Վանաձորի փողոցներին անհրաժեշտ է մոտ 5 հազար ցուցանակ
Վանաձորի մի շարք փողոցներում բացակայում են դրանց անվանումներն ու շենքերի համարները նշող ցուցանակները: Նախնական հաշվարկներով անհրաժեշտ է մոտ հինգ հազար ցուցանակ: Խոսքը ոչ միայն ծայրամասային, այլև կենտրոնական փողոցների ու շենքերի մասին է: Տարիներ շարունակ անանուն փողոցների ու չհամարակալված շենքերի խնդիրը լուծում չի ստանում ղեկավարության հիմնավորմամբ` բյուջեի սուղ հնարավորությունների պատճառով:
«Ամեն տարի դա բյուջեով նախատեսում ենք: Նույնիսկ անցած տարի նման մի կազմակերպություն գտանք, որը պատրաստում էր այդպիսի ցուցանակեր: Բայց գումար չլինելու պատճառով չկարողացանք դա իրագործել»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը:
Ըստ նրա` ֆինանսատնտեսական ճգնաժամը ևս իր ազդեցությունը թողել է. «էս տարի էլ նախատեսել էինք գոնե 3 մլն հատկացնել (3 մլն-ը հազիվ 5-6 փողոցի բավարարի) գոնե սկզբնական շրջանում քաղաքի կենտրոնական փողոցների համար, բայց էս ճգնաժամը իր գործն արավ: Մեր հիմնական եկամուտը, ֆոնդային բյուջեի հիմնական աղբյուրը հողերի աճուրդային վաճառքն է: Ցավոք սրտի աճուրդները 30-40 %-ով են կայանում: Հուլիսի 15-21-ը աճուրդներ ունենք հայտարարված, մոտ 29 մլն դրամի նախնական կադաստրային արժեքի գումարներ կան, մոտավորապես 3 մլն եմ ռեալ համարում, որ կկայանա»:
Վանաձորում եթե կան անվանակիր ցուցանակներ, ապա դրանք կամ սովետական ժամանակներից են պահպանվել, կամ նոր են փակցվում անհատների ջանքերով. «Տեղեր կան, որ պահպանվել են, տեղեր կան մարդկանց անշնորհքության պատճառով պոկվել, հանվել են: Ավելացել են նոր շինություններ, շինությունների տերերը իրենց ուժերով փակցրել են: Փոստային հասցեները քաղաքապետի որոշումով տալիս ենք. մարդ կա ինքը պատվիրում, տանում փակցնում ա»:
Փողոցների անվանացույցերի հետ կապված` ճարտարապետը մատնանշում է մեկ այլ` փողոցների անվանակոչության խնդիրը. Վանաձորի Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում կան փողոցներ, որոնք դեռևս իրենց շինարարական հասցեներով են անվանվում, օրինակ` ՔՇՀ 3: Սա շինարարական հասցե է, նշանակում է քաղաքաշինական համալիր: Սակայն, ըստ ճարտարապետի, այդ փողոցների անվանափոխությունը նպատակահարմար չէ, քանի որ բնակիչներն այդ հասցեում են հաշվառված, նրանց անձնաևրերում այդ հասցեն է նշված:
«Էդ փողոցի անունը փոխելը, նոր անուն դնելը էսօր բավականին ծախսերի հետ է կապված,-ասում է,-մարդիկ պիտի գնան անձնագրային բաժին, փոխեն էդ ամենը: Սա պիտի կատարվի քաղաքացիների հաշվին: էսօր մենք խուսափում ենք նման բաներից` ելնելով մարդկանց վիճակից»:
Նման բարդություններից խուսափելու համար նոր փողոց անվանակոչելիս այնպիսի տարածք է ընտրվում, որտեղ գրանցված մարդիկ չլինեն, ինչպես վերջերս Մհեր Մկրտչյանի անվան փողոցի ընտրությունը կատարվեց:
Ըստ Տ. Պապանյանի` թե' փողոցների վերանվանման, թե' փողոցներն անվանող ցուցանակների տեղադրման հարցն առայժմ չի լուծվի. «Առայժմ կմնա անվանակոչելը: Երբ որ կզգանք, որ մեր բնակիչներն ի վիճակի են էդ ծախսերը կատարելու, էդ ժամանակ անվանակոչություն կլինի: Էս տարի չեմ կարծում, որ հնարավորություն կլինի ցուցանակներ տեղադրելու: Մեր բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս էդ աշխատանքի վրա գումար դնելու: Չեմ կարծում, որ սա ամենակարևոր ծախսերից մեկն է, որ պիտի կատարենք: Ավելի կարևոր տեղեր ունենք էդ ևումարները ծախսելու»:
Օրինակ է բերում ճանապարհների բարեկարգման խնդիրը, բայց, ի դեպ, համայնքի ղեկավարներն այս հարցում էլ են «լաց լինում» միջոցների սղությունից և ոչ մի կերպ չեն տեղավորվում բյուջեի սահմաններում: Դեռ երկրորդ եռամսյակը չավարտված` փողոցների ասֆալտապատման համար հատկացված 60 մլնը ծախսելուց հետո նոր ֆինանսավորում են խնդրել ու ստացել, բայց նոր հատկացված 12 մլնն էլ է նրանց քիչ թվում:
Քաղաքի գլխավոր ճարտարապետն ընդունում է քաղաքում ցուցանակների բացակայության խնդրի գոյությումը, բայց և չի համարում այն հրատապ լուծում պահանջող հիմնախնդիր:
«20-30 տարվա աշխատող վարորդն անգիր գիտի փողոցները: Եվ ի պատիվ մեր տաքսի ծառայությունների ասեմ, որ նրանք իրենց բոլոր մեքենաներում արդեն ունեն JPS ծառայությունը` հասցեներով, շենքերի համարներով, քարտեզներով, կողմնորոշվում են»,-նկատում է:
Եվ վերջապես եթե փողոցի հասցեն չեն գտնում, կոմնորոշվում են տեղանքի նկարագրությամբ:
«Ինքս փողոցի անունով ասել եմ, չեն գտել, ասել եմ էս ինչ դպրոցի դիմացի շենքը, գտել են»,-ասում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել