Չլիներ Սևոն, չէ՞ր ստեղծվի Մհեր Մկրտչյանի արձանը
Մհեր Մկրտչյանի հոբելյանին Վանաձորում վերջապես կանգնեցվեց մեծանուն արտիստի խոստացված արձանը: «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Բաղդասարյանն արձանի մասին խոստացել էր դեռ երկու տարի առաջ, երբ Մհեր Մկրտչյանի անունով անվանակոչվեց Վանաձորի փողոցներից մեկը:
ՏԻՄ-ի հավաստմամբ, արձանի տեղադրումը ձգձգելու միակ պատճառը տեղի ընտրությունն էր:
«Ի վերջո ի կատար ածվեց: Պարզապես խնդիր կար տեղի հետ կապված, պետք էր ճշտել, թե կոնկրետ որտեղ պետք է տեղադրվի արձանը, որովհետև ընտրված տեղանքում (Արցախ-պուրակ) տարածքներ կային, որ հնարավոր է սեփականատեր ունենային: Պետք էր պարզել` արդյոք մարդկանց շահերին կպչող խնդիր կա, թե ոչ: Իսկ թույլտվություն տալուց առաջ, բնականաբար, պետք է որոշվեր տեղը»,-ասում է Վանաձորի ավագանու անդամ Արման Ափինյանը:
Վերջապես Վ. Բաղդասարյանի կողմից ընտրվեց արձանի ներկայիս ու վերջնական տեղը` Տիգրան Մեծ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում:
Ինքը` Վ. Բաղդասարյանն այս գործը ոչ թե ուշացած, այլ պարզապես հետաձգված է համարում: Կարևորն այն է, որ տեղը հատկացված է, արձանը` կանգնեցված, փաստաթղթավորված:
Բարերարը հրաժարվեց ֆինանսական գնահատական տալ իրականացրած մտահղացմանը. «Նման գործեր անելիս չափը չեն հաշվում: Եղել են ծախսեր, որ արվել են հ/կ-ի կողմից: Այնքան մեծ շրջապատ ունեմ ընկերական, որ ես չեմ զգացել այդ ծանրությունը»:
Եվ հատուկ անվանակոչեց Վահան Գրիգորյանին ու արձանի քարն ուղարկած ԱԺ պատգամավոր Նահապետ Գևգորգյանին:
Գաղափարը կյանքի է կոչվել ոչ պետական միջոցներով: Այդ մասին հաստատեց նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` տարբերակելով պետական և ոչ պետական ծրագրեր:
«Առաջին դեպքում նախարարությունն է նախաձեռնողը, իրականացնողը, դրդողը: Սրան զուգահեռ ոչ պակաս թափով և նախաձեռնությամբ ընթանում է հասարակական շարժումը»,-ասաց նա:
«Ֆրունզիկ Մկրտչյանի պարագայում նախարարությունը շատ բան ձեռնարկել է»,-ասաց ու ներկայացնելով որոշ մտահղացումներ` չմոռացավ խոսել նաև Մհեր Մկրտչյանի նոր նկարահանված ֆիլմի մասին:
Պարզվում է` այս նախագծում էլ Մշակույթի նախարարությունը ֆինանսական մասնակցություն չունի: Vivacell-ի ռուսաստանյան հատվածն է ֆինանսավորել և միջպետական հիմնադրամը: Մշակույթի նախարարությունն այստեղ էլ է երկրորդական դերում եղել. «Պարզապես միջնորդել ենք, որ այդ կազմակերպություններն աջակցեն ծրագրին: Ընդհանուր համաձայնեցման գործընթաց ենք իրականացրել, հավանություն տվել, մասնագիտական աջակցություն ցուցաբերել»:
«Հայաստանը եղավ պատվիրատուն, ոչ ռուսական կողմը»,-ուրախությամբ նշում է նախարարը:
Բայց ֆիլմը ոչ տեղական կինոարտադրության է պատվիրվել, ռեժիսորն էլ ընտրվել է մոսկվացի, որովհետև, ըստ նախարարի` «Ֆրունզե Մկրտչյանը միայն մեր դաշտի երևույթ չի: Մեզ համար շատ կարևոր է, թե ինչպես են մեր արվեստագետին արտաքին աշխարհից դիտում»:
Կինոարտադրողը ОРТ-ն է, ֆիլմի ռեժիսորը` Սաիդա Մեդվեդևան: Նախարարը տեղեկացրեց, որ ֆիլմի առաջին ցուցադրությունը ОРТ-ով է եղել, հայաստանյան առաջին դիտումը կհաջորդի սրան` Հայաստանի հեռուստատեսությունների թարգմանությամբ:
Արձանի բացման արարողությանը նշվեց, որ քանդակին ծնունդ տվողները Արամ Մարգարյանն ու Սարգիս Ղարիբյանն են: Սակայն այս հարցում երկու քանդակագործների միջև տարաձայնություն կա: Արամ Մարգարյանն ասում է, որ մենակ է ստեղծել արձանը. «Մենակ եմ արել ամբողջությամբ: Իմ տանջանքն է, իմ շնորհքը: Միտքը իմն է: Շատ էսքիզներ են եղել, ընտրվել է իմ էսքիզը: Ինչ-որ մարդիկ օգնել են, բայց ինչ վերաբերում է համահեղինակ լինելուն, չկա համահեղինակ: Դա գողություն է ուղղակի»:
Ապա շարունակում է. «Տո Սևոն ինչ կապ ունի, նա լոկ իմ ընկերն ա: Կարող ա բարեկամություն անենք, բայց գործը գողանալ չի կարելի: Թող չնեղանա, բայց էս քանդակը սկզբից մինչև վերջ իմ տանջանքն ա, իմ շնորհքն ա, իմ մտահղացումն ա»:
Սարգիս Ղարիբյանն էլ իր հերթին պնդում է, որ համահեղինակ է, ավելին` ինքն էսքիզի մտահղացումը տվել Արամին.
«Համահեղինակ եմ ես, հեղինակը իմ ընկերն ա` Արամ Մարգարյանը: Սա իրա էսքիզն ա: Բայց միասին նայել ենք էդ էսքիզը, քննարկել ենք, դիտողություններ ենք արել, լրացրել ենք` էս դետալն էսպես լիներ, էն դետալն էնպես լիներ, պրոֆեսիոնալ զրույց ա: Միասին ենք աշխատել, համագործակցել ենք: Հետո որ աշխատեցինք, որոշ բաներ ճշտեցինք` ոնց պիտի լինի բեմի հետ, վարագույրի հետ, Աստծու հետ: Ստեղծվեց էս գործը:
Տարբեր էսքիզներ են արվել: Էս գործի մեջ իմ ընկերոջ էսքիզն ինձ ավելի դուր եկավ, քան իմ արածը: Ալբերտ Մկրտչյանն ընտրեց էս էսքիզը, որովհետև նրա մեջ կար այն, ինչ որ պահանջվում էր: Երբ որ զրույց էի անում Ալբերտ Մկրտչյանի հետ, հարցրի` ոնց եք պատկերացնում դուք Ֆրունզիկ Մկրտչյանին, ասավ` ինքը երկնքի հետ: Եվ երբ ես էսքիզներ էի անում, հուշեցի իմ ընկերոջն էլ, որ այսպես պիտի արվի: էդ իմ թելադրանքն ա, իմ խոսքն ա` ոնց պետք ա մտածվի:
Վահրամ Բաղդասարնն ինձ էր հրավիրել, որ մտածեմ էս գաղափարի մասին, ես էլ հրավիրեցի իմ ընկերոջը: Իսկ եթե ինքը կանգնում ասում ա` իմ աշխատանքն ա, մինչև վերջ ես եմ արել, ոչ մեկը չի մասնակցել, ուրեմն ամոթ իրան: Էլի դեմ չեմ, իրա էսքիզն ա, բայց չլինեի ես, էս գործին ինքը չէր մասնակցի: Թող փառք տա Աստծուն, որ որ էսօր մի գործ ա դրել իմ օգնությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել