«Հայփոստ»-ը սկսում է արդիականացման նոր փուլ
«Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն և ինտերնետային կապ:
Նոր փուլը մեկնարկում է Երեւանի Բաղրամյան 23 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 19 նորացված` հարմարավետ բաժանմունքի բացմամբ: «Կոնվերս բանկ» ՓԲԸ եւ «Հայփոստ» ՓԲԸ համագործակցության պայմանագրի շրջանակներում կմատուցվեն փոստբանկային հետեւյալ ծառայությունները.
- Խնայողական և ավանդային հաշիվների բացում
- Արտարժույթի փոխարկում
- Կանխիկ գործառնություններ
- Փոխանցումներ` արագ փոխանցման համակարգերով
- Դեբետային պլաստիկ քարտեր` ԱրՔա, MasterCard, VISA տրամադրում և սպասարկում
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր ծառայությունների տեսականի: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ԲԸ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել