HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետբյուջեից գումարները հատկացվում են, բայց արդյունքը չի երեւում

Հանրապետությունում գարնան անձրևից ու կարկուտից այս տարի առավել տուժել են Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի ու Արարատի մարզերը: Ամեն տարի կառավարությունը պետական բյուջեից գումարներ է հատկացնում համայնքներում նոր հակակարկտային կայաններ տեղադրելու համար, սակայն կայաններ տեղադրելուց հետո էլ գյուղացին չի ապահովագրվում կարկուտից: Հակակարկտային կայանները բավականին թանկ են պետական բյուջեի համար. մեկ կայանի տեղադրումն արժե մոտ 9 միլիոն դրամ: Հանրապետությունում հակակարկտային կայաններ տեղադրում է միայն Արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» ՊՈԱԿ-ն ու «Բարվա» ՍՊԸ-ն: Վերջինս անհամեմատ ավելի մատչելի գներով է կայաններ տեղադրում` 5 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի): Քանի որ մրցակցություն կա, երկու ընկերություններն էլ ջանում են իրար սևացնելով ավելի շատ կայաններ տեղադրելու հայտեր ստանալ, ինչից գյուղացին չի օգտվում: ՊՈԱԿ-ի կայանները պատրաստում է «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ն: Արագածոտնի մարզում կա 15 հակակարկտային կայան` Կարբիում` 3, Օհանավանում` 3, Արտաշավանում` 1 Սաղմոսավանում` 1 Ոսկեվազում` 1, Ոսկեհատում` 1, Ագարակում` 2, Աղձքում` 1, Ղազարավանում` 1, Փարպիում` 1: «Հետքի» հետ զրույցում մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը տեղեկացրեց, որ մարզի բոլոր կայաններն էլ շահագործվում են, սակայն ոչ բոլոր դեպքերում են լիարժեք արդյունք տալիս: «Կարբի, Օհանավան համայնքներում, օրինակ, 3-ական կայան կա, բայց կարկուտը  մեծ վնասներ է տվել, քանի որ քամին շատ մեծ ուժգնության է եղել, եւ կայաններն անզոր են եղել դիմակայել այդ ուժգնությանը: Յուրաքանչյուր կայան ապահովում է 80-100 հա-ի անվտանգություն, որը մի քանի անգամ պակաս է  նշված համայնքների հողատարածքից: Նույն Կարբիում կամ Օհանավանում, 3-ական կայանները չեն կարող ապահովել այդ գյուղերի խնձորի այգիները, որոնք 1000 հա -ից ավելի են կազմում»,- ասում է Յուրա Ազատյանը: Նշված համայնքներում կայանները շահագործվում են ՊՈԱԿ-ի կողմից: Արմավիրի մարզում կա 32 հակակարկտային կայան: Ինչպես տեղեկացրեց մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, կայաններից 12-ը «Բարվա» ընկերության են պատկանում, որոնք տեղադրվել են «ՎիվաՍելլ»-ի միջոցներով: Մարզպետի օգնականը նշեց, որ տեղադրված կայանների տարածքներում կարկուտը վնասներ չի հասցրել: Հայկական «Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը ¦Հետքի§ հետ զրույցում շատ արդյունավետ գնահատեց իրենց կայանները եւ նշեց, որ արդեն արտերկրից էլ պատվերներ ունեն. «Հիմա նաեւ «Զենիթ մինի» ենք կառուցել, 25-30 հա տարածք է ծածկում, գինն էլ 1.6 միլիոն դրամ է: Դա ֆերմերային տնտեսությունների համար է, եւ նրանց համար այդ սարքը ուղղակի փրկություն է: Վերջերս ստեղծել ենք աշխարհում նմանը չունեցող հակացրտահարության սարք` անտիֆրոզը, որը մեկ գիշերվա մեջ կարող է 15 հա ծաղկած այգի պաշտպանել: Նման մեկ սարք Բելգիայից բերել էին, 25 000 դոլար էր արժեցել»: Հայկական անտիֆրոզը մարտին փորձարկվել է եւ, ըստ Ա. Վարդանյանի, մոտ 5 անգամ արդյունավետ է եղել մինչ այդ եղած նման սարքերից: Անտիֆրոզի մեկ հատն արժենալու է 4-5 հազար դոլար: Մինչ ընկերությունները իրար հերթ չտալով գովաբանում էին իրենց կայանները, գյուղապետերը «Հետքին» դժգոհում էին, որ հակակարկտային կայանները արդյունավետ չեն գործում եւ իրենք շարունակում են վնասներ կրել: Հ. Գ. Հակակարկտային կայանների թեման առավել մանրամասն կարդացեք «Հետք» շաբաթաթերթի առաջիկա համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter