Ուսումնասիրվում է գյուղմթերքը
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը «ՀՀ գյուղմթերքների ծանր մետաղներով աղտոտվածության ռիսկերի գնահատում» ԵԱՀԿ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հունիսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի, Քարկոփ եւ Նեղոց համայնքների Դեբեդ գետի մերձակա այգիներում եւ բանջարանոցներում անցկացրեց հետազոտություններ գյուղմթերքների տոքսիկական սանիտարական նորմաների համապատասխանությունը պարզելու համար:
«Ծրագիրն ուղղված է բնակչության իրազեկության բարձրացմանը: Շատ վայրերում հետազոտությունները ցույց են տվել , որ աղտոտված ջրով ոռոգված հողատարածքները ենթարկվում են աղտոտման , հողը սպունգի պես իր մեջ կլանում է ծանր մետաղները: Այդ հողերի վրա աճող բույսերը նույնպես հողից ստանում են այդ էլեմենտները: Արդյունքում հաճախ տեսքից շատ գեղեցիկ պտուղ-բանջարեղեն է արտադրվում, բայց, երբ տարրալուծում ենք , պարզվում է, որ տոքսիկ նյութերի պարունակությունները գերազանցում են նորմաները» ,- ասաց Էկոլոգանոոսֆերիկ կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:
Ըստ նրա` Հայաստանը ագրարային երկիր է եւ տնտեսության 60 տոկոսից ավելին հենված է ագրարագործության վրա: Այս տեսանկյունից էլ նա կարեւորում է գյուղմթերքների հետազոտությունը: «Թումանյանի տարածաշրջանում յուրահատուկ պտուղներ են աճում, օրինակ, թութ, մոշ, հոն, մորի, որոնք շատ մեծ պահանջարկ կարող են ունենալ ոչ միայն Հայաստանի տարածքում: Մարդիկ պետք է իմանան, ինչքան արժե վաղը գումարներ ներդնել, դրանց ոչ միայն աճեցնելու, այլև տեղում վերամշակելու համար: Եթե մենք խնդիր ունենք պարունակությունների հետ, ապա մարդիկ պետք է իմանան, որ իմաստ չունի դրանց արտադրությունը: Հակառակը, եթե պարզվի, որ ամեն ինչ շատ լավ է, ուրեմն պետք է ավելի խթանել հենց այդ ուղղությունը»,-ասաց Ա. Սաղաթելյանը:
Հետազոտությունը իրականացնող խումբը փորձանմուշները վերցրեց Դեբեդի երկայնքով սփռված տարածքից: Նմուշառման համար վերցրվեցին ոռոգման ջրի, հողի, ինչպես նաև թթի և ազնվամորու նմուշներ: Արմեն Սաղաթելյանը տեղեկացրեց, որ աշնանը նմուշառման համար կվերցնեն հասած միրգ եւ բանջարեղեն: «Սա նախնական հետազոտություն է , որից հետո աշնան վերջին Ալավերդու քաղաքապետարանում կպատմենք , թե Դեբեդի ջրով ոռոգվող այգիներից ինչ որակի գյուղմթերքներ են մտնում շուկա»,- ասաց տնօրենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել