Շփոթված` անկախության 3-րդ տասնամյակի նախաշեմին
Անկախության կարեւորումը պայմանավորված չէ ոչ զորահանդեսների մասշտաբներով, ոչ հանրապետության նախագահի ելույթների պաթոսով, ոչ էլ հասարակական-քաղաքական շրջանակների պաշտոնական ընդունելություններով ու տարատեսակ շքանշանների հանձնումով:
Այլ նրանով, թե հասարակության յուրաքանչյուր անդամ` սկսած հանրապետության նախագահից, վերջացրած դպրոցական աթոռին նստած աշակերտով, ինչպես է ընկալում անկախությունը, ինչքանով է այն անդրադառնում իր կյանքի, վարքի վրա, ու թե այդ ընկալումը ներքին ազատության ինչ սահմաններ է գծում մարդու, քաղաքացու գիտակցության մեջ:
Անցած 20 տարիներին անկախ պետության ամենակարեւոր խնդիրը լինելու էր պետականության հիմնական արժեքի ու կրողի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու կերտումը: Պետությունը կենսունակ եւ ուժեղ է այնքանով, որքանով հիմնված է իր քաղաքացու վրա եւ որքանով ստեղծել է քաղաքացիական գիտակցություն եւ հասարակություն: Մինչդեռ անցած տասնամյակներին պետությունը հենց այս առանցքային կետում միայն ձախողումներ է արձանագրել: Այն քաղաքացուն ճանաչել է բացառապես վերջինիս պարտականությունների կտրվածքով եւ հետեւողականորեն վարժեցրել անխախտ կերպով կատարելու դրանք:
Մինչդեռ իրավունքների համակարգը, որի հետ իշխանությունը պարտավոր էր հաշվի նստել, բացարձակապես անտեսել է ու արհամարհել:
Արդյունքում քաղաքացին օտարվել է իր ամենահիմնական գործառույթից` իշխանության իրացումից: Իշխանության սուբյեկտ լինելու փոխարեն անցած 20-ամյակի ընթացքում այն վերածվել է օբյեկտի: Ընտրական համակարգի հետեւողական փլուզումը պայմանավորված է հենց այս հանգամանքով:
Պետությունը, իսկ ավելի ճիշտ` դրա հետ իրեն նույնականացրած իշխանությունը, մարդկանց հանրույթին (տվյալ դեպքում հասարակության մասին խոսք լինել չի կարող) սովորեցրել է, որ նրանից ոչինչ կախված չէ, որ նա անկարող է փոխելու որեւէ բան եւ որ պարտավոր է համակերպվել խաղի թելադրված կանոններին: Եվ իշխանությունը ամբողջ պետական կառավարման, արդարադատության համակարգը ծառայեցրել է այս գիտակցության ձեւավորմանը, այս որակի պետություն-հասարակություն հարաբերությունների ստեղծմանը:
Ըստ էության, անկախության 20 տարիներին մենք ստեղծել ենք ոչ թե ուժեղ պետություն, այլ ուժեղ իշխանություն: Ընդ որում` հարաբերականորեն ուժեղ եւ ուժեղ միայն երկրի ներսում: Եվ դա արհեստական, իմիտացիոն է դարձրել մեր անկախությունը: Պետությունը հիմա գտնվում է թե ներքին եւ թե արտաքին կախվածության մեջ:
Ներքին կախվածություն
Քաղաքացիական գիտակցությունից հեռացած լինելով` անկախ պետության իշխանությունը հենման կետեր է փնտրել քրեական եւ օլիգարխիկ շրջանակներում, որոնք ապահովել են նրա շարունակականությունն ու անձեռնմխելիությունը: Անկախության անցած տարիներին ստեղծվեց հենց այդ շրջանակների շահերի պաշտպանությանն ուղղված պետություն, ինչը հանգեցրեց հասարակության սոցիալական ու հոգեբանական ծայրահեղ բեւեռացման:
Անպատժելիությունը, օրենքի խտրական կիրառումը, քաղաքական ու տնտեսական համակարգերի սերտաճումն ու փոխադարձ սպասարկումը, պետական ինստիտուտների ծառայեցումն այս մուտանտային համակարգի կենսունակության ապահովմանը, քաղաքական, տնտեսական, վարչական կոռուպցիան, այս ամենի նկատմամբ ատելության եւ անզորության համատարած զգացողությունը ներկայիս Հայաստանի հիմնական բնութագրիչներն են:
Հայաստանը` որպես պետություն, լիակատար կախվածության մեջ է ընկել հենց օլիգարխահեն իշխանությունից: Ցանկացած բարեփոխում ձախողվում է` բախվելով այդ պատնեշին, եւ ակնհայտ է, որ պետությունը, ունենալով հանդերձ անհրաժեշտ լծակները, սպառել է իր ռեսուրսներով, ներսից վերափոխվելու, այդ կապանքներից ազատվելու բոլոր հնարավորությունները: Սա այն արդյունքն է, որին հասել ենք անկախություն կերտելու ճանապարհին:
Արտաքին կախվածություն
Ներքին այդ զորեղությունը հակառակ համեմատական է իշխանության, այսինքն` նաեւ երկրի արտաքին թուլությանը: Ավելին` հենց արտաքին ճակատում թուլանալու միջոցով է փոխհատուցվել ներքին ուժեղությունը, որը լեգիտիմացվել է արտաքին ազդակների նկատմամբ իշխանությունների համակերպվողականության ու ընկալողունակության արդյունքում: Ինքնապահպանության այս բնազդը կամ գերցանկությունը Հայաստանի իշխանությանը բացարձակ կախվածության մեջ է գցել հատկապես Ռուսաստանից, որի ընկալումներում Երեւանը դարձել է իր ֆորպոստը:
Իշխանության ապահովության եւ անձեռնմխելիության երաշխիքների դիմաց Ռուսաստանը գրեթե ամբողջապես տիրացավ տնտեսության ողնաշարը հանդիսացող էներգետիկ համակարգին, ստրատեգիական նշանակության օբյեկտներին եւ իր տնտեսական ազդեցությունը վերածեց նաեւ քաղաքական ազդեցության: Ու հիմա Հայաստանը գործնականում ռուսական ազդեցության եւ շահերի գոտուց դուրս պրծնելու որեւէ շանս գրեթե չունի: Այս վիճակը, սակայն, հասարակության կողմից որոշակիորեն օրինաչափ է համարվում կիրառվող մանիպուլյացիայի պատճառով, որի գլխավոր գաղափարական հենքն այն է, թե Ռուսաստանը Հայաստանի անկախության եւ անվտանգության երաշխավորն է: Մինչդեռ իրականում տվյալ դեպքում գործ ունենք տիպիկ վասալային հարաբերությունների հետ:
Բայց դրան զուգահեռ, իշխանությունը նաեւ Արեւմուտքից է քաղաքական կախվածության մեջ, եւ դա ավելի խորացավ հատկապես 2008-09 թթ. տնտեսական ճգնաժամի հետեւանքով, երբ ստացած վարկային միջոցների արդյունքում արտաքին պարտքի ծավալը ՀՆԱ-ում մոտեցավ մեզ համար վտանգավոր 40 տոկոսի սահմանագծին: Իշխանությունը, մի կողմից հաշվի առնելով այս ֆինանսական լծակները, մյուս կողմից լրջագույն խնդիրներ ունենալով լեգիտիմության հետ կապված, շատ ավելի զգայուն է դառնում նաեւ Արեւմուտքից ներկայացվող քաղաքական պահանջների նկատմամբ:
Առանձին դեպքերում դրանք վերաբերում են ազգային շահերին` կապված ղարաբաղյան հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Չնայած Թուրքիայի մեջլիսի կողմից հայ-թուրքական հաշտեցմանը եւ սահմանների բացմանն ուղղված արձանագրությունները օրակարգից հանելուն, Հայաստանը չի շտապում ետ վերցնել իր ստորագրությունը. սա միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունից հրաժարվելու կամքի բացակայության արտահայտություն է:
Ներքին անբնական միջավայրի ստեղծմամբ ու արտաքին աշխարհի հանդեպ ավելի խոցելի դառնալով` մենք անգամ չկարողացանք իրացնել մեր ամենահիմնական ձեռքբերումները ղարաբաղյան ազատագրական պայքարում ու նահանջելով, ի վերջո, հասել ենք այնպիսի սահմանագծի, որի մասին 1994 թ. հրադադարի պայմանագիրը ստորագրելիս անգամ չէինք էլ կարող երեւակայել:
Առանձին դեպքերում, իհարկե, Արեւմուտքի գործոնը նաեւ դրական ազդեցություն է թողնում` կապված ժողովրդավարության խարխլված արժեքներն արմատավորելու, մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքական հանդուրժողականության հետ: Ըստ էության, եթե այս երեք ուղղություններով Հայաստանում որեւէ դրական զարգացում է տեղի ունենում, ապա դա բացառապես հենց ԵԽԽՎ-ի կամ ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու եւ նրանց կողմից պատժամիջոցների չենթարկվելու` իշխանության մտավախության արդյունքն է: Այն, ինչ չի կարողանում անել Հայաստանի հասարակությունը, փաստացի փորձում են իրենց վրա վերցնել միջազգային կառույցները: Սակայն խնդիրն այն է, որ այդ լծակներն Արեւմուտքը կիրառում է` ելնելով իր շահերից, այլ ոչ թե սահմանած սկզբունքներից, ինչը իշխանությանը մանեւրելու, դանդաղելու, պարտավորությունները շրջանցելու, իմիտացիոն լուծումներով բավարարվելու հնարավորություն է տալիս:
Ինչեւէ, այս իրողությունները վկայում են, որ որքան էլ ցավալի է, անկախության 3-րդ տասնամյակը թեւակոխում ենք 1990 թ. ընդունված հռչակագրով սահմանված նպատակադրումներին ոչ թե մոտեցած, այլ դրանցից զգալիորեն հեռացած: Անցած 20 տարին չիրացված հնարավորությունների, կորսված ժամանակահատված է: Եվ եթե հիմա Հայաստանի ցանկացած քաղաքացու հարցնենք, թե ինչն է անկախ պետության քաղաքացի լինելու հպարտության իր աղբյուրը, գուցե նաեւ պատասխան չունենանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել