Արվեստային համայնքների ու համայնքային արվեստի ներկայացման հարցը` ամառային սեմինարում
Օգոստոսի 15-20-ին կմեկնարկի Արվեստի կուրատորների ամառային սեմինարների շարքը: Արվեստի Քննադատների ազգային ասոցիացիայի ամառային սեմինարների ամենամյա ծրագիրն իրականացվում է SCCA-Ljubljana–ի, Ստամբուլի «BM Suma» կենտրոնի, Ալմա–Աթայի SCCA-Alma-Aty կենտրոնի ու Կահիրեի «Townhouse» պատկերասրահի հետ համագործակցությամբ: Ամառային սեմինարը միավորում է տարբեր համատեքստերում գործող արվեստի համադրողներին` դասախոսությունների, գործնական սեմինարների, շնորհանդեսների եւ արվեստի տարածքներ այցելությունների եւ այլ միջոցառումներով:
Հինգերորդ ամառային սեմինարի թեմատիկ ընդհանուր շրջանակը արվեստային համայնքների ու համայնքային արվեստի ներկայացման հարցն է։ Բարձրացվող հարցերի թվում են արվեստի ընկալման գործում կոնտեքստուալ թարգմանության խնդիրը, այն դեպքում, երբ արվեստի գործն արտադրվել է ներկայից տարբեր տարածաժամանակային ու գաղափարաբանական պայմաններում։ Ո՞րն է ընկալման քաղաքականության մեջ կուրատորի դերն ու նշանակությունը։ Կարո՞ղ է արդյոք այլ պայմաններում ստեղծված գործը ներկայում ծավալվող դիսկուրսների մաս կազմել մեկնաբանության միջոցով։ Ի՞նչ կարգավիճակում է հայտնվում արվեստի գործը, երբ նպատակադրված ուղերձն ու հանդիսատեսն այլևս չկան։
Սեմինարի ծրագիրը բաղկացած է ամենօրյա դասախոսություններից, քննարկումներից եւ շնորհանդեսներից։ Տեսական մասը տեղի կունենա Երեւանում, օգոստոսի 15-17-ը: Սեմինարի երկրորդ եւ գործնական մասը պատրաստել են Արվեստի նախագծման ծրագրի շրջանավարտները: Ի թիվս այլ գործունեությունների` ասոցիացիան իրականացնում է կրթական այլընտրանքային` «Մշակութային նախագծում և լուսաբանում» 10-ամսյա դասընթացը: Առաջիկա 3 տարվա ընթացքում դասընթացը հավակնում է դառնալ հետբակալավրական կրթական ծրագիր` արվեստի համակարգողների եւ արվեստի լրագրության գծով։ Այսպես, «Հուշարձանի համայնքային ֆունկցիան» խորագրի ներքո նախատեսվող ցուցադրություններն ու քննարկումներն Իջեւանում կընթանան օգոստոսի 18-20-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել