HY RU EN

Էդիկ Բաղդասարյան

Հայկական եթերի հետքերով-2

Սկիզբը

Հայաստանի հեռուստաշուկայի ձեւավորման «հերթական» փուլը մոտենում է ավարտին, առաջիկա շաբաթներին հայտնի կդառնան այդ շուկայի հիմնական խաղացողների անունները, եւ, ամենայն հավանականությամբ, հեռուստաընկերությունների սեփականատերերի փոփոխություն կլինի: Չորս հեռուստաընկերություններ արդեն «պատրաստ» են լիցենզիան զիջելու:

Միանշանակ է, որ որեւէ նոր ընկերություն հեռարձակման լիցենզիա չի ստանալու: Նոր մրցույթում հաղթող հեռուստաընկերությունների անունները հայտնի են, անհայտ է միայն, թե վերջնական արդյունքում ինչպիսի դասավորումներ կլինեն, ովքեր կտիրանան այս կամ այն հեռուստաընկերության բաժնեմասերի վերահսկիչ փաթեթին: Իսկ առայժմ շարունակենք ներկայացնել գործող հեռուստաընկերությունների սեփականատերերին եւ սպասվող փոփոխությունները:

«ԱՐ հեռուստաընկերության» խմբագրություն

Հիմնադիրը «ԱՐ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն է: ՍՊԸ-ի հիմնադիրները երեքն են. 1. Վարդանյան Հրանտ Միքայելի - 68%: 2. Ալագուլյան Սիլվա - 16%: Ալագուլյան Սիլվան նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի` Ջավախքի հարցերով խորհրդական Ստեփան Մարգարյանի կինն է: Ս. Մարգարյանին վարչապետ Տիգրան Սարգսյանն ազատել է աշխատանքից, այդ հաստիքն այլեւս գոյություն չունի: 3. Սահարյան Լյուդմիլա - 16%: Նա Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանի կինն է: Նախկինում այս ընկերությունում 17% բաժնեմասի սեփականատերը Մերուժան Տեր-Գուլանյանն էր, այժմ` «Արարատ» հեռուստաընկերության տնօրենը: Նա իր բաժնեմասը 2002 թ. վաճառել էր «Գրանդ Հոլդինգի» նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Վարդանյանին: Վաճառքի պահին պատգամավորին էր պատկանում հեռուստաընկերության բաժնեմասերի 51%-ը, գործարքի արդյունքում այն դարձավ 68%: Սիլվա Ալագուլյանն ու Լյուդմիլա Սահարյանը հեռուստաընկերության կառավարմանը չեն մասնակցում: Հիշեցնենք, որ Հրանտ Վարդանյանը «Ար»-ի սեփականատերը դարձավ 2003-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Այդ ժամանակ նա ընդգրկված էր «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ցուցակում: Կարծես թե, արդեն որոշված է, որ հուլիսի 20-ին այս հեռուստաընկերությունը լիցենզիա չի ստանալու:

«Հայրենիք-թիվի» հեռուստախմբագրություն

Հիմնադիրը «Հայրենիք-թիվի» ՍՊԸ-ն է: Հիմնադիր կապիտալը 1 մլն դրամ է: ՍՊԸ-ի հիմնադիրները երկուսն են` 1. Հրանտ Վարդանյան - 95% (950 000 դրամ): 2. Սամվել Գրիգորյան - 5% (50 000 դրամ): Բաժնեմասերի համամասնությունից երեւում է, որ երկրորդ բաժնետերը ձեւական է: Հեռուստախմբագրության ձեռքբերման ժամանակ Հրանտ Վարդանյանն ԱԺ պատգամավոր էր:

«Հայկական երկրորդ հեռուստաալիք»

Հիմնադիրը «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն է: ՍՊԸ-ի հիմնադիրները երկուսն են` 1. Մայրապետյան Սամվել - 50%: 2. Մարտինյան Նատալյա - 50%: Սամվել Մայրապետյանը գործարար է, հայտնի է քաղաքի կենտրոնում էլիտար շենքերի շինարարության բիզնեսով: Երկրորդ հիմնադիրը` Նատալյա Մարտինյանը, ամենայն հավանականությամբ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին փոխկապակցված անձ է: Արմեն Գեւորգյանը եւ Սամվել Մայրապետյանը մտերիմ ընկերներ են եւ, ըստ մամուլի հրապարակումների, նաեւ համատեղ բիզնես ծրագրեր են իրականացնում: Փոխվարչապետից փորձել ենք ճշտել` արդյո՞ք Ա. Գեւորգյանը «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ -ի սեփականատերերից մեկն է: Որոշ ժամանակ անց փոխվարչապետի մամլո քարտուղարը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այդ տեղեկատվությունը, միայն խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել հեռուստաընկերությունից: Առայժմ հնարավոր չի եղել պարզել, թե ով է Նատալյա Մարտինյանը եւ ինչ կապ ունի Արմեն Գեւորգյանի հետ: Հայաստանի երկրորդ հեռուստաալիքն իր խմբագրական քաղաքականությամբ ավելի զգուշավոր է, քան Հանրային հեռուստաընկերությունը: Սա, իհարկե, կապված է նաեւ հիմնադիրներից մեկի` Սամվել Մայրապետյանի հետ: Գործարարն ընդհանրապես շատ զգուշավոր է: Միաժամանակ կան տեսակետներ, որոնց համաձայն` հեռուստաընկերության կառավարմանը մասնակցում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը:

«Ա-Թիվի»

Հիմնադիրը «Ա-Թիվի» ՍՊԸ-ն է: Սա նախկին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունն է: Հեռուստաընկերության նախկին սեփականատեր Արմեն Ամիրյանը այժմ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է: 2008-ին կատարվել է սեփականատերերի փոփոխություն: Նոր սեփականատերերը երկուսն են` 1. «Հոպար Մեդիա» ՍՊԸ: «Հոպար Մեդիա» ՍՊԸ-ի հիմնադիրը եւ սեփականատերը Օթարի Հակոբյանն է: 2. Վահե Ղազարյան: «Հոպար Մեդիա» ՍՊԸ-ի իրական սեփականատերը Արթուր Ջանիբեկյանն է` «Comedy Club Production» ՍՊԸ-ի գլխավոր պրոդյուսերը: Նա Միքայել Մինասյանի (նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի) հետ մասնաբաժին ունի «Ջազվե» սրճարանների ցանցում: Արթուր Ջանիբեկյանը համարվում է հաջողակ գործարար, նրա կարողությունը գնահատվում է 40 մլն դոլար: Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «Արմենիա» հեռուստաընկերության բաժնետերերից մեկը` Ջերալդ Գաֆեսճյանը, վաճառել է ընկերությունում իր հիսուն տոկոս մասնաբաժինը: Ջ. Գաֆեսճյանը վերջին ամիսներին առողջական լուրջ խնդիրներ ունի եւ սկսել է վաճառել Հայաստանում իր ունեցած ընկերությունները: Հետքի աղբյուրները հայտնել են, որ «Արմենիայի»` Գաֆեսճյանի հիսուն տոկոս բաժնեմասը ձեռք է բերել նույն Արթուր Ջանիբեկյանը: Ավելին` վերահսկիչ փաթեթի ձեռքբերման շուրջ բանակցություններ են վարվում Բագրատ Սարգսյանի հետ: Արթուր Ջանիբեկյանը, ըստ Հետքի աղբյուրի, ձեռք է բերել նաեւ Գաֆեսճյանի «Արմենիան Ռիփորթեր» թերթը:

«Հայ ԹԻ ՎԻ» հեռուստախմբագրություն

Հիմնադիրը «Շարկ» ՍՊԸ-ն է: «Շարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Գագիկ Բունիաթյանը եւ Արման Սահակյանը: Վերջինս գործարար է, համարվում է Միքայել Մինասյանի ընկերը: Վերջին երկու տարում նա կարողացել է որոշակի դիրք գրավել հայկական մեդիա շուկայում` tert.am, armsport.am կայքէջերը (հայկական համացանցում սրանք առաջին տասնյակում են), «Կապիտալ» օրաթերթը: Արման Սահակյանի կողմից հեռուստաընկերության ձեռքբերումը մեդիա դաշտում դիրքերն ամրապնդելու ուղղությամբ հերթական քայլն էր:

«Դար-21» հեռուստաընկերության խմբագրություն

Հիմնադիրը «Դար-21» հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունն է: Հիմնադիրները չորսն են` 1. Աղաբաբյան Նաիրա 2. Աղաբաբյան Աշոտ 3. Պոպովյան Անահիտ 4. Աբրահամյան Գագիկ: Առաջին երեք բաժնետերերը գրանցված են Գյումրիում` Լենինական 16-6 հասցեում, նրանք ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանի ընտանիքի անդամներն են: Նաիրա Աղաբաբյանը պատգամավորի դուստրն է, Անահիտը` կինը: Իսկ չորրորդ բաժնետերն, ըստ երեւույթին, ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանն է, հայտնի գործարար Արա Աբրահամյանի եղբայրը:

«Կենտրոն» հեռուստաընկերություն

Հիմնադիրը «Մուլտի Մեդիա-Կենտրոն Թիվի» ՓԲ ընկերությունն է: Երբ ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը այս ընկերությունը վաճառեց, ըստ մամուլի տարածած տեղեկությունների` այն գնեց ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը: Վերջինս Գագիկ Ծառուկյանի խնամին է: Հեռուստաընկերության փաստացի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: Տարբեր հարցազրույցներում նա դա չի հերքել: Ամեն դեպքում, բաժնետերերը հայտնի չեն: Քաղաքական առումով առանձնահատուկ դերակատարություն էր վերապահված «Կենտրոն» հեռուստաընկերությանը: Այն ստեղծվեց իշխանությունների կողմից «Ա1+»-ի հարցը լուծելու համար, եւ այդ պահին կապուղու հեռարձակման լիցենզիան ստացած «Շարմ» ընկերությունը քաղաքական պատվերը կատարեց, սակայն որոշ ժամանակ անց հայտնվեց անորոշ վիճակում: «Շարմ»-ին պետք չէր «Կենտրոնը», եւ շուտով այն վաճառվեց ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Այդ ընթացքում «Կենտրոնը» որոշակի օբյեկտիվությամբ եւ չեզոքությամբ էր լուսաբանում քաղաքական գործընթացները: Բայց բոլորը հասկանում էին, որ դա իշխանության ընդդիմախոսներին ցույց տալու համար է արվում, թե իբրեւ Հայաստանում կա «խոսքի ազատություն», թե «Ա1+»-ն այլընտրանք ունի: 2004 թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը խաղաղ հանրահավաքի ցրման արարողութան կադրերը միայն «Կենտրոնի» եթերում ցուցադրվեցին: Սրա համար Արսենյանը պատժվեց, նա անցել էր ռուբիկոնը: Որոշ ժամանակ անց` ապրիլի 24-ին, Գուրգեն Արսենյանը հեռուստաընկերությունը «վաճառեց» հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր, գործարար Մուրադ Գուլոյանին: Վերջինս 2007-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրվեց:

«Ա. Լ. Մ. - ՀՈԼԴԻՆԳ» հեռուստախմբագրություն

Հիմնադիրը «Ա.Լ.Մ.-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն է: Միակ բաժնետերը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է: Ռուսաստանից եկած գործարարն այն հիմնադրել է 2000 թ.: Նա կուսակցության առաջնորդն է, եւ նախընտրական փուլում հեռուստաընկերությունը բացառապես կուսակցության քարոզչությամբ է զբաղվում: «ԱԼՄ»-ն նույնպես առաջիկա մրցույթում կզրկվի լիցենզիայից:

«Երեւան - Պրոմեթեւս» հեռուստաստուդիայի խմբագրություն

Հիմնադիրը «Երեւան» հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն է: Ի տարբերություն մյուս ՓԲԸ-ների, այս ընկերության մասին պետռեգիստրում առկա էր բաժնետերերի մասին տեղեկատվություն: Ըստ այդմ` ընկերության միակ բաժնետերը Վարշամ Ղարիբյանն է: Վարշամ (Յուրա) Ղարիբյանը «Շանթ» ընկերության սեփականատերն է: Նաեւ «Էլիտ Շանթ» ընկերության նախագահն է, «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատերերերից մեկը: Վարշամ Ղարիբյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է: Երկու եղբայրների` Մանվել եւ Վարշամ Ղարիբյանների ընդհարման ժամանակ գլխավոր դատախազը, ըստ մամուլում եղած հրապարակումների, ակնհայտորեն պաշտպանում էր Վարշամ Ղարիբյանին: Այս հեռուստաընկերությունն էլ լիցենզիա չի ստանալու կայանալիք նոր մրցույթում:

«Շանթ» հեռուստաստուդիայի խմբագրություն

Հիմնադիրը «Շանթ» ՍՊ ընկերությունն է: «Շանթ» ՍՊԸ-ն հիմնադրել է Արթուր Եզեկյանը 1994 թ. Գյումրիում: Հիմնադիր կապիտալը 203 մլն 320 հազար 900 դրամ է: Հիմնադիրները երկուսն են` 1. Եզեկյան Արթուր - 52% (105 մլն 726 հազար 868 դրամ): 2. Մինաս Արմեն - 48% (97 մլն 594 հազար 32 դրամ), (ԳՖՀ, Վալդբրոն, Տերաստյան Կնեյֆ): Արմեն Մինասը իրանահայ գործարար է: Պարբերաբար մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, թե «Շանթ» հեռուստաընկերության բաժնեմասերի հիմնական մասը գնել է հայտնի օլիգարխ Միքայել Բաղդասարովը: «Հետքի» հարցին` ճի՞շտ է այդ տեղեկությունը, Մ. Բաղդասարովը պատասխանել է հարցով` «Իսկ ինչու՞ ոչ «Նյու Յորք թայմսը»»: Նախկինում նա ասել էր նաեւ, թե իրեն չի հետաքրքրում մեդիա բիզնեսը: Վերջին շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ Մինաս Արմենի 48% բաժնեմասը ձեռք է բերում նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը` գործարար Սամվել Կարապետյանը: Սակայն վերջինս չի ցանկանում բավարարվել 48%-ով, բանակցություններն ընթանում են վերահսկիչ փաթեթի ձեռքբերման շուրջ: Հեռուստաշուկա մտնելու ցանկություն ունեն նաեւ այլ գործարարներ եւ քաղաքական ուժեր: Հեռուստաընկերություն է ցանկանում ձեռք բերել «Տրոյկա Դիալոգ» ընկերության եւ «Ամերիա» բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանը: Ինչքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, այսօր դժվար է ասել: Այն, որ Ռ. Վարդանյանը Հայաստանում գործունեություն ծավալելու հավակնություններ ունի, ակնհայտ է: Եւ նրան ամենեւին էլ չի խանգարի իր նպատակներին հասնելու համար ունենալ նաեւ սեփական հեռուստաընկերություն: