարցում: Հարեւանների հետ նրա վեճը հին պատմություն ունի. Ալլա Իսրայելյանն ապրում է 16-րդ թաղամասի 41 շենքի 16-րդ հարկում եւ հաճախ է վիճում իր տանիքում ալեհավաք տեղադրողների հետ: 62-ամյա կինը պատմում է, որ ալեհավաքների տեղադրման համար արված անցքերից ջուր է կաթում: Անահիտ Բախշյանը խոստացավ, որ նամակ կգրի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին: «Օգուտ չունի, էդ խուլիգանները աշխատել են, որ Ռուբեն Հովսեփյանը դառնա թաղապետ, դրա համար էլ պաշտպանում է դրանց,- բացատրում էր Ալլան,- Ռուբենը Աղվան Հովսեփյանի ախպերն ա»: Պատգամավորի հաջորդ «հյուրը» Հովհաննես Սարոյանն էր: Նա ամուսնալուծվել էր կնոջից, որից հետո, իր խոսքով, չի կարողանում հանդիպել 2 տարեկան որդուն: «Դատարանը թույլ է տվել որդուս տեսակցել, բայց որ գնում եմ, չեն թողնում, որ երեխուն տենամ»,- ասաց Հովհաննեսը: Նա պայմանագրային զինծառայող է, Քելբաջարի սահմանն է հսկում: Դատարանը Հովհաննեսին պարտադրել է ամսական 20 հազար դրամ ալիմենտ վճարել երեխայի մորը: Բախշյանը հետաքրքրվեց, թե արդյոք տղան դիմե՞լ է դատական ակտերի հարկադիր կատարողներին, որպեսզի պարտադրի նախկին կնոջը թույլ տալ հանդիպել որդուն: Հովհաննեսն ասաց, թե դիմել է, բայց հարկադիր կատարողն էլ իրեն չի օգնում: Պատգամավորը զանգահարեց Աշտարակի հարկադիր կատարող Արտակ Կարապետյանին, ով տեղեկացրեց, թե Հովհաննեսը չվճարած վարկեր ունի: Տիկին Բախշյանը Հովհաննեսին ասաց, որ միայն ճշգրիտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կարող է ակնկալել իր աջակցությունը: Հովհաննեսին հաջորդեց մի մեծահասակ տղամարդ, ով եկել էր իր «քրոջից» տեղեկանալու, թե կարո՞ղ է նա որեւէ կերպ օգնել եղբոր որդուն: Նրա խոսքով` եղբորորդին ընկերների եւ ընկերուհիների հետ ամանորյա խնջույքի է մասնակցել, որից հետո աղջիկներից մեկի ծնողները բողոքել են ոստիկանություն, թե իրենց դստերը ստիպողաբար են տարել խնջույքի: «Էդ աղջիկը ուզում ա տղուն, բայց ծնողները դեմ են, իրանք են բողոքել»,- ասում էր տարեց տղամարդը: Նրա խոսքով` 4 ընկերներին մեղադրանք է առաջադրվել, դատարանը որոշել է պատիժը պայմանական կիրառել` 4 տարի քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ: Պատգամավորը նրան խորհուրդ տվեց հաջորդ հանդիպմանը գալ եղբորորդու հետ եւ ներկայացնել քրեական գործի պատճենը, դատարանի որոշումը: Նախկին դասախոսները ցանկանում են վերականգնվել աշխատանքում Անահիտ Բախշյանի մոտ էին եկել նաեւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՀՄ) նախկին դասախոսները` Ռուզաննա Սարդարյանն ու Սուսաննա Քոչարյանը, ովքեր գանգատվում էին ՀՊՄՀ-ի ռեկտորից, որը, նրանց խոսքով, ապօրինաբար իրենց ազատել է աշխատանքից: Նախկին դասախոսները փաստաթղթեր ներկայացրին, ըստ որոնց 2006 թ. ուսանողները վկայական են ստացել, թե ավարտել են Լրացուցիչ կրթության ֆակուլտետը, որը դեռեւս 2005-ից լուծարված է: Ռուզաննան ու Սուսաննան 2005 թ. հեռացվել են համալսարանից եւ մինչ օրս փորձում են վերականգնվել աշխատանքում: Կանայք ներկայացրին նաեւ Աշխատանքի պետական տեսչության կատարած ստուգումների արդյունքները: Անահիտ Բախշյանը խոստացավ, որ կօգնի լուծել այս խնդիրը, հատկապես, որ սա առաջին դեպքը չէ, որ դժգոհում են ՀՊՄՀ-ի ռեկտորի աշխատանքից: Հանդիպումների ավարտից հետո տիկին Բախշյանը պատասխանեց մեր հարցերին: - Արդեն տեսաք, հիմնականում այս բովանդակությամբ դիմումներ են լինում. բողոքների գերակշիռ մասը ոստիկանության, քաղաքապետարանի դեմ է, կրթական ոլորտից: Եթե գրավոր դիմում են ներկայացնում, դրանց անպայման ընթացք է տրվում: Օրինակ` ատոմակայանի դեպքը կարող եմ հիշել. 2008 թ. հոկտեմբերին բերեցին 161 ստորագրությամբ դիմում այն մասին, որ 2001-2007 թթ. իրենց հավելավճար չեն տվել: Սկսվեց նամակագրությունը կառավարություն-նախարարություն, անձամբ եմ մի քանի անգամ գնացել Մեծամոր, հանդիպել ատոմակայանի տնօրենի հետ, աշխատանքի տեսչությունը գրեց, որ պարտավոր են տալ, եւ արդյունքում ժողովրդին վերադարձվեց 690 մլն դրամ: Սա հաջող դեպքի օրինակ է: - Այդպիսի օրինակները շա՞տ են: - Կան լավ օրինակներ, բայց, իհարկե, չհաջողվածներն ավելի շատ են: Մարդիկ գալիս են, ուզում են իրենց դարդը պատմել ու դու լսես, դրանից հետո իրենց դարդի վերաբերյալ բողոք գրես: Երբ ասում ես` գրավոր ներկայացրեք, ասում են` ի՞նչ գրեմ: - Լինու՞մ են դեպքեր, երբ Ձեզ խեղաթյուրված են ներկայացնում փաստերը: - Այո, նախկինում շատ է եղել, ես միամիտ հավատում էի, գնում ու սկսում էի...հետո շատ վատ իրավիճակներում եմ հայտնվել, եւ հետո ում մոտ որ գնում էի, այդ մարդիկ ինձ հակառակն էին ապացուցում: Հիմա ավելի ուշադիր եմ: - Իսկ մարզեր այցելո՞ւմ եք: - Այո, նախորդ շաբաթ ես ու Արմեն Մարտիրոսյանն էինք գնացել: Գյումրիում ենք եղել, Էջմիածնում, Վանաձորում, Տավուշում` Իջեւան, Դիլիջան: Գյումրիում եւ Վանաձորում դիմումները շատ էին, խնդիրները նույնն են հանրապետության բոլոր շրջաններում: - Խորհրդարանում Ձեր խմբակցության օրենսդրական նախաձեռնությունները հիմնականում չեն ընդունվում, իսկ պետական մյուս մարմինների դռները «Ժառանգության» պատգամավորների առջեւ բա՞ց են: - Մեր առջեւ բոլոր դռներն էլ բաց են, օրենսդրական նախաձեռնությունները չեն հաջողվում, որովհետեւ այդտեղ պարզ մաթեմատիկական հաշվարկ է (131 պատգամավորներից միայն 7-ն են «Ժառանգություն» խմբակցությունից - Ա.Ղ.): Իսկ նախարարությունները շատ պարտաճանաչ պատասխանում են մեր դիմումներին, քաղաքապետարանն է, որ հաշվի չի առնում որեւէ ժամկետ, քաղաքապետարանից եթե նույնիսկ ուշացումով պատասխան ստանում եմ, գոհ եմ լինում: Հ.Գ. 2009 թվականին «Ժառանգությունը» քաղաքացիներից ստացել է 562 դիմում, իսկ այս տարի` մոտ 250:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter