
Մհեր Մկրտչյանի անվան թանգարանի երկրորդ հարկում, Ֆրունզի մահճակալի վերեւում նոր ցուցանմուշ է հայտնվել: Դերասանի նմանությամբ խամաճիկը թանգարանին է փոխանցել թոռնուհին` արգենտինահայ Իրեն Տերտերյանը:
«Երանի այս տիկնիկը խոսել իմանար»,- ասաց թոռնուհին, երբ խամաճիկը նվիրում էր,- որքան բան կպատմեր պապիկիս մասին»: Իրենի ասելով` այս տիկնիկը պապի խորհրդածությունների միակ վկան է եղել, եւ «Մհեր Մկրտչյանը, հիմնականում չունենալով մտերիմ որեւէ մեկը, իր տխուր մտքերը վստահել է նրան»,- պատմում է Շողիկ Մելքոնյանը:
Իրեն Տերտերյանը Գյումրիի թանգարանին է փոխանցել նաեւ պապի անձնական իրերից փղերի արձանիկներ: «Կան դերասաններ, որոնց ուզում ես միշտ նկարել: Այդպիսի դերասաններից է Ֆրունզե Մկրտչյանը»:
Կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի այս միտքը մի փոքր ձեւափոխել են տաղանդավոր դերասանի հայրենակիցները. «Կան դերասաններ, որոնց մասին մշտապես ուզում ես խոսել ու լսել: Այդպիսի դերասաններից է մեր Ֆրունզը»: Սիրելի դերասանի 80-ամյակի առթիվ որեւէ արտառոց բան չէր կազմակերպվել Գյումրիում: Նրա անունը կրող թանգարանում հավաքվել էին մարդիկ, ովքեր մշտապես ծարավ են խոսելու եւ լսելու Մհեր Մկրտչյան անհատականության մասին:
«Կան մարդիկ, ովքեր ամեն տարի այցելում են մեզ,- պատմում է թանգարանի նորանշանակ տնօրեն Շողիկ Մելքոնյանը,- մի տեսակ ոնց որ հոգու պարտք կատարեն: Իրենց նախաձեռնությամբ այս տարի թանգարանում միջոցառում է կազմակերպել «Արաքս» հասարակական կազմակերպությունը: Կլինի նաեւ կինոդիտում, նրան նվիրված գրքի շնորհանդես»:

4 տարի առաջ` 2006 թ. դեկտեմբերի 20-ին, երբ հայտարարվեց, որ Գյումրիում գործելու է Մհեր Մկրտչյանի թանգարանը, նախկին տնօրեն Ռուդիկ Հայրապետյանի միակ մտահոգությունը որքան հնարավոր է շատ իրեր ձեռք բերելն էր:
«Եղբայրը` Ալբերտ Մուշեղիչը, շատ օգնեց` իրենց ընտանիքին պատկանող իրեր փոխանցելով թանգարանին, օգնեց Ֆրունզի մոտիկ ընկերը` Էդիկ Պողոսյանը, Սունդուկյանի թատրոնից բեմական հագուստները փոխանցեցին, որոշ բաներ «Հայֆիլմից» ստացանք: Քիչ-քիչ հավաքեցինք, հիմա բավական հարուստ ենք այդ առումով,- ասում է Ռուդիկ Հայրապետյանը,- թանգարանի երկրորդ հարկն ամբողջությամբ շնչում է Ֆրունզով, թատրոնում եւ կինոյում նրա ստեղծած կերպարներով, մի հատվածում էլ ներկայացրել ենք նրա մանկության ու պատանեկության տարիների կենցաղը»:
Մատնացույց անելով պատից կախված դերասանի մոր նկարը` թանգարանի տնօրենը ժպտում է. «Ֆրունզը եղել է մոր` Սանամի ամենասիրելի զավակը: Պատմում են, որ մի օր գոգնոցի մեջ դրած մի քանի ձու է բերել տուն, որ երեխաներին կերակրի: Հարեւանի կինը նկատել է պատուհանից ու, քանի որ ավելի աղքատ են եղել, քան Մկրտչյանները, դիմել է Սանամին, թե` Սանամ քույրիկ, կարո՞ղ է մի հատ ձու ունենաս, տաս տանեմ տղայիս համար ձվածեղ անեմ: Սանամն էլ թե` քա, ի՞նչ կխոսիս, Ալբերտիս արեւ, չունիմ: Երբ հարեւանուհին գնացել է, Ալբերտը վիրավորված հարցրել է, թե` այ մերս, էդ ընչի՞ իմ անունովս սուտ երդում կերար: Մայրն էլ թե` բա չէ, Ֆրունզիս անունով բդի՞ երդում ուտեի»:
Դերասանի ծննդյան 80-ամյակի կապացությամբ Գյումրիի դպրոցներում հայտարարվել էր շարադրության մրցույթ: Թանգարանի տնօրենի փոխանցմամբ` 50-ից ավելի շարադրություն են ստացել: Երեխաները փորձել են թղթին հանձնել իրենց պատկերացումները Ֆրունզի մասին: «Լավագույն շարադրության հեղինակները կպարգեւատրվեն, երբ ամփոփենք արդյունքները»,- վստահեցնում է թանգարանի տնօրենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել