HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Կառավարության դանդաղկոտությունը զարմացնում է

Նորից թունաքիմիկատների գերեզմանոցի մասին
Էկոլոգիական փորձագետ Լիլիկ Սիմոնյանն ասում է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների սողանքը ոչ միայն չի դադարել, այլեւ կարող է ակտիվանալ:
«Այդտեղ հողը հիմա ծանրացել է, 500 տոննա թաղել են, հանած հողը վրան են լցրել, ավազ են լցրել, բետոնով են ծածկել: Այսինքն` հիմնական պատճառը, որի համար մենք անհանգստանում էինք, չի վերացել. գերեզմանոցը գտնվում է սողանքային ակտիվ գոտում»:
«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լիլիկ Սիմոնյանը պնդում է, որ թունաքիմիկատները պետք է արտերկրում ոչնչացվեն, քանի որ այդպես ավելի անվտանգ է:
 
«Չկա մի սարք, որը իր աշխատանքի ընթացքում ինքն էլ չախտահարի արտաքին միջավայրը: Այրման ընթացքում գոյանում են մնացորդներ, որոնք իրենց տոքսիդ նյութերի պարունակությամբ խիստ անհանգստացնող են, հետո էլ պետք է մտածել նրանց չեզոքացման մասին»,- ասում է փորձագետը: Թե երկրում, թե երկրից դուրս թունաքիմիկատների ոչնչացումը բավականին մեծ գումար արժե, որը չի կարողանում ապահովել ՀՀ կառավարությունը: Հիշեցնենք, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գրասենյակը ֆինանսական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել,սակայն այդ գումարը եւս չի բավականացնի թունաքիմիկատները ոչնչացնելու համար:
 
Իսկ ՀՀ կառավարությունը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացրել է 32 միլիոն դրամ` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների կատարման համար, սակայն «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը տարիներ առաջ էր բարձրաձայնել գերեզմանոցի արտակարգ իրավիճակի մասին:
 
Լիլիկ Սիմոնյանը, պատասխանելով «Հետքի» հարցերին, ասաց, որ իրենք զարմացած են Կառավարության դանդաղկոտությունից եւ կոչ արեց ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել` միջազգային կազմակարպերպություրններից ֆինանսներ գտնելու հարցում:
«Թե կոնկրետ որքան գումար է անհրաժեշտ հարցը լուծելու համար, դժվար է ասել, որովհետեւ գերեզմանը բացելուց հետո պարզ կդառնա` նյութերը խառնվել են իրար, թե ոչ: Եթե խառնված են, պետք է տեսակավորվի»,- ասում է փորձագետը:
 
Փորձագետն ասաց, որ այս տարի թունաքիմիկատների գերեզմանոց այցելություններից մեկի ժամանակ, ինքն ու իր ուղեկիցներն իրենց վատ են զգացել: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 6-ին այցելել էր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց եւ ասել, որ տարածքում դեռ պետք է շարունակվեն ուսումնաիրութունները և վերջնական որոշումը կկայացվի միջազգային փորձագետների եզրակացությունից հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter