HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Կորցնում ենք Թուրքիայի հայ համայնքը»

Թուրքիայի հայ համայնքում սկսվել է իսլամացման նոր փուլ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ` թուրքական իշխանությունները հայ-թուրքական հարաբերություններով են պայմանավորում Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը, որը և համարում են իրենց խաղաքարտերից մեկը: Նա ասում է, որ նմանատիպ իրավիճակ, երբ Ստամբուլի հայ համայնքին չի թույլատրվել պատրիարք ընտրել, անցյալում եղել է 2 անգամ: Առաջին անգամ դա եղել է 1923թ., երբ ձևավորվեց Թուրքիայի Հանրապետությունը, իշխանության եկան քեմալականները, որոնք 4 տարի թույլ չտվեցին անցկացնել ընտրություններ: Երկրորդ անգամ նմանատիպ իրավիճակ ստեղծվեց 1944թ., երբ Թուրքիայում ծավալվում էին ազգայնամոլական ու պանթուրքիստական տրամադրությունները: Երրորդ անգամ նմանատիպ իրադրություն ստեղծվել է այժմ` 2010թ.: «Կարելի է եզրակացնել, որ անկախ վարչախմբերից` փոքրամասնությունների և հայ համայնքի նկատմամբ վերաբերմունքը շարունակում է մնալ մերժողական: Համայնքային խնդիրներն էլ թուրքական իշխանությունները շարունակում են ծառայեցնել իրենց շահերին»,- ասում է Ռուբեն Մելքոնյանը: Նա նշում է, որ Ստամբուլի հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել թուրքական իշխանության թեկնածուն` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, իսկ հայ համայնքը բողոքելու ռեալ մեխանիզմներ չունի: Թուրքագետը համոզված է, որ Պոլսո պատրիարքի ընտրությունը լուրջ հետևանքներ կունենա, քանի որ պատրիարքն է Թուրքիայի հայ համայնքի փաստացի ղեկավարը: Ռուբեն Մելքոնյանի խոսքերով` Պոլսի հայ համայնքի առաջ ծառացած մի շարք խնդիրներ պահանջում են անհապաղ լուծում, որը պետք է տա պատրիարքը: Առկա խնդիրները` դպրոցներում հայ աշակերտների թվի նվազում, համայնքապատկան կալվածքների պետականացում, հայախոսների թվի նվազում, համայնքի ազգային և եկեղեցական խնդիրների նկատմամբ անտարբերություն, խորանալու են: Թուրքագետը Թուրքիայի հայ համայնքը բաժանում է 3 խմբի` համայնքային բոլոր խնդիրների նկատմամբ անտարբերների խումբ, որը մեծամասնություն են կազմում, համակերպվողների խումբ և ակտիվ խումբ, որը փոքրամասնություն է, բայց փորձում է պայաքարել: Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ համակերպվողների խումբը մեծանալու է, իսկ անտարբերների խմբում հայախոսություն գոյություն չունի: Ըստ 2009թ. պաշտոնական տվյալների` Թուրքիայի հայ համայնքի 19-24 տարեկան երիտասարդների 82 տոկոսը թուրքախոս է: «Եկեղեցում քարոզը իրականցվում է թուրքերեն, քանի որ մարդիկ չեմ տիրապետում հայերենի»,- ասում է թուրքագետը: Նա նաև նշում է, որ հայկական դպրոցներում շատ առարկաներ դասավանդվում են թուրքերենով, որովհետև հայ ուսուցիչները չունեն հայերենից համապատասխան գիտելիքներ: «Եթե այս հունով գնա, մի քանի տարի հետո մենք կորցնելու ենք Պոլսի համայնքը` իր ամբողջ մշակության հարստությամբ»,- կանխատեսում է թուրքագետը: Հայկական դպրոցներում, ըստ թուրքական օրենքի, չի թույլատրվում դասավանդել Թուրքիայից դուրս տպագրված դասագրքերով, օրինակ` հայաստանյան դասագրքերով: Թուրքագետը նաև նշեց, որ ՀՀ քաղաքացին իրավունք չունի դասավանդել այնտեղ. ուսուցիչը պետք է լինի Թուրքիայի քաղաքացի: «Կորցնում ենք Թուրքիայի հայ համայնքը»,- ահազանգում է թուրքագետը: Ռուբեն Մելքոնյանի խոսքերով` Թուրքիայի հայ համայնքում սկսվել է բռնի իսլամացման նոր փուլ, երբ արդեն Հայաստանից արտագաղթողները ստիպված կրոնափոխ են լինում: Կրոնափոխությունն իրակացվում է երկու ճանապարհով: Հայերն ամուսնանում են թուրքերի հետ: Հաճախ է պատահում նաև, որ Թուրքիայում հաստատված հայերը բիզնեսի շրջանակներում յուրային դառնալու և ինտեգրվելու համար ընդունում են իսլամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter