Ֆուտբոլի ստվերն ընդդեմ Հայաստանի
Մի քանի օրից ավարտվելու է համաշխարհային ամենամեծ մարզական իրադարձությունը` առաջին անգամ Աֆրիկայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը, որը միլիոնավոր մարդկանց կյանքում այս օրերին դարձել է առաջնահերթ ու հրատապ իրադարձություն` կրքերի թեժությամբ եւ վտանգավորությամբ: Երկար ժամանակ է անցել այն օրից, երբ ֆուտբոլը միայն ամենապոպուլյար մարզաձեւը չէ, այն առաջին հերթին շատ խոշոր բիզնես է:
Ժամանակ առ ժամանակ արտասահմանյան մամուլում տպա-գրվում են սկանդալային հետաքննություններ եւ բացահայտումներ, որոնք մերկացնում են ֆուտբոլի բիզնեսում առկա կոռուպցիոն երեւույթները` կապված ֆուտբոլային հանդիպումների ցանկալի արդյունքների վաճառքի հետ:
Նման վտանգավոր խաղերի միջոցով ֆուտբոլային խոշոր ստվերային չինովնիկների գանձարանները լցվում են միլիոններով, իսկ որոշ ֆուտբոլասերներ կորցնում են աշխատանք, քուն, բնակարան, հոգեկան ինքնատիրապետում:
Սովորաբար, նման սկանդալներից հետո խորհրդավոր լռություն է տիրում ֆուտբոլային մամուլում, բայց հանրային գիտակցության մեջ չափազանց թարմ է մնում այն համոզմունքը, որ երկու հավաքականների խաղի անկանխատեսելի ցանկացած արդյունք կարող է վաճառված խաղի հետեւանք լինել:
Հայաստանը չի կարող նման ֆուտբոլային ստվերի համաշխարհային իրականությունից կտր-ված լինել. ողջ հանրապետությունը լցված է բազմապիսի բուքմեյքերական գրասենյակներով եւ սրճարաններով, որոնք Աշխարհի առաջնության օրերին իրենց այցելուներին գրավելու համար ֆուտբոլային խաղին ուղիղ եթերով հետեւելու եւ խաղադրույքներ կատարելու հնարավորություններ են ստեղծել:
Ի տարբերություն այլազգիների, ովքեր խաղադրույքներ կատարում են հիմնականում հայրենասիրական նկատառումներով, զուտ սեփական հավաքականի կամ ֆուտբոլիստի խաղի հաջողությանը զորակցելու նպատակով, Հայաստանում այդ խաղադրույքները հիմնականում կատարվում են հարստանալու մոլուցքով:
Խաղադրույքները մեզանում չեն կատարվում հաճույքի համար, ինչը նշանակում է, որ խաղի ոչ ցանկալի ելքը հղի է վտանգավոր հետեւանքներով: Միեւնույն ժամանակ, խաղամոլության խորհրդային սովորույթները դեռեւս արմատավորված են հայերի մեջ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր սովորական ֆուտբոլասեր կարող է դառնալ պոտենցիալ խաղամոլ` պատրաստ կորցնելու սեփական բնակարանը, կուտակած հարստությունն ու առողջությունը:
Ֆուտբոլ+գարեջուր=սեր
Երեւանում շատ քիչ են այն սրճարանները, որոնք ֆուտբոլային մարզաշապիկ չեն հագել: Նյարդային հայացքներն ու անսպասելի բացականչությունները վերջին օրերին բավականին առատ են մայրաքաղաքի այն սրճարաններում, որտեղ էկրաններ եւ խաղադրույքներ կատարելու բուքմեյքերկան կետեր կան:
Բացի ֆուտբոլի ուղիղ եթերի էկրաններից եւ բուքմեյքերական կետերից, սրճարաններում պահանջված է նաեւ գարեջուրը, որն ամբողջ աշխարհում չափազանց ներդաշնակ է ֆուտբոլի դիտումներին: Մատուցող Արմենը պնդում է, որ ֆուտբոլասերները գարեջրից բացի ոչինչ չեն պատվիրում. «Դե, մի տեսակ չի ուտվում այս առաջնությանը»,- կատակում է նա:
Առաջնությունը Հայաստանում. մեծ կորուստներ
Աշխարհի հերթական առաջնությունը, որն իր տարօրինակությունները սկսեց սեւ մայրցամաքի վուվուզելների աղմուկով, մարդկանց հիշողության մեջ կմնա նաեւ տարօրինակ խաղային հաշիվներով եւ հիմնական ֆավորիտների պարտություններով:
Խմբային մրցաշարի հենց սկզբից մեկը մյուսի ետեւից ֆավորիտ հավաքականները սկսեցին հիասթափեցնել երկրպագուներին: Ոմանց համար սիրելի հավաքականների խաղն արդեն իսկ ավարտված է:
Բուքմեյքերական գրասենյակներում եւ սրճարաններում, սակայն, եռանդն ու խաղային տրամադրությունը դեռեւս չեն ընկել, չնայած հայ խաղամոլներին ու ֆուտբոլասերներին մտահոգել է ֆուտբոլային համաշխարհային իրադարձության խորհրդավորությունը:
«Վիվառո» բուքմեյքերական գրասենյակներից մեկի աշխատակից Արմեն Սահակյանը հաստատում է այդ մտահոգությունը. «Եթե առաջին օրերին շատ էին խաղադրույքներ կատարում ֆավորիտների վրա ու հսկայական գումարներ կորցնում, ապա հիմա արդեն հակառակն են անում` մտածելով, որ սա օրինաչափություն է, տարօրինակ խաղադրույքներ են սկսել գրանցվել»:
Գումարներն, իսկապես, հսկայական են: Բուքմեյքերական կետերն առաջարկում են 700-ից ավելի հավանական ու անհավանական խաղադրույքներ: 500-ից 500000 դրամ խաղադրույք կատարելով` երկրպագուները կարող են շահել 1000-ից 2 մլն դրամ:
Ըստ որոշ խոսակցությունների` Իսպանիա-Շվեյցարիա հանդիպումից առաջ Հայաստանում Իսպանիայի հաղթանակի օգտին արված ընդհանուր գումարների մոտավոր թիվը կազմում էր 1 մլն ԱՄՆ դոլար, բայց Իսպանիան պարտվեց:
Իսկ Իտալիա-Սլովենիա հանդիպմանը գրանցված Իտալիայի պարտությունից հետո բուքմեյքերների շրջանում լուրեր էին պտտվում, թե ոմանք անշարժ գույք ու սեփականություն են կորցրել:
Մեծ ֆուտբոլի գաղտնի ստվերից կամ հավաքականների անկանխատեսելի խաղերից խաբված երկրպագուների ցանկը մեծ է: Բայց դրանից գումարներն ամենեւին էլ չեն պակասում:
Մեկ խաղադրույքով 500.000 դրամից ավելի դնել չի թույլատրվում, բայց մի քանիսի հանրագումարը եռակի ու քառակի գերազանցում է այդ թիվը. բուքմեյքերական կետերից մեկում գրանցված ամենամեծ խաղադրույքը 10 մլն դրամի է հասնում:
Բուքմեյքերական մեկ ուրիշ գրասենյակի աշխատակից Գեւորգը խոստովանում է, որ նման իրարանցում վաղուց չէր նկատվում: «Այս առաջնությունը աչքի է ընկնում անսպասելի ընթացքով, ու մարդկանց դուր է գալիս անկանխատեսելիությունը»,- ասում է նա: Ամբողջ օրը խաղադրույքներ ընդունելով` Արմենն ինքը չի խաղում:
«Ընկերներս երբեմն խաղում են, բայց ես` ոչ: Երբ ամեն ինչ ներսից ես տեսնում, զգուշավոր ես դառնում»,- խոստովանում է նա:
Առաջնությունը բոլորին է գամել էկրանին: «Գալիս են սեփական գծագրերով ու հավանականության տեսություններով, նստում, հաշվարկներ են կատարում: Խաղում են տարբեր տարիքի մարդիկ, նույնիսկ կանայք են շատ»,- ասում է Արմենը:
70-ամյա Հակոբը ամեն օր գալիս է բուքմեյքերական կետում ֆուտբոլ դիտելու: «Երբեմն անհարմար եմ զգում երիտասարդների մեջ, բայց չեմ կարող չգալ ու չերկրպագել»,- խոստովանում է նա եւ շեշտում, որ խաղադրույքներ գրեթե չի կատարում, նրան հետաքրքրողը խաղն է: Ֆուտբոլ մանկուց է սիրել ու մինչ օրս հավատարիմ է սիրելի սպորտաձեւին:
Խաղադրույքների հոգեբանական հետեւանքները
Աշխարհի խոշորագույն բուքմեյքերական կազմակերպությունները խաղադրույքների հետ մեկտեղ հոգեբանական ծառայություններ են առաջարկում:
Իհարկե, Հայաստանում նման ծառայություններ չկան, եւ ֆուտբոլային հանդիպումից առաջ գովազդով խրախուսվում է խաղադրույք կատարելը` առանց հոգեբանական հետեւանքների մասին իրազեկման:
Ծխախոտի եւ ոգելիչ խմիչքների դեպքում այդ իրազեկումը պարտադիր է Հայաստանի օրենքներով, սակայն խաղամոլության դեպքում նման օրինական պահանջ չկա:
Մինչդեռ բազմաթիվ հոգեբաններ ժամանակ առ ժամանակ պնդում են, որ խաղադրույքներ կատարելիս կորուստը կարող է անվերականգնելի հետեւանքներ ունենալ:
Առաջնության ավարտին սկսվում են սթրեսները
Մի քանի օրից, երբ ավարտվի Աշխարհի առաջնությունը, Հայաստանում շատերն են փորփրելու իրենց գրպանները` կորցրած փողերը գտնելու անհավանական ակնկալիքով:
Ոմանց հիասթափությունը կորցրած փողից կարող է երկարատեւ սթրեսների սկիզբ դառնալ, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել հասարակության վրա: Իսկ նման բարոյահոգեբանական վիճակի համար Հայաստանում իրավական առումով ոչ մեկը պատասխանատվություն չի կրում, ինչպես, օրինակ, հայկական ֆուտբոլի տեղում դոփելու համար:
Ռուզաննա Սաֆարյան
Մոմիկ Վարդանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել