HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Շարժվել է Հունիսի 18-ին Չայլուի միջադեպի ժամանակ հրազենային գանգուղեղային վնասվածք ստացած և դրա հետևանքով խորը կոմայի մեջ գտնվող զինծառայող Անդրանիկ Արզումանյանի մոտ երեկ բժիշկները ձեռքի շարժում են նկատել: Այս մասին թերթին հայտնել է զինծառայողի մայրը և ավելացրել, թե դա իրեն հույս է ներշնչում, որ տղան կկարողանա հաղթահարել մահվան սպառնալիքը և շատ շուտով դուրս կգա կոմայից: Մինչդեռ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը թերթին հայտնել է, որ տղայի ձեռքի շարժումն առողջական դրական տեղաշարժի մասին չի խոսում: Ըստ Միքայելյանի` ձեռքի շարժումը ոչ գիտակցված է եղել` վեգետատիվ, ինչն էլ բժիշկներին առիթ է տալիս ենթադրելու, որ երիտասարդի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Չնայած դրան` բժիշկները շարունակում են պայքարել զինծառայողի կյանքի համար: Խոստացել են աշնանը փոխել օրենքը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասասց. «Նախագահ Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի իմ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը և մտահոգություններ արտահայտեցի ԶԼՄ-ների ազատության առնչությամբ: Գիտեմ, որ ձեզնից շատերը մտահոգված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կառավարության վերջերս կատարած փոփոխություններով: Այդ մտահոգությունները կիսում են ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն և Եվրամիությունը: Ես արծարծեցի այս խնդիրը և պատասխան ստացա, որ կառավարությունը պաստրաստ է այս աշնանը վերանայել նախագիծը: Եվ անհամբերությամբ սպասում այս հատուկ հարցի կապակցությամբ աշխատելու ՀՀ կառավարության հետ»: Քլինթոնը չի հանդիպել հայաստանյան ընդդիմությանը Հայ ազգային կոնգրեսում շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իրենց հետ չհանդիպեց, քանի որ այստեղ հասկանում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, ԱՄՆ վարչակարգի կողմից Հայաստանում այլևս գործոն չի դիտվում: Իհարկե, տիկին Քլինթոնի աշխատանքային այցի խտությունը թույլ էր տալիս նման հեռուն գնացող եզրահանգումներ չանել, բայց բանն այն է, որ նա ցանկություն է հայտնել հանդիպելու վրացական ընդդիմության ղեկավար Նինո Բուրջանաձեի հետ, սակայն վերջինս հրաժարվել է: Իհարկե, Վրաստանում հանդիպման ձևաչափն այլ էր լինելու, ոչ թե ԱՄՆ պետքարտուղար-ընդդիմություն, այլ «կին առաջնորդներ», բայց նման մի ձևաչափ ցանկության դեպքում կարող էր գտնվել նաև հայաստանյան ընդդիմության համար, մանավանդ որ Վրաստանի վերաբերյալ հաղորդեցին, որ տեղի է ունեցել «հանդիպում Միխայիլ Սահակաշվիլու և ընդդիմության առաջնորդների հետ»: Նոր կուսակցությո՞ւն Ըստ հավաստի աղբյուրների` նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ է կրկին հանդես եկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա հավաստիացրել է, որ ի զորու է ստեղծել նոր քաղաքական ուժ` կազմված ոչ միայն ապարանցիներից, այլև մտավորականներից, երգիչ-երգչուհիներից, իշխանամետ ուժերից ու նաև ՀԱԿ-ի մի հատվածից: Սակայն նրան նախաձեռնությանը խիստ բացասական են վերաբերվել իշխանական վերնախավում ու նրա բանագնացին խորհուրդ են տվել օր առաջ մոռանալ դրա մասին: Նաև ակնարկել են, որ իշխանություններն անտարբեր չեն Հովսեփյանի տնտեսական գործունեության ու դրանից տուժած անձանց դժգոհությունների նկատմամբ: Հետախուզական հանդիպում Երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սերժ Սարգսյանը հանդիպել է Ղրղզստանի անցումային շրջանի նախագահ Ռոզա Օթունբաևայի հետ: «ՉԻ» - Ճանաչողական իմաստով այս հանդիպումն, անշուշտ, չափազանց կարևոր է Սերժ Սարգսյանի համար: Ի վերջո, անհրաժեշտ է «սկզբնաղբյուրից» տեղեկանալ, թե սովորաբար ինչ է տեղի ունենում այն երկրներում, որտեղ ժողովուրդն ապստամբում է իշխանությունների դեմ և երկրից վռնդում նախագահին ու նրա կլանի ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանին երևի հետաքրքրած կլինեն նաև այն մեխանիզմները, որոնցով նոր իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարում նախկին հանցավորների նկատմամբ, պահանջում նրանց էքստրադիցիան, փորձում ետ ստանալ թալանած միլիոնները և այլն: Եվ այնուամենայնիվ, զուտ ճանաչողական իմաստով այս հանդիպումը, անկասկած, թերի է եղել: Շատ ավելի ամբողջական պատկեր կստացվեր, եթե Սերժ Սարգսյանը մեկներ Մինսկ և մի հանդիպում էլ Բակիևի հետ ունենար: Ի վերջո, նրա ճակատագրի «նրբությունները» պիտի որ շատ ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնեն Սերժ Սարգսյանի համար` չնայած երևի իմաստ ունի ձեռք քաշել Բելառուսից և աչքի տակ այլ երկիր ունենալ: Դատելով ամեն ինչից` առաջինը Ալիևն է իր համար «տեղ արել» Բելառուսում: Առաջիկա հինգ օրերին ևս կլինի 38 աստիճան Ինչպես տեղեկացանք Հիդրոմետ ծառայությունից, առաջիկա հինգ օրերին հանրապետությունում կպահպանվի մինչև 38 աստիճան տաքություն: Հուլիսի 5-ին հանրապետությունում գրանցվել է 39 աստիճան, իսկ մինչև հուլինի 8-ը ջերմաստիճանը տարբեր վայրերում կնվազի 1-2 աստիճանով, երեկոյան ժամերին հնարավոր են անձրև և քամի: Արարատյան դաշտում առաջիկա օրերին ջերմաստիճանը կտատանվի 36-37 աստիճանի միջև: Հունիսի 8-10-ին օդի ջերմաստիճանը դարձյալ կբարձրանա մի քանի աստիճանով, էական տեղումներ չեն սպասվում: Հնարավոր է երեկոյան ժամերին քամու ուժգնացում: Այնպես որ, անհրաժեշտ է դիմանալ ևս 5 օր: Շախմատային կրքերը հանդարտվեցին Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» շարքի 4-րդ մրցաշարը: Առաջին մրցանակը նվաճեց Նանա Ձագնիձեն, որը մինչև վերջ պաշտպանեց առաջատարի դիրքը: Երեկ տեղի ունեցած վերջին տուրում Ձագնիձեն, ոչ-ոքի խաղալով չինուհի Յիվանի հետ, վաստակեց 9 միավոր: Հաղթողին 1,5 միավորով զիջեց Տատյանա Կոսինցևան, որը սպիտակներով պարտվեց Էլինա Դանիելյանին: Հայ շախմատիստուհին 6,5 միավորով 3-րդն է: Նույն արդյունքով 4-րդ տեղում է Լիլիթ Մկրտչյանը, որը միավորը կիսեց Բայիրա Կովանովայի հետ: Համանման ցուցանիշով 5-րդն է բուլղարուհի Անտոնետա Ստեֆանովան: Մյուս տեղերում են` Յիֆանը` 6, Կրամլինգը և Յանը` 5,5-ական, Չիբուրդանիձեն` 4,5, Յուհուան` 4,  Կովանովան` 3, Ֆիերոն` 1,5 միավորով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter