Մի բողոքի հետքերով
Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը սովորաբար պատրաստակամ է լրագրողիս հարցերին պատասխանելու, սակայն «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերաբերյալ հարցերին խիստ դժկամությամբ պատասխանեց:
«Շուրջ մեկ ամիս առաջ ձեզ մոտ եկե՞լ են Իջեւանի բժշկական կենտրոնի բուժքույրերը եւ դժգոհել, որ ցածր` 9-15 հազար դրամ աշխատավարձ են ստանում, որ Իջեւանի «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հրաչ Ներսիսյանը բարձր` հարյուր հազարավոր դրամ աշխատավարձ է ստանում»,- հարցնում եմ մարզի առողջապահության պատասխանատուին: «Չեմ ուզում պատասխանել այդ հարցերին, գրավոր գրեք: Ինչու՞ հանկարծ հիշեցիք այդ պահերը: Այդ ալիքը բռնե՞լ ես Ներսիսյանների: Ինչու՞ այդ ընկերությունից չես ճշտում, «Իջեւանի բժշկական կենտրոնը» փակ բաժնետիրական ընկերություն է, որ տնօրինում է իր բյուջեն»,- ասաց Կ. Դովլաթբեկյանը: Կ. Դովլաթբեկյանին կարելի է հասկանալ, որովհետեւ Հրաչ Ներսիսյանը տիկին Կարինեի քրոջ տեգրն է: Հրաչ Ներսիսյանը նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եղբոր` Աշոտ Ղուլարյանի քենակալն է, Կարինե Դովլաթբեկյանի քույրը` մանկաբույժ Արմինե Դովլաթբեկյանը, «Իջեւան բժշկական կենտրոն»-ում է աշխատում:

Հրաչ Ներսիսյանը պատրաստակամ ընդունեց եւ պատասխանեց մեր հարցերին: 1989 թ. օգոստոսից որպես բժիշկ աշխատող, 1998 թ. մայիսից Իջեւանի հիվանդանոցը ղեկավարող Հրաչ Ներսիսյանը չհերքեց, որ բուժքույրերը գնացել են Կարինե Դովլաթբեկյանի մոտ. «Դա բողոք չի եղել: Ես ասել եմ` մարզպետարանում էլ տեղյակ պահեք: Կարինեն էլ շաբաթը մի անգամ այստեղ է լինում, իրեն էլ են ասում: Նախարարն օրումեջ այստեղ էր: Նախարարն էլ է տեղյակ, բոլորն էլ տեղյակ են: Նախարարը շատ ճիշտ պատասխան տվեց` շատ աշխատեք, շատ ստացեք, շատ հիվանդ ունեցեք»,- առողջապահության նախարարին նկատի ունենալով` ասաց Հրաչ Ներսիսյանը: Նրա վկայությամբ` հիվանդանոցի ֆինանսական վիճակը նախորդ տարվա համեմատ բարելավվել է: Հարցնում եմ, թե նախկինի նման ծննդաբերելու համար շատ հղիների Դիլիջան եւ Աչաջուր են տանու՞մ: «Նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ մեր հիվանդների թիվն աճել է 141-ով: 2009 թ. առաջին 5 ամիսներին վճարովի ծառայություններից մուտքագրել ենք 800 հազար դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 8 մլն դրամ»,- ասաց Հրաչ Ներսիսյանը: Նաեւ նշեց, որ հիվանդանոցի ծննդօգնության ծառայության դեմ պոլիկլինիկան նախկինում «սեւ PR» է արել. «Աշխարհում միակ տեղն է, որ կանացի կոնսուլտացիան մեր կազմի մեջ չէ»: Չնայած հիմնանորոգված հիվանդանոցում ծննդօգնության համար լավագույն պայմաններ կան, շարունակվում է հղիների հոսքը Դիլիջան: Երկու շաբաթ առաջ Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ղազարյանը հղիության հետ կապված ոչ բարվոք վիճակում Իջեւանի բժշկական կենտրոնից, առանց բժշկական հսկողության, ուղարկվել է Երեւան: Նրա բարեհաջող ծննդաբերությունը կատարվել է Դիլիջանի բժշկական կենտրոնում: Նույն ժամանակահատվածում Դիլիջանում է ծննդաբերել նաեւ Իջեւանի բնակչուհի Տաթեւիկ Դալլաքյանը: Չնայած ֆինանսական մուտքերին, Իջեւանի բժշկական կենտրոնի բուժքույրերի եւ սանիտարների աշխատավարձը ցածր է: Տնօրենին հարցրի բուժքույրերի աշխատավարձի չափի մասին. «Տարբեր է: Սկսած 16-17 հազարից, մինչեւ 60-70 հազար դրամ»: «Ձեզ մոտ 9-15 հազար դրամ աշխատավարձ ստացողներ կա՞ն»,- նորից հարցրի ես: Հրաչ Ներսիսյանն ասաց, որ սոմատիկ բաժանմունքում եւ վիրաբուժականում ցածր աշխատավարձով սանիտարներ կան: Նրա վկայությամբ` այստեղ բժիշկների աշխատավարձը սկսվում է 35 հազար դրամից եւ մինչեւ 300 հազար` կախված ծանրաբեռնվածությունից: «2009 թ. հունիսի 1-ից Կառավարության որոշումով ծննդօգնությունը անվճար, հավաստագրերով է կատարվում, ծննդօգնության ծառայության բոլոր աշխատակիցների աշխատավարձը, ինչպես ողջ հանրապետությունում, հաշվարկվում է բազային ֆիքսված աշխատավարձին գումարած բոնուսներ` կախված ծննդաբերության դեպքերի թվից»,- ասաց Հ. Ներսիսյանը: Նույն բժշկական կենտրոնի սանիտար Օֆելյա Հարությունյանը մեզ հայտնեց, որ իր ամսական միջին աշխատավարձը 10 հազար դրամ է, չնայած ամսվա մեջ 7-8 անգամ հերթափոխ է ունենում: Հարցրի` մի՞թե աշխատանքային օրենսգրքի խախտում չէ, որ բուժքույրը 15 հազար դրամ աշխատավարձ է ստանում: «Չէ, նրանց ժամը քիչ է, նրանց քիչ եմ աշխատեցնում, ծանրաբեռնվածություն չկա»,- ասաց տնօրենը: Հրաչ Ներսիսյանից ճշտեցի նաեւ իր աշխատավարձի չափը: Ասաց` իր աշխատավարձը տատանվում է, բժշկական կենտրոնի տնօրենի 150 հազար դրամ ռոճիկին գումարվում է նաեւ վնասվածքաբանի աշխատավարձը, բոնուսներ է ստանում նաեւ ծննդօգնությունից: «Մեր հիմնարկությունում ծննդօգնության գումարներից 11 տոկոսը, որպես բոնուս, տրվում է ադմինիստրացիային: Կախված ծնունդների թվից` իմ աշխատավարձն ավելանում է»,- ասաց տնօրենը: Ներսիսյանի խոսքերով` իր առավելագույն աշխատավարձը կազմել է 310 հազար դրամ: Նշեց, որ այդ թիվը հիշելով` կարող է սխալվել 10-15 հազար դրամի չափով: Նա առաջարկեց նայել աշխատավարձերի վճարման ցուցակները, ինչից ես հրաժարվեցի: «Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի հրամանով ժամը 14-ից 19-ը հիվանդանոց մուտքն անվճար է, մնացած ժամանակ մուտքի վճարը` 1500 դրամ: Ինչու՞»,- հարցրի: «Առավոտյան բժիշկների համայց, վիրակապումներ են կատարվում, նշանակումներ արվում, հիվանդներից անալիզներ են վերցվում, մինչեւ ժամը 14-ը այցերը մեզ խանգարում են: Քչերն են այդ ժամին հիվանդներին այցի գալիս, դրա համար վճարում: Հետո սահմանափակում կա, վճարելուց հետո մի հիվանդի մոտ 20 րոպեից ավելի այցելուն իրավունք չունի մնալու»,- պարզաբանեց Հ. Ներսիսյանը: 10 ամիս հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի ղեկավարների 2 հաստիքները համատեղելու վերաբերյալ ասաց, թե դա օրինական է արվել. ինքը մարզպետի կողմից նշանակվել է այդ երկու հիմնարկների տնօրենների պաշտոնակատար, մինչ օպտիմալացման արդյունքում ձեւավորվել է «Իջեւանի բժշկական կենտրոնը»: Տնօրենի հետ շրջեցի Համաշխարհային բանկի 2 մլն 300 հազար դոլար ֆինանսավորմամբ հիմնանորոգված, արդիական բժշկական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնում, որի բացումը երկրի նախագահի մասնակցությամբ կատարվեց ապրիլի 9-ին: Տպավորիչ մաքրություն էր, Հրաչ Ներսիսյանը ցույց տվեց բժշկական նոր սարքավորումները: Սակայն 77 (նորմայով` 70) մահճակալ ունեցող հիվանդանոցում մեր այցելության ժամանակ 20 հիվանդ կար: Աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզային բաժնում մեր այն հարցին` արդյոք օրինակա՞ն էր Հրաչ Ներսիսյանի կողմից հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատարի 2 հաստիք զբաղեցնելը, ասացին, թե պետք է ուսումնասիրել` արդյոք նրա աշխատանքային ծանրաբեռնվածությունը, աշխատանքային ժամերը հնարավորություն տվե՞լ են երկու հաստիք զբաղեցնելու, թե՞ ոչ: Բաժնում նաեւ չցանկացան պարզաբանել, թե արդյոք ճի՞շտ է այն տեղեկությունը, որ աշխատանքի տեսչությունը 2009 թ. օգոստոսին Իջեւանի հիվանդանոցում ստուգումներ է կատարել եւ հիվանդանոցին տուգանել 900 հազար դրամի չափով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել