Քաղաքական ավետարանն` ըստ Հեյդար օղլի Իլհամի
«Այսօր համանախագահող երկրները, հնարավոր է, ավելի բաց են արտահայտում իրենց կարծիքները։ Ընդգծվում է հետևյալ կարևոր պահը. հարցը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Ի՞նչ են Հելսինկյան սկզբունքները։ Այստեղ կարևոր սկզբունք է տարածքային ամբողջականությունը։ Կա նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Սակայն այդ սկզբունքը չպետք է վնասի երկրի տարածքային ամբողջականությանը՝ հակասության մեջ մտնելով դրա հետ։ Ժողովուրդների ինքնակառավարման և ինքնորոշման հնարավորությունները չպետք է խախտեն երկրի տարածքային ամբողջականությունը։ Այսպիսին են Հելսինկյան սկզբունքների էությունն ու իմաստը»,- ասել է Ադրբեջանի նախագահը (7 հուլիսի, 2010, http://hayrenater.com):
Հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևն, ինչպես միշտ, փորձ է անում խեղաթյուրված ներկայացնել հարցի էությունը` տվյալ դեպքում Հելսինկյան սկզբունքները` նպատակահարմար ենք համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել դեռևս 2007թ. տպագրված «Լեռնային Ղարաբաղի հինահարցը ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության լույսի ներքո» մեր հոդվածից մի հատված:
Մյուս կարևորագույն միջազգային փաստաթուղթը, որը հաճախ է վկայակոչվում տարածքային ամբողջականության մասին խոսելիս, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի եզրափակիչ ակտն է (1 օգոստոսի, 1975թ.) (Conference on Security and Co-operation in Europe, Final Act): Վերջինս առավելապես հայտնի է Հելսինկիի եզրափակիչ ակտ անունով (Helsinki Final Act):
Ասվում է` իբր նշյալ փաստաթուղթն հռչակում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դրույթները: Բնավ ոչ և ճիշտ հակառակը: Հելսինկիի եզրափակիչ ակտը (բաժին 1-ին, ենթաբաժին ա, մաս I, պարբերություն 2-րդ) միանշանակորեն հայտարարում է, որ պետությունների սահմանները կարող են փոփոխվել, և նշված են փոփոխման ուղիները. «Նրանք [մասնակից պետությունները] համարում են, որ իրենց սահմանները կարող են փոփոխվել միջազգային իրավունքին համապատասխան, խաղաղ միջոցներով և համաձայնությամբ» (They [the participating States] consider that their frontiers can be changed, in accordance with international law, by peaceful means and by agreement):
Եզրափակիչ ակտը հստակեցնում է (բաժին 1-ին, ենթաբաժին ա, մաս II, պարբերություն 1-ին), որ անընդունելի են արտաքին ուժի կողմից զավթման միջոցով տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության ոտնահարումը. «[Եզրափակիչ ակտին] Մասնակից-երկրներն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում ձեռնպահ կմնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ կիրառումից…» (The participating States will refrain in their mutual relations, as well as in their international relations in general, from the treat or use of force against the territorial integrity or political independence of any State…):
Այսու, ակնահայտ է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը, ինչպես վերը նշվեց ՄԱԿ-ի կանոնակարգի դեպքում, խոսում է ոչ թե տարածքային ամբողջականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն արտաքին զինված ներխուժման հետևանքով տարածքային ամբողջականության խաթարման անընդունելիության մասին: Այսինքն` խոսքը Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրած մի երկրի կողմից նույն ակտը ստորագրած մեկ այլ երկրի վրա ռազմական հարձակման կամ նման սպառնալիքի կիրառմամբ տարածքային ամբողջականությունը խախտելու կամ տվյալ երկրի քաղաքական կարգը փոխելու անընդունելիության մասին է:
Պետք է մշտապես հիշել, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև դրանից առաջ ՄԱԿ-ի կանոնակարգի բուն նպատակը եղել և մնում է միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքն արգելելու միջոցով խաղաղության և անվտանգության ապահովումը և ոչ թե սահմանների հավերժացումը կամ պետությունների տարածքներին սրբազան կովի կարգավիճակի շնորհումը: Ազգային ինքնորոշումը միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքներից է, որի միջոցով օրինապես փոփոխվել (ՍՍՀՄ, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հարավսլավիա և այլն) և փոփոխվելու են (Սերբիա) պետությունների սահմանները:
Ամփոփելով վերոշարադրյալը` կարել է եզրակացնել, որ ոչ ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ և ոչ էլ Հելսինկիի եզրափակիչ ակտում չկան «տարածքային ամբողջականության» կամ «սահմանների անձեռնմխելիության» հիմնադրույթներ: Նշյալ փաստաթղթերում առկա է միայն փաստաթղթերը ստորագրած երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով տարածքային ամբողջականությունը չխախտելու և սահմանները չփոփոխելու հանձնառություն:
Այսպիսով, եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հանրաքվեներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) հակադրել է բռնի ուժը, խաղաղ բնակչության դեմ, ներքին զորքերի օգտագործմամբ, ձեռնարկել է ոչ համարժեք պատժիչ գործողություններ, պետականորեն կազմակերպել է Ադրբեջանի հայ քաղաքացիների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), իր իսկ քաղաքացիների նկատմամբ, վարձկանների օգտագործմամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն), սանձազերծել է անողոք պատերազմ ու խայտառակ պարտություն է կրել, որի հետևանքով կորցրել է վերահսկողությունը իրենը համարվող տարածքի մի մասի նկատմամբ, ապա դա բնավ կապ չունի նշածս փաստաթղթերում հիշատակվող տարածքային ամբողջականության պահպանման կամ սահմանների անձեռնմխելիության հասկացությունների հետ:
Արա Պապյան,
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
7 հուլիսի, 2010թ.
(Հոդվածն առաջին անգամ տպագրվել է «Ազգ» օրաթերթում 2007թ. մայիսի 22-ին)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել