«Հետքի» հարցերին է պատասխանում ԱԺ «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
Արդյո՞ք այսօր Հայաստանում գործում են սահմանադրական կարգերը:
Ցավոք սրտի, Սահմանադրության ընդունման պահից մեր երկրում ետնահանջ է լինում սահմանադրական կարգը եւ ընդհանրապես Սահմանադրությունում ամրագրված իրավունքների հարգման եւ պաշտպանման ուղղությամբ:
Եւ ո՞վ է դրանում մեղավոր. միայն իշխանություննե՞րը:
Ոչ: Ես գտնում եմ, որ այսօրվա իշխանությունը չի ձեւավորվել օրինական ճանապարհով, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ ունեն իրենց մեղքի բաժինը: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է մեր իրավունքների համար պայքարենք, եթե դիմացի հասկանա, որ դու պատրաստ ես այդ իրավունքի համար զոհաբերությունների, նրան շատ դժվար կլինի այդ իրավունքը խախտել:
Նույնիսկ Ազատության հրապարակ մտնելու համար քաղաքացիներին բերման են ենթարկում ոստիկանական բաժին: Դժվար չէ՞ այս պայմաններում պաշտպանել սեփական իրավունքները:
Իհարկե, դժվար է, բայց այդ դժվարությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա: Մարդիկ չպետք է հիասթափվեն եւ առավել եւս լքեն իրենց հայրենիքը: Անկախ պետականությունը, որն ունենք այսօր, դրա համար մենք պետք է ամեն օր պայքարենք, հատակապես երբ այդ ինստիտուտները կայացած չեն:
Եւս քանի՞ տարի է մեզ անհրաժեշտ, որպեսզի սահմանադրությամբ ամրագրված օրենքները լիարժեք գործեն երկրում:
Մեզանից է կախված, եթե մենք ունենանք ցանկություն, ապա շատ արագ կարելի է դա իրագործել: Եթե մտածենք, որ ոչինչ չի փոխվելու, եթե յուրաքանչյուրս մեր տեղում դրսեւորենք անգործություն, պասիվություն, սա կարող է հանգեցնել ընդհուպ մինչեւ պետականության կորստի:
Այնուամենայնիվ, ամենավատը միայն նրանք չեն, ովքեր հրամաններ են տալիս, չէ՞ որ ընտրական տեղամասերում հրամաններ կատարողները հենց մեր հասարակության ներկայացուցիչներն էին, որոնք կեղծում էին ընտրությունները: Պետք է գիտակցել, որ այդ կեղծիքը քեզ բարօրություն չի բերելու, դու չես կեղծում իշխանավորի համար, այլ կեղծում ես քո ապագան:
Եթե բոլորս դա հասկանանք, նույնիսկ բոլորը չէ, եթե մենք ունենանք այդ առողջ կորիզը` 20-30 տոկոս, կկարողանանք արագ վերականգնել սահմանադրական կարգը:
Որքա՞ն տոկոս է այժմ կազմում այդ կորիզը:
Մենք ունենք այդ կորիզը, պարզապես 2008 թվականին եթե կառավարման պրոցեսները հմուտ կերպով տեղի ունենային, հնարավոր է` մենք արդեն հաղթահարած լինեինք: Հիմա կորիզը նորից համախմբվում է, ինքնակազմակերպվում է, եւ հնարավոր է, որ պրոցեսները շատ արագ տեղի ունենան, եւ մենք կարողանանք վերականգնել սահմանադրական կարգը:
Նկատո՞ւմ եք, որ վերջերս քաղաքացիական շարժումներն են ակտիվացել, եւ պայքարը, կարծես, այլեւս որեւէ քաղաքական դեմքի հետ չի ասոցացվում:
Անձինք, որոնց պատկերացնում ենք, որպես առաջնորդ, իհարկե, շատ կարեւոր են, նրանց ներկայությունը նույնպես կարեւոր է: Բայց շատ կարեւոր է նաեւ, որ մարտի յուրաքանչյուր զինվոր պատկերացնի, որ հաղթանակն իրենից էլ է կախված: Մենք հիմա մարտի դաշտում ենք, քանի դեռ չենք կարողանում մեր պատկերացրած պետությունն ունենալ, եւ յուրաքանչյուր անձ չպետք է ասի` սա իմ գործը չէ, այլ պետք է հասկանա, որ ինքը մարտիկ է, որից կախված է փոփոխությունը:
Մարտիկները վերջերս շատանո՞ւմ են երկրում:
Իհարկե, շրջաններ այցելելիս, քաղաքացիների հետ հանդիպելիս ես դա զգում եմ: Ես չեմ կարծում, որ մեր ազգը կորցրել է իր առողջ կորիզը եւ չունի հնարավորություն` դիմագրավելու այդ մարտահրավերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել