
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Հարություն Մովսեսյանի, շարունակվում է «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ընդդեմ Մուշեղ Հովհաննիսյանի քրեական գործի լսումը: Գործով անցնող 99 տուժողները մարզի Հայկավան եւ Ոսկեհասկ գյուղերից են: Դատական լսումների ընթացքում պարզվեց, որ վերջիններիս գրեթե նույն սցենարով առաջարկվել է ջրաչափական հանգույց որոշակի գումարի դիմաց եւ խոստում` տեղադրել 1 շաբաթից:
Եթե Հայկավանում ջրաչափերը գյուղացիները գնել էին 5 հազար դրամով, ապա Ոսկեհասկում գնային քաղաքականությունը փոխվել էր. 11 հազար դրամ արժեցող հանգույցը վաճառվել էր 3 հազար դրամով: Թե ինչու այս գնով` առայժմ պատասխան չկա: Դատարանում ցուցմունք տված տուժողները եւս այս հարցին չանդրադարձան: Դրա փոխարեն 2009թ-ի հոկտեմբերին քննիչի հորդորով բոլորն էլ գրեթե նույնաբովանդակ հայտարարություն են տվել, որ իրենց խաբել է ջրմուղի աշխատակիցը. 2008 թ.-ի դեկտեմբերին իրենց վաճառել է ջրաչափական հանգույց, խոստացել գալ ու տեղադրել մեկ շաբաթից եւ անհետացել մեկ տարով, այսպիսով` իրենց պատճառելով 3 կամ 5 հազար դրամի վնաս:
«Քննիչը թելադրել է, մենք էլ գրել ենք,-հայտարարում էին տուժողները»: Մինչեւ հիմա հարցաքննված 30 տուժողներից մեկ-երկուսն էին, որ տեսնելով, թե որքան է ձգձգվում ջրաչափերի տեղադրումը, անձամբ են գնացել «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ բողոքել կազմակերպության անփութությունից: Մեծ մասն իրենց ոտնահարված իրավունքների եւ դրանք պաշտպանելու եղանակների մասին տեղեկացել են գյուղ այցելած քննիչից:
Այս պատմությունից տուժած հայկավանցիները միաբերան պնդում էին, որ այդ օրերին իրենց այցելել է գյուղապետի տեղակալ Բայանդուր Ասատրյանը երկու անծանոթ տղամարդու հետ: Վերջիններիս Բայանդուրը ներկայացրել է որպես «ջրմուղի աշխատակիցներ», բացատրել, որ պիտի պարտադիր ջրաչափ տեղադրեն, իրենք էլ գումարը տվել են, բայց տեղադրման, թե գնի համար են վճարել, լավ չեն հասկացել: Կարեւորը որ ջրաչափը եղել է տուփի մեջ, ունեցել է անձնագիր եւ մարդիկ էլ խոստացել են, որ շատ չեն ուշանա, ամենաշատը մի տաս օրից կգան կտեղադրեն:
Հայկավանցի Վեներա Խանոյանը պատմեց, որ Մուշեղին տեսել է ջրաչափ գնելու օրը, բայց ոչ անունն է իմացել, ոչ էլ հիշում է, թե գումարը էդ օրը ում է տվել: Բողոքը գրել է, իր ասելով, դատախազությունից եկած քննիչի հորդորով. «Դատախազությունից մե տղեմ էր եկել, ըսավ քննիչ է, հարցրեց, թե ձեր ջրաչափն ինչի տեղադրված չէ, ես պատմեցի թե ընչի: Ինքն էլ ըսավ որ պիտի բողոք գրեմ,-պատմեց Վեներա Խանոյանը,-բայց պարոն դատավոր, ես չիդեի որ իմ բողոքս դատախազություն է գնացել: Ես Ջրմուղի դեմ եմ բողոքել, ես գիտեի թե բողոքս ջրմուղ բդի էրթա, որովհետեւ Մուշեղի անունն էլ է քննիչն ըսել: Ես ինչ գիտեի, թե Մուշեղն ով է: Ըսավ` էդ տղեն արդեն բռնված է, դու գրե»:
Տուժողները հիմնականում չէին ճանաչում ամբաստանյալ Մուշեղ Հովհաննիսյանին: Հայկավանցի Աղաբաբ Նազարյանն, օրինակ, պնդեց, որ եթե տեսնի տուժողի մեքենան` անպայման կհիշի իրեն ջրաչափ վաճառած մարդուն:
«Եթե ինքը ֆիրմա ավտո կքշե, ուրեմն ինքն է եղել ջրաչափ տվողը, քու ավտոդ ֆիրմա՞ է, ախպեր ջան,- հարցրեց տուժողը ամբաստանյալին,-պերեդնին էլ վեդուշչի»:
«Հա մեքենաս, արտասահմանյան մակնիշի է, բայց պերեդնին վեդուշի չի, էս հարցում սխալվար հոպար ջան»,-պատասխանեց ամբաստանյալը:
«Դուք պնդում եք, որ ի՞նձ եք տվել 5 հազար դրամը»,-տուժող Աղաբաբ Նազարյանին հարցրեց ամբաստանյալ Մուշեղ Հովհաննիսյանը: «Երեւի,-պատասխանեց տուժողը,- կարողա պատահի Պողոսին եմ տվել, կարողա պատահի քեզի»:
«Էդ երեւիի համար հմի ինձի կդատեն հոպար ջան, ոչ թե Պողոսին»,-վրդովվեց ամբաստանյալը: Նեղսրտած տուժողը հոգնած հարցաքննությունից հայտարարեց, որ ինքը հոգեկան հիվանդ է, իրեն թելադրել է իրավաբանը ինքն էլ գրել է, բայց քանի որ հասել է դատարան, հայտարարում է, որ ինքը պահանջ ունի ջրաչափ տվողից: «Ես իրանից իմ 5 հազարը գուզեմ»,-վերջում հայտարարեց տուժողը:
Ոսկեհասկցի Մանուկյան Ալվարդի հիշելով` իրենց տուն եկողները երկու հոգի են եղել, իրեն ջրաչափ են առաջարկել 3 հազար դրամով, որից ինքը հրաժարվել է. «Ես ըսի` մեզի ջրաչափ պետք չէ, ըսին` եթե չվերցնեք դատի կուտանք, ես էլ վերցրի, ըսքան բան,-պատմեց տուժողը,-դե հետո էլ խոստացան որ կգան կտեղադրեն ու ըդպես էլ չեկա»:
Ամբաստանյալ Մուշեղ Հովհաննսիյանը պարզաբանեց, որ իրենք տեղադրում չէին կարող կատարել, քանի որ հանգույցները բնակիչներին տվել էին դեկտեմբերի վերջին, դիմացը ամանորյա տոներն էին, իսկ հունվարից Առեւտրային նախկին տնօրեն Սիմոն Պողոսյանը հրաման է ստորագրել, որով արգելել է ջրաչափերի տեղադրումը հունվար, փետրվար, մարտ ամիսներին: «Հետո էլ գաղութում եմ եղել, որտեղի՞ց տեղադրեի»,-ձեռքերը տարածեց ամբաստանյալը:
Ի դեպ, գործով անցնող եւ ցուցմունքներ տված տուժողների բնակարաններում «Շիրակ-ջրմուղկոյուղին» ջրաչափական հանգույցները տեղադրել է 1,5-2 ամիս առաջ: Տեղադրել է այն նույն ջրաչափերը, որոնք տուժողները գնել են 2008 թ.-ի դեկտեմբերին` վճարելով 3-5 հազար դրամ, այն ջրաչափերը, որոնք որակվել են հետագայում գողացված:
Բոլորի հետ կնքվել է պայմանագիր, որով տուժող բնակիչը պարտավորվել է ջրաչափի արժեքը` 11 հազար դրամ, մարել մեկ տարվա ընթացքում: Այսպիսով, բավական հետաքրքիր կոմբինացիայի արդյունքում թվացյալ էժան, հետագայում «գողացված» որակված ջրաչափի ձեռքբերումը հայկավանցի եւ ոսկեհասկցի բնակիչների վրա նստել է 14-ից 16 հազար դրամ:
Դատարան հասած տուժողների մեծ մասը հայտարարեցին, որ ճիշտ է, բողոք գրել են, բայց ոչ մի պարտք ու պահանջ չունեն ամբաստանյալից, մանավանդ որ վստահ էլ չեն թե այդ օրն իրենց այցելած անծանոթների մեջ եղել է Մուշեղ Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել