HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջան. իշխանություններն արհամարհում են մարդու իրավունքների վերաբերյալ քննադատական զեկույցը

Եվրոպայի Խորհրդի առաքելությունը խնդիրներ է տեսնում խոսքի եւ միավորման ազատության ոլորտում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի կողմից պատրաստած խիստ քննադատական զեկույցը հարուցել է կառավարության զայրույթը, մինչդեռ ընդդիմության խոսքերով`իշխանությունները պետք է սա որպես նախազգուշացում ընդունեն`իրադրությունը բարելավելու համար: Հունիսի 29-ին Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգի`Ադրբեջան կատարած 5-օրյա առաքելությունից հետո պատրաստած զեկույցը մարդու իրավունքների վերաբերյալ կենտրոնանում է խոսքի եւ միավորման ազատության խախտումների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների վարքագծի եւ արդարադատության իրականացման վրա: «Ադրբեջանում կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակված է: Երկիրը մեծ բարեփոխումների կարիք ունի», - ասում է Համմարբերգը: Իր ուսումնասիրություններում Համմարբերգը հատկապես մտահոգություն է հայտնել լրագրողների եւ մարդու իրավունքների ակտիվիստների նկատմամբ սպառնալիքների, ոտնձգությունների եւ բռնության դեպքերի վերաբերյալ, որոնք այդպես էլ քննության չեն ենթարկվել: Նա կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «արդյունավետ եւ անկախ հետաքննություն» իրականացնել նման դեպքերի կապակցությամբ` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: «Բոլոր նրանք, ովքեր բանտարկվել են իրենց արտահայտած տեսակետների կամ կարծիքների պատճառով, ներառյալ`Էյնուլլա Ֆաթուլլաեւին, Էմին Աբդուլլաեւին եւ Ադնան Հաջիզադեին, պետք է անմիջապես ազատ արձակվեն», - հայտարարել է Համմարբերգը: «Реальный Азербайджан» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւը ութ ու կես տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչական կազմակերպությանն օգնելու եւ դրդելու մեղադրանքով, եւ բանտարկվել է 2007 թվականից: Այս տարվա ապրիլին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա դատապարտումն անօրինական ճանաչեց`պահանջելով անմիջապես ազատ արձակել նրան: Բլոգերներ Աբդուլլաեւը եւ Հաջիզադեն դատապարտվել են համապատասխանաբար երկու եւ երկուսուկես տարվա ազատազրկման խուլիգանության մեղադրանքով, սակայն իրավապաշտպանները համոզված են, որ նրանք իշխանությունների թիրախ էին դարձել իրենց բլոգերի քաղաքական բովանդակության պատճառով: Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նաեւ պահանջել է, որպեսզի Ադրբեջանն իր օրենսդրությունը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին եւ վերջ տա զրպարտության մեղադրանքով ազատազրկումներին: Նա նաեւ խորհուրդ է տվել իշխանություններին թույլ տալ վերսկսել BBC, «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակումը FM հաճախականությամբ: Ինչ վերաբերում է ոչ կառավարական մարմինների ղեկավարման վերաբերյալ վերջին օրենսդրական փոփոխություններին, Համմարբերգը նախազգուշացրել է, որ դրանք կարող են սահմանափակել միավորման ազատությունը: Զեկույցում նաեւ առանձին գլուխ է նվիրված Նախիջեւանի շրջանին, որն աշխարհագրական առումով անջատված է Ադրբեջանի տարածքից եւ գտնվում է Հայաստանի եւ Իրանի միջեւ: ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նաեւ մտահոգություն է հայտնել հարկադրաբար հոգեբուժարաններ հիվանդներ տեղափոխելու սովորության վերաբերյալ. սա կառավարության ընդդիմադիրներին լռեցնելու խորհրդային ավանդույթն է: Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին Նախիջեւանում շիաների չարտոնագրված կրոնական թափորի երկու մասնակիցներին հոգեբուժարան էին տեղափոխել այն բանից հետո երբ ոստիկանությունը դադարեցրել էր երթը: Ադրբեջանի իշխանությունները թշնամանքով ընդունեցին այս զեկույցը: «Միջազգային կազմակերպությունները, ներառյալ`Եվրոպայի Խորհուրդը, ոչ միշտ են օբյեկտիվ լինում, երբ գործը հասնում է Ադրբեջանին, հատկապես մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ հարցերի վերաբերյալ: Մենք ավելի շատ ենք շահագրգռված մեր հասարակության ժողովրդավարացմամբ, քան եվրոպացիները: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս հարցով ադրբեջանական իշխանությունների գործադրած բոլոր ջանքերն անտեսվեն, իսկ այս խնդիրները չպետք է օգտագործվեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տրված հարցազրույցում նշել էր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, ողջունեցին զեկույցը: «Համմարբերգի զեկույցը մեծամասամբ արտացոլում է ժողովրդավարության իրական վիճակը, ավելի ճիշտ`դրա պակասը», - նշել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի տեղակալ Արիֆ Հաջիլին: Նրա խոսքերով`ԵԽ-ի նման կազմակերպությունների կողմից հնչեցրած աստիճանաբար աճող քննադատությունը ցույց է տալիս, որ «միջազգային հանրությունն այլեւս չի պատրաստվում հանդուրժել նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի`մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պակասը եւ սկսել է իրերն իրենց անուններով կոչել»: Զեկույցը ոգեւորել է նաեւ Ադրբեջանի մարդու իրավունքների ակտիվիստներին: Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը նշում է, որ փաստաթղթում արտացոլված են Ադրբեջանի իրավապաշտպանների բոլոր մտահոգությունները: «Այժմ ԵԽ-ի տարբեր կառույցները պետք է հատուկ քայլեր ձեռնարկեն` իշխանությունների վրա ազդելու համար, որպեսզի լուծվեն մարդու իրավունքների հետ կապված խնդիրները»: Նատալյա Գարախանովա, Կովկաս Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter