Հայաստանն ու ԱՄՆ-ը համակարծիք են բազմաթիվ հարցերում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանները հարցերին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսին
Սիրելի տկն պետքարտուղար, սիրելի Հիլարի, հարգելի գործընկեր,
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ: Առանձնահատուկ պատիվ է, որ Երևանում եք գտնվում հուլիսի 4-ին` Միացյալ Նահանգների անկախության օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ամերիկացիներին: Ձեր երկրի հիմնադիր հայրերը 234 տարի առաջ Անկախության Հռչակագրով հիմնելով անկախ Միացյալ նահանգները ապացուցեցին, որ ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին անկախության իրավունքից: Դա ապացուցեցինք նաև մենք` հայերս, ընդամենը երկու տասնամյակ առաջ կրկին վերականգնելով անկախ պետականությունը:
Անկախության հենց առաջին օրերից ամերիկացիները եղել են մեր կողքին: Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գնալով խորացել են: Հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումները աչքի են ընկնում թե՛ հաճախականությամբ և թե՛ խորը բովանդակությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Վաշինգթոն և հանդիպումը Նախագահ Բարաք Օբամայի հետ կարևոր հանգրվան հանդիսացավ մեր փոխըմբռնման խորացման և հարաբերությունների զարգացման առումով:
Անշուշտ մեր ժողովուրդների բարեկամության ամրապդման մեջ առանձնակի դերակատարում ունի ամերիկահայ համայնքը:
Հայաստանը և Միացյալ Նահանգները համակարծիք են միջազգային հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերում: Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության: Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել և ոչ թե ռազմատենչ վարքագիծ ցուցաբերել: Մենք համամիտ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանի: Մենք համակարծիք ենք տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանման հարցում: Մենք կիսում ենք շուկայական տնտեսության և ժողովրդավարական արժեքների զարգացման տեսլականը:
Մենք համոզված ենք, որ կա մեծ ներուժ, որը պետք է օգտագործել առավել ընդլայնելու և զարգացնելու հայ-ամերիկյան համագործակցությունը: Մենք պայմանավորվել ենք հետամուտ լինել բարեկամանական գործընկերության հետագա ամրապնդմանն ու խորացմանը:
Հանրապետության Նախագահի և պետքարտուղարի միջև հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս, ինչպես նաև մեր համագործակցության առավել սերտացմանն առնչվող այլ հարցերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Միացյալ Նահանգների կողմից իրականացվող Հայաստանի զարգացմանն օժանդակող ծրագրերին եւ դրանց ընդլայնման հնարավորություններին, տնտեսական համագործակցության ակտիվացմանը:
Հարգելի տիկին պետքարտուղար, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու գործում: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ձեզ հետ տարբեր ձեւաչափերով եւ զանազան հարթակներում, բայց ինձ համար առանձհատուկ հաճելի է հյուրընկալել Ձեզ Երեւանում։
Կրկին ողջունում եմ Ձեզ, Ձեզ ուղեկցող պատվիրակության անդամներին: Բարով եք եկել Հայաստան։
Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ։
Խնդրեմ:
Christoph Shmidt, AFP: Տկին քարտուղար, Դուք բավականին էներգիա ներդրեցիք այսօր Լեռնային Ղարաբաղի քննարկումներում: Երկու նախագահների հետ խոսելուց հետո էլ Դուք դեռ հույսեր ունեք: Եվ պարոն նախարար, Բաքվում պետքարտուղարն ասաց, որ որոշակի առաջընթաց կա այս հիմնահարցում: Ձեր նախագահը վերջերս հանդիպեց նախագահ Ալիեւին Սանկտ-Պետերբուրգում: Կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել այդ առաջընթացի վերաբերյալ: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան: Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո ես հայտարարել էի, որ եւս մի կարեւոր հանգրվան գրանցվեց բանակցությունների գործընթացում. կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն հիման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր, այսինքն մինչ սանկտ-պետերբուրգյան հանդիպումը, երբ կողմերին ներկայացվեց մադրիդյան առաջարկների նոր վերջին տարբերակը:
Մի քանի օր առաջ այստեղ էին նաեւ եռանախագահները, որոնց հետ մենք քննարկեցինք ինչպես շարունակել բանակցությունները այս պայմանավորվածությունների հիման վրա, նաեւ նախարարների մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը հուլիսի 16-ին` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Այս գործընթացի կարեւոր խթան էր վերջին հայտարարությունը, որն արվեց եռանախագահող երկրների նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի կողմից` Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ: Եռանախագահների հետ համատեղ ջանքերը մենք պետք է շարունակենք այս բոլոր պայմանավորվածություններին համահունչ:
Արա Թադեւոսյան, «Մեդիամաքս»: Հարցս ուղղում եմ տիկին պետքարտուղարին: Տիկին պետքարտուղար, չնայած Հայաստանի Հանրապետության նախագահը իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ Թուրքիայի` հարեւանների հետ զրոյական խնդիրների քաղաքականությունը տալիս է զրոյական արդյունք, այնուամենայնիվ մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես արագ եւ արդյունավետ Թուրքիան լուծեց Իրանի միջուկային խնդիրը, ապաշրջափակեց Պաղեստինը, կայունացրեց Իրաքը եւ այս համատեքստում ինչպես եք գնահատում այն փաստը, որ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պարտավորությունը, որն ի դեպ ստանձնել էր Ձեր ներկայությամբ: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան: Ես կցանկանայի օգտագործել այս առիթը` շնորհակալություն հայտնելու համար Միացյալ Նահանգներին, նաեւ պետքարտուղարին իր անձնական ջանքերի համար, այն մեծ աջակցության որ ցուցաբերվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացին: Մենք համամիտ ենք Միացյալ Նահանգների հետ, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների, հարգել պայմանավորվածությունները, եւ մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ երբ որ Անկարան եւս նորից պատրաստ կլինի շարժվել առաջ, կարգավորել հարաբերությունները` առանց նախապայմանների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել