HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ գիտնականները բնակարան կգնեն շուկայականից ցածր գներով

Կառավարությունն այսօր որոշել է Երևանի Ազատության պողոտայի N 26 հասցեում` «ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված շենքերի ու շինությունների մի մասը` դրանցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասով հետ վերցնել և նվիրաբերել «Երևանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին` «Մատչելի բնակարաններ երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրով բազմաբնակարան-բազմագործառնական շենք կառուցելու նպատակով։ Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, խնդիրը քննարկվել է երկրի նախագահի հետ, արժանացել նրա հավանությանը։ Համակողմանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ակադեմիայում այժմ աշխատում են ավելի քան 300 երիտասարդ գիտնականներ, ովքեր ունեն բնակարանի ձեռքբերման կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն։ Վերը նշված շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ՀՀ ստեղծագործական միությունների երիտասարդ անդամներին։ «Երևանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն նախաձեռնել է նաև ՀՀ մարզերում իրականացնել «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագիրը, որի առաջին փուլում բազմաբնակարան շենք կկառուցվի Կապան քաղաքում։ Համալիրն ունենալու է 300-320 բնակարան, որոնց կարիքն զգում են քաղաքի հարյուրավոր երիտասարդ ընտանիքներ։ Ծրագիրն իրականացնելու նպատակով գործադիրը Կապանի քաղաքային համայնքի ղեկավարին թույլատրել է վերը նշված ՀԿ-ին գնման նախապատվության իրավունքով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել Կապանի Գ. Արզումանյան 111/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։ Կառավարությունը միաժամանակ որոշել է Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա 47 տների բնակիչներին ընդգրկել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում` համաձայն համայնքի ղեկավարի հաստատած ցուցակի։ Դեռ մինչև երկրաշարժը Կապսի ջրամբարի կառուցման նպատակով նախատեսվում էր գյուղը տեղափոխել նոր տարածք, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շինարարությունը դադարեցվել է, գյուղը չի տեղափոխվել։ Որոշմամբ ակնկալվում է լուծել Ջրաձորի բնակիչների բնակարանային խնդիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter