
Շուրջ երկու տարի է, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը տառապում է հիշողության հետ կապված անբուժելի հիվանդությամբ, որն աստիճանաբար սրվում է, և այսօր պատրիարքը փաստացի անգործունակ է: «Նրա բացակայությունը համայնքում ստեղծել է գլխատված վիճակ: Այն խնդիրները, որոնք համայնքում կան, չունենալով ղեկավար, էլ ավելի են սրվում և վերածվում լուրջ ճգնաժամի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա` այսօր Ստամբուլում ապրում է շուրջ 60 հազարանց հայ համայնք, որի փաստացի ղեկավարը Հայոց պատրիարքարանն է: Այսինքն` Թուրքիայում հայ համայնքը իրավական աշխարհիկ կարգավիճակ չունի, նրա ղեկավարը պատրիարքն է:
Հաշվի առնելով պատրիարքի անբուժելի հիվանդությունը` Պոլսի հայ համայնքը մի քանի ամիս առաջ որոշում կայացրեց անցկացնել աթոռակից պատրիարքի ընտրություններ: Ըստ ներեկեղեցական օրենքների` եթե ընտրված պատրիարքը կամ կաթողիկոսը հիվանդության կամ այլ պատճառով անգործունակ է դառնում, ապա ընտրվում է աթոռակից պատրիարք կամ կաթողիկոս, ով ունենում է նույն լիազորությունները, ինչ պատրիարքը:
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ ըստ Թուրքիայի օրենքների` պատրիարքի ընտրություններ անցկացնելու թույլտվությունը տալիս է Ստամբուլի նահանգապետարանը, որն էլ իր հերթին հայոց պատրիարք ընտրելու թույլտվությունը ստանում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից:
Հայ համայնքը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան` խնդրելով թույլ տալ անցկացնել աթոռակից պատրիարքի ընտրություններ: «Զարմանալի է, սակայն մի փոքր էլ անակնկալ, որ այս դիմումին հետևեց հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած մեկ այլ` նախաձեռնող խմբի դիմումը` կրկին Ստամբուլի նահանգապետարան, որտեղ նշվում է, որ խնդրում ենք թույլտվություն պատրիարք ընտրելու համար, այսինքն` այստեղ ի հայտ եկավ իրավական մի փոքր անճշտություն. մի դիմումում նշվում էր աթոռակից պատրիարքի ընտրության, մյուսում` պատրիարքի ընտրության մասին»,- բացատրում է Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշում է, որ թուրքական իշխանությունները որպես պատրվակ օգտագործեցին այս անճշտությունը` հայ համայնքի դիմումները ամիսներ շարունակ անպատասխան թողնելու համար, ինչն էլ համայնքում ավելացրեց անորոշությունը, և խնդիրներն ավելի սրվեցին:
Հայ առաքելական եկեղեցին, համաձայն իր օրենքների, իրավունք ունի թեկնածու առաջադրել պատրիարքի ընտրություններին: Հայ առաքելական եկեղեցու 8 թեկնածուից 5-ը հրաժարվեց մասնակցելուց, մնաց 3 թեկանածու` Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին սրբազանը և Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի անդամ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
«Ի սկբանե ակնհայտ էր, որ թուրքական իշխանությունները ամեն ինչ անելու են, որ այս ընտրություններում հաղթի իրենց նախընտրած թեկնածուն, քանի որ սա շատ լուրջ լծակ է հայ համայնքի վրա, և ընդհանրապես պատմությունից հայտնի է, որ միշտ էլ թուրքական իշխանությունները միջամտել են խնդրին և ցանկացել են իրենց նախընտրելի թեկնածուին տեսնել: Ամբողջ վարչական ռեսուրսները աշխատում էին իշխանական թեկնածուի համար, որը Թուրքիայի քաղաքացի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր»,- մեկնաբանում է Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշում է, որ թեկնածուների հետ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումներն անցան թուրքական իշխանության նախատեսած սցենարին հակառակ: Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ` համայնքը, որ ընդհանրապես հայտնի է իր վախվորածությամբ, մեծ ոգևորություն ցուցաբերեց, և կարճ ժամանակում հայտնի դարձավ, որ ընտրությունների հավանական ֆավորիտը ոչ թե թուրքական իշխանությունների թեկնածուն է, այլ Հայաստանը ներկայացնող Գուգարաց թեմի առաջնորդը, ինչը լրացուցիչ խնդիրներ առաջացրեց թուրքական իշխանությունների համար, և ընտրությունները ձգձգելու թուրքական իշխանության գործելակերպը պայմանավորված էր ելքեր փնտրելու հանգամանքով:
Հունիսի 29-ին Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքի դիմումներին պատասխանեց, որ իշխանությունները նպատակահարմար չեն համարում ոչ պատրիարքի, ոչ էլ աթոռակից պատրիարքի ընտրություն, փոխարենը թույլ են տալիս, որ անցկացվի պատրիարքի տեղապահի ընտրություն: Ռուբեն Մելքոնյանն ասում է, որ այստեղ իրավական մի շարք հարցեր ի հայտ եկան, որից ամենակարևորն է, թե ո՞վ պետք է ընտրի տեղապահին` համա՞յնքը, թե՞ Հոգևոր խորհուրդը:
Թուրքագետը նշում, է, որ տեղապահ արքեպիսկոպոս Սվաճյանը հրաժարական տվեց, և 10 ժամ հետո Հոգևոր խորհրդի 25 անդամները տեղապահ ընտրեցին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, այսինքն` Ռուբեն Մելքոնյանի խոսքերով` գործողությունները զարգացան թուրքական իշխանությանը ձեռնտու սցենարով:
Բանախոսն ասում է, որ Արամ Աթեշյանը Թուրքիայի միակ քաղաքացին է, ով իր գործունեությամբ և հայտարարություններով տպավորություն է ստեղծել, թե իշխանությունների թեկնածուն է: Մասնավորապես, վերջինս հայտարարել է, որ ինքն առաջին հերթին Թուրքիայի քաղաքացի է, իր համար գերակա են Թուրքիայի վարչապետի կամքն ու հրամանը, իսկ Հայաստանի և Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ ունի բարոյական պարտավորություն:
«Նա իր բոլոր գործողություններով կատարում է այն, ինչ հաճելի է թուրքական իշխանություններին: Նա ոչինչ չի անում համայնքի առաջ ծառացած խնդիրների լուծման համար: Նա համայնքում չունի այն խարիզման, և համայնքը չի ընկալում նրան որպես լիդեր, որի հետևից կարելի է գնալ: Նրան հիմնականում սատարում են համայնքային օլիգարխիան, ովքեր կառավարում են համայնքային գույքերը և դրանցից բխող ֆինանսական հոսքերը: Համայնքում նա մեծ հեղինակություն չունի: Եթե նա ունենար ընտրվելու շանսեր, ապա իշխանությունները կանցկացնեին ընտրություններ»,- կարծում է թուրքագետը:
Պատրիարքին ընտրում է 60 հազարանոց համայնքը, իսկ տեղապահին` 25 հոգուց բաղկացած Հոգևոր խորհուրդը: Տեղապահն ունի նույն լիազորությունները, ինչ պատրիարքը: Թուրքիայում կա օրենք, ըստ որի` սև սքեմով կարող են փողոց դուրս գալ Հայ առաքելական, հույն ուղղափառ, հրեական, մահմեդական հոգևոր առաջնորդները:
«Տեղապահը բավական անորոշ կարգավիճակ է, նա կարող է ունենալ լիազորություններ, բայց չունենալ դրանք կիրառելու լեգիտիմություն: Տեղապահի ընտրությունը համայնքում առաջացրել է շատ լուրջ ճգնաժամ: Այն ոգևորությունը, հույսերը, որոնք կային նախընտրական շրջանում, իրենց տեղը զիջեցին անորոշությանը, և այսօր համայնքում գերիշխում է անորոշության և հիասթափության մթնոլորտը»,- մեկնաբանում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա համոզված է, որ Հոգևոր խորհրդի ներկայացուցիչները իրականացրել են այն ամենը, ինչ թելադրել են իշխանությունները: Իսկ հայ համայնքն ընդդիմանալու մեխանիզմներ չունի, քանի որ «թուրքական պետությունը ավտորիտար է և փոքրամասնությունների նկատմամբ ունի իր ազդեցության լծակները»:
Բացի սրանից` թուրքագետը նշում է, որ համայնքում խորացել են երկպառակությունները, արդեն ձևավորվել են խմբավորումներ, որոնք պայքարում են իրար դեմ, համայնքի առջև ծառացած խնդիրները մատնվել են անորոշության, և այդ խնդիրների սրումը հանգեցնելու է համայնքի լիակատար ուծացմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել