Ո՞վ է տհասը
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ վիրավորական արտահայտություն է թույլ տվել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցով նոր համազեկուցող, շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադի հասցեին:
Լինդբլադը «ՀԺ»-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր երեկ, նշել էր, թե քաղբանտարկյալ է համարում Մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվողներին:

«Անձամբ ես, մինչև հակառակն ինձ չապացուցվի, համարում եմ, որ այդ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են»,- ասել էր Լինդբլադը: Այս հայտարարության կապակցությամբ Դ. Հարությունյանն երեկ ասաց. «Առաջին անգամ եմ լսում, որ անձն իրավուքն ունի բացասական գնահատականներ տալ, քանի դեռ նրան չեն ապացուցել հակառակը: Քաղաքական տհասության նման օրինակն ամրապնդում է մեր մտահոգությունները համազեկուցող Լինդբլադի անաչառության վերաբերյալ: Այսպիսի պահվածքը ոչ միայն նսեմացնում է մոնիտորինգի գործընթացի էությունը, այլև սպառնում է ԵԽԽՎ-ի և Հայաստանի միջև առկա համագործակցության լուրջ ճգնաժամով»:
Հայաստանը որևէ բանի չի հասել
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն, անդրադառնալով պնդումներին, թե Հայաստանի իշխանությունների հայտարարությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում դարձել են ավելի կոշտ, որի մի արտահայտությունն էլ, ասենք, ԱԳ փոխնախարարի հակադարձումն էր, թե «Ադրբեջանը պետք է դուրս բերի զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից»` ասաց. «Համանախագահող երկրների նախագահների հայտարարությունն ակնհայտորեն ցույց տվեց, որ վերջին տարվա ընթացքում բանակցությունների ժամանակ Հայաստանը որևէ բանի չի հասել: Հետևաբար` այդ «կոշտացումը» որևէ արժեք չունի և ներքին օգտագործման համար է»:
«Երկիրն» այլևս չի հրատարակվելու
Հայ հեղափոխական դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթն այլևս չի հրատարակվելու, թեև թերթի խմբագրակազամին հավաստիացրել են, թե կառուցվածքային փոփոխությունների պատճառով տպագրությունը ժամանակավորապես դադարեցվում է և խնդիրները շտկելուց հետո կվերահրատարակվի: Մեր տեղեկություններով` թերթի տպագրությունը դադարեցվել է ֆինանսական ճգնաժամի պատճառով: Բացի սրանից` ասում են, որ Դաշնակցության ջոջերը դժգոհել են թերթի բովանդակությունից` թույլ է և դաշտում պահանջված չէ:
Լարված դատ էր
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց, սակայն կարճ ժամանակ հետո ընդմիջվեց մեծ աղմուկ հանած պատմության` 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան գործի դատական նիստը: Ինչպես և սպասվում էր, դատական նիստն ընթանում էր բավականին լարված մթնոլորտում, տուժող և մեղադրվող կողմերն անընդհատ հայհոյում էին միմյանց, սակայն դատական կարգադրիչները մեղմում էին իրավիճակը` չթողնելով, որ բանը հասնի ծեծկռտուքի:
Հրազդանում մեկնարկած դատական նիստի ընթացքում Խալաֆյանի իրավահաջորդ Համիկ Խալաֆյանը միջնորդեց իբրև շահերի ներկայացուցիչ ընդգրկել Արտակ Զեյնալյանին: Այս փուլում էլ դատական նիստն ընդմիջվեց: Այն կշարունակի հուլիսի 15-ին, ժամը 15-ին:
Գլենդեյլում հայերը խնդիրներ ունեն
Երևան է ժամանել Գլենդեյլի (Կալիֆոռնիա) քաղաքպետ Արա Նաջարյանը: «Ազգը» խնդրեց պրն Նաջարյանին ասել, թե ի՞նչ խնդիրներ, ի՞նչ պրոբլեմներ ունեն Գլենդեյլում ապրող հայերը և ի՞նչ է արվում դրանք լուծելու հարցում:
-Այսօր Գլենդեյլում ապրում է 250.000 բնակիչ, որոնց 40 տոկոսը` 100.000, հայ է: Հայերն ունեն շատ տարբեր փոքր համայնքներ` նոր եկած հայաստանցիներ, ամերիկահայեր, պարսկահայեր, լիբանանահայեր, եգիպտահայեր, սիրիահայեր, նաև` իրանահայեր: Ամենամեծ խնդիրերներն ունեն նոր եկած հայերը, որոնք աշխատանք չունեն և ամեն կերպ գործ են փնտրում: Մեր երկրի տնտեսական ճգնաժամը բավական ծանր կացության մեջ է դրել նաև Գլենդեյլում ապրողներին, որոնք ուզում են իրենց հայ ընտանիքը պահել, հավատքը պահել և շատ դժվար կացության առաջ են կանգնել: Այդպիսի ընտանիքներ, ցավոք, շատ-շատ են, և հենց շատերն էլ ուզում են փախչել Գլենդեյլից ուրիշ քաղաքներ` Լաս Վեգաս, Արիզոնա և այլն, միայն թե մի գործ գտնեն:
Իսկ մեր թիվ մեկ խնդիրն է` նրանց պահել Գլենդեյլում: Ինձ շատ հաճախ են դիմում հայերը` մատչելի բնակարաններ ձեռք բերելու համար, որովհետև տների վարձերը շատ թանկ են` ամսական 1500-1600 դոլար: Հատկապես ծերերը, որոնք թոշակառու են կամ նպաստառու, չեն կարողանում վճարել այդքան գումար: Սակայն մեծ ցանկություն ունեն մնալու Գլենդեյլում` հայ համայքնի մեջ: Սա հարցերի հարցն է:
Դժվար է մնալ, դժվար է լքել ու փախչել ընտանիքից, թողնել հայ դպրոցը, եկեղեցին, բարեկամներին: Այդ դժվարին կացության ելքերի համար ես իմ աշխատանքի վայրում փորձում եմ լուծման ճանապարհներ գտնել ու հայությանը պահել սփյուռքի մայրաքաղաք Գլենդեյլում և այդ հարցով ջանք ու ծրագրեր պիտի իրականացնենք` հայությանը պահելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել