HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ինչ-որ մեկը վատ է զգու՞մ, որ դատավորը օրինական ճանապարհով եկամուտներ ունի ու անկաշկանդ է»

Դատավորների էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանը «Հետքին» տված հարցազրույցում (մայիսի 20, թիվ 19) խոստացավ իր մոտ հրավիրել դատավորներին եւ քննարկել նրանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը` այդ մասին պարզաբանումներ տալով նաեւ մեզ: Օրեր առաջ էլեկտրոնային փոստով ստացանք Հանձնաժողովի պատասխանը: Գրության մեջ նախ նշված է, թե «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով որ տեղեկություններն են ենթակա հրապարակման, իսկ որոնք` ոչ: Ապա գրված է, որ հայտարարագրերն իրենց մեջ պարունակում են հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ինչպես նաեւ բանկային գաղտնիք, ուստի դրանց հրապարակումն արգելված է: «Այն հանգամանքը, որ Դուք տեղեկանքներն ուղարկել եք Էթիկայի հանձնաժողով` ճշտումներ կատարելու համար, հայտնում ենք, որ այդ հարցի կապակցությամբ կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որի արդյունքում Էթիկայի հանձնաժողովը գործին ընթացք տալու համար քննարկման առարկա հանդիսացող նյութեր չի հայտնաբերել»,- նշված է պատասխան գրության մեջ: Անշուշտ, այս պատասխանը չէր կարող մեզ գոհացնել, ուստի սկսեցինք մեր նախաձեռնությամբ ուսումնասիրել հայտարարագրերը եւ հանդիպել կոնկրետ դատավորների հետ: Առաջինը հանդիպեցինք վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի հետ: Նա հայտարարագրել է բավականին մեծ դրամական եկամուտ, ինչը լուրջ կասկածների տեղիք էր տվել, թեեւ Էթիկայի հանձնաժողովը դատավորի հայտարարագրում ոչինչ չէր «գտել»: Դատավորը, տեսնելով Պետեկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող գույքի եւ եկամուտների մասին տեղեկանքը, զարմացավ, որ ԶԼՄ-ներին այդ տեսքով են տեղեկություններ տալիս: «Սա հարկային ծառայության սխալն է, պետք է բարի լինեն տեղեկատվությունն ամբողջությամբ տան, որպեսզի հստակ երեւա, մանավանդ` ես չեմ արգելում, որ իմ հայտարարագիրը հրապարակվի: Որեւէ մեկին չեմ մեղադրում, բայց ես հիմա հասկացա, որ այդ տեղեկանքում գրվածով միայն վատը պետք է գրեք` առանց պարզելու, թե որտեղից են այդ եկամուտները գոյացել, քանի որ ձեզ ներկայացրածով հստակ չի երեւում»,- ասաց Տ. Սահակյանը: Այնուհետեւ «թյուրիմացությամբ չար հոդված չգրելու համար» մեզ տրամադրեց 2008 եւ 2009 թթ. այն հայտարարագրի պատճենը, որն ինքը ներկայացրել է Պետեկամուտների կոմիտե եւ Դատավորների էթիկայի հանձնաժողով: Որպես փոխկապակցված անձինք` հայտարարագրում նշված են նրա կնոջ` Սուսաննա Սարգսյանի եւ դստեր` փաստաբան Էդիտա Սահակյանի անունները, որոնց հետ էլ 2008 թ. հայտարարագրել է 5 շենք-շինություն` 2 բնակարան եւ 2 ավտոտնակ Վարդանանց փողոցում, ինչպես նաեւ առանձնատուն եւ հողամաս Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 3-րդ զանգվածում: Տիգրան Սահակյանը 2008 թ. 55 000 դոլարով վաճառել է «LEXUS-LS 470» մակնիշի ավտոմեքենա եւ նույն տարում 45 000 դոլարով գնել «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենա: Դատավորի հայտարարագրից երեւում է, որ նա 2008 թ. 55.729 դոլարով Բուզանդի փողոցում գնել է շենք-շինություն: Ինչ վերաբերում է դրամական եկամուտներին, ապա Տիգրան Սահակյանը 2008-ի սկզբում ունեցել է 8500 դոլար: Գումարը տարվա վերջին հասել է 65000 դոլարի: Աճել են նաեւ դրամով արտահայտված ֆինանսական միջոցները` 21 մլն-ից դառնալով 25 մլն: Դատավորը եկամուտներ ստացել է ոչ միայն իր հիմնական աշխատավայրից` վերաքննիչ քաղաքացիական դատարանից (տարեկան աշխատավարձը կազմել է 5.192.126 դրամ), այլ Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանից` 328.000 դրամ: Տ. Սահակյանը նաեւ 4 տարածք է վարձակալությամբ տվել անհատ ձեռնարկատերերին ու ՍՊԸ-ներին եւ վարձավճարի տեսքով ստացել եկամուտներ: Այսպես` 1.8 մլն դրամով «Արթուր Բաղդասարյան» Ա/ձ-ին վարձակալությամբ տարածք է տվել Նորագյուղում (անհատ ձեռնարկատերը զբաղվում է դեղատնային գործունեությամբ): «Հասմիկ Մեժլումյան» Ա/ձ-ն 1.2 մլն դրամով վարձակալել է դատավորին պատկանող տարածք Երեւանի Օրբելի փողոցում: Թբիլիսյան խճուղու վրա գտնվող տարածքը 480.000 դրամ վարձավճարով տրամադրվել է «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ին, որը հայտնի է կենցաղային իրերի, շինանյութերի, շինարարական արդյունաբերության արտադրանքի ներմուծմամբ: Կոմիտաս փողոցում 1.2 մլն դրամ վարձավճարով տարածք է տրամադրվել «Ֆրագրանս կոնսեփթ» ՍՊԸ-ին: Այս ամենով հանդերձ` Տիգրան Սահակյանը 2008-ին «ՎՏԲ» բանկ ՓԲԸ-ից վերցրել է 53.729 դոլարի վարկ: Նա «Հետքին» պարզաբանեց, որ վերցրած վարկով ձեռք է բերել «Գլենդել Հիլզի»` Բուզանդի փողոցում կառուցած շենքից բնակարան եւ հանձնել վարձակալության: Տ. Սահակյանի հավաստմամբ` ժառանգությամբ իրեն անցել է Վարդանանց փողոցի շինություններից մեկը` արտադրական տարածք, որը նույնպես վարձակալության է տրված: Նման տարածքներ ունի նաեւ դատավորի կինը: Ինչ վերաբերում է 2009 թ. հայտարարագրին, ապա այդ տարի ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքի գծով դատավորը առուվաճառք չի իրականացրել: Չեն փոխվել նաեւ 2 անհատ ձեռնարկատարերին եւ 2 ՍՊԸ-ներին տրամադրվող տարածքների վարձավճարները, աշխատավարձի չափը եւ այլն: Թեեւ զարմանալի է, որ դատավորի աշխատավարձը նույնն է մնացել, քանի որ 2009-ին դատավորների աշխատավարձերը բարձրացվել են: «Նախորդ տարվանից բարձրացել է մեր աշխատավարձը, ամսական մոտ 750 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, եկամուտներս քիչ չեն: Ամեն տարի աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք ենք վերցնում հաշվապահությունից եւ ըստ դրա էլ լրացնում հայտարարագիրը»,- ասաց նա: Եթե Տիգրան Սահակյանը ստանում է ամսական 750 հազար դրամ աշխատավարձ, ապա պարզ հաշվարկով նրա աշխատավարձը 2009-ին ոչ թե պետք է լիներ 5.192.126 դրամ, ինչպես հայտարարագրվել է, այլ 9 մլն դրամ: Այսինքն` նա մոտ 4 մլն դրամ քիչ է հայտարարագրել: Դատավորին հարցրինք` արդյոք ձեռնարկատիրական գործունեություն չէ՞ տարածքները մի քանի ՍՊԸ-ների վարձակալության հանձնելը եւ եկամուտ ստանալը: «Սեփականության իրավունքով ինձ պատկանող անշարժ գույք ունեմ, որը օրենքով սահմանված կարգով հանձնված է վարձակալության: Դրա դիմաց ստանում եմ վարձավճար եւ տնօրինում եմ իմ ուզած ձեւով: Այստեղ բիզնեսի մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Տիգրան Սահակյանը: Քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով` «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»: Տ. Սահակյանի գործունեությունը համապատասխանում է այս հոդվածին, եւ կարող ենք ասել, որ նա տարածքներ տալով վարձակալության տալով (այդ թվում` արտադրական) եւ եկամուտ ստանալով` զբաղվում է ձեռնարկատիրությամբ, ինչն օրենքով արգելված է: «Ինչ-որ մեկը վատ է զգու՞մ, որ դատավորը օրինական ճանապարհով եկամուտներ ունի ու անկաշկանդ է մնացած հարցերում: Ինձ թվում է` դա ողջունելի պետք է լինի: Բացահայտ կարող եմ ասել, որ բացարձակապես իմ աշխատանքում այլ առումներով կաշկանդված չեմ` ի շնորհիվ այս օրինական եկամուտների, որ ունեմ: Եթե որեւէ մեկը հակառակը կարող է պնդել, պատրաստ եմ քննարկել այդ հարցը»,- ավելացրեց Տ. Սահակյանը: Հ.Գ. Առաջիկայում տեղեկություններ կհրապարակենք այլ դատավորների ունեցվածքի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter