Աջակցություն է ստանում սերմնաբուծության ոլորտը
Ձեռք կբերվի «Էլիտային» վերարտադրության ցորենի սերմացու
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի ընթացքում գործադիրը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2010թ. պետբյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից) կառավարության անցյալ տարվա «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» որոշմամբ հաստատված ՌԴ կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով հատկացրել 5 մլն դրամ։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` վարչապետն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունը դեռևս անցյալ տարի հստակ պայմաններ է սահմանել վարկավորում իրականացնելու ծրագրով։ Նպատակը եղել է արտադրանքի արտահանումը, զբոսաշրջության զարգացումը խթանելը։ Անցած մեկ տարում ծրագիրը բավական մեծ հաջողություն է ունեցել, կան ակնառու արդյունքներ, այդ թվում` տնտեսության անցած ամիսների 8.8 տոկոս աճը։ Հաշվի առնելով այս հանգամանքները, կառավարությունը նպատակահարմար է համարել տնտեսության լրացուցիչ վարկավորման համար ԿԲ-ին հատկացնել ևս 5 մլրդ դրամ։
Իր նիստում կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 558 000 հազար դրամ` արտերկրից և տեղական արտադրողներից «Էլիտային» վերարտադրության ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով։
Ծրագիրը հնարավորություն կտա արդեն 2014թ. ցորենի ցանքատարածությունը հասցնել 115-120 հազար հա-ի, ցորենի ինքնաբավության մակարդակը ներկայիս 37 տոկոսից` 55 տոկոսի։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին տարիներին բարձրորակ սերմացու չի ներմուծվել Հայաստան։ Այժմ պետությունը, առաջին անգամը լինելով, զգալի գումար է հատկացնում սերմնաբուծության զարգացմանը այն հաշվով, որ առաջիկայում հնարավոր լինի երկրում արտադրել մինչև 3 հազար տոննա սերմացու։ Դրանով իսկ 3-4 տարում կբավարարվի հացահատիկի սերմացուի պահանջարկը։ Վարչապետի դիտարկմամբ կարևոր է նաև որակյալ սերմացուն ցանել որակյալ հողում, որպեսզի արդյունքը լիակատար լինի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել