
Ալբերտ Բաբաջանյանն այսօր զանգահարել էր «Հետքի» խմբագրություն, որպեսզի դժգոհություն արտահայտի իր նկատմամբ պետության վերաբերմունքից: 2005 թ. նա
պայմանագիր է կնքել Հայաստանի Հանրապետության եւ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի հետ, որով իրեն պատկանող Աբովյան 4/6 շենքի թիվ 3 բնակարանը հանձնել է «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին, իսկ վերջինս պարտավորվել է Բաբաջանյանին հանձնել իր կողմից կառուցվող բնակելի շենքի 2-րդ հարկից 50 քմ ընդհանուր մակերեսով բնակարան` 25 ամիսների ընթացքում: Պայմանագրով սահմանաված պարտավորությունները ժամանակին չեն կատարվել, եւ քաղաքացին դիմել է դատարան:
«Ես պայմանագիր եմ կնքել պետության եւ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի հետ, սակայն պետությունը չի մտահոգվում, որ պայմանագրի կետեր խախտվում են, ԾԻԳ-ի ներկայացուցիչը ոչ մի անգամ չի եկել դատարան»,- իր վրդովմունքն է հայտնում Ալբերտ Բաբաջանյանը:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, քաղաքացին պահանջում է պարտավորեցնել «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին պատշաճ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ թույլ տված կետանցի համար տուգանք վճարել:
Նախորդ դատական նիստին «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ներկայացնող փաստաբան Սեյրան Գրիգորյանը չէր ներկայացել եւ դատական նիստը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 30-ը: Ալբերտ Բաբաջանյանը մտահոգված է, որ դատարանը կարող է անարդարացիորեն որոշում կայացնել` հօգուտ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի, այդ պատճառով էլ ցանկանում է, որ պետության ներկայացուցիչը, իրավապաշտպաններն ու լրագրողները ներկա լինեն դատական նիստերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել