Հայաստանի առջև լուրջ խնդիրներ են դրվելու
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Առավոտի» հետ զրույցում երեկ նշեց, որ Եվրոպայի խորհրդի առջև պարտավորությունների առումով հին բացթողումներին Հայաստանը վերջին շրջանում հասցրել է ավելացնել նորերը` «մասնավորապես, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի կամ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մշակման առումով սխալ ընթացքի հետ կապված:

Իսկապես, բացթողումները և երկրի մակարդակով չկատարած քայլերը բավականին շատ են: Եվ սա, բնական է, մի օր լուրջ քննարկման թեմա է դառնալու: Մոնիթորինգի հանձնաժողովի առաջին իսկ նիստում, որտեղ ամբողջական քննարկում տեղի կունենա, կարծում եմ` Հայաստանի առջև շատ լուրջ խնդիրներ են դրվելու»:
Ի՞նչ մոծակ էր կծել վարչապետին
Բանից պարզվում է` այս տարի կառավարությունը գումարներ չունի Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար: Հիշեցնենք, որ անցյալ տարի այդ նպատակի համար հատկացվել էր 18 մլն դրամ:
«ՉԻ» - Անցած տարի, եթե հիշում եք, Հայաստանի տնտեսության համար կատաստրոֆիկ էր: Պաշտոնապես արձանագրվեց 14,4 տոկոսանոց անկում, թեև մասնագետները պնդում էին, որ իրականում վիճակը շատ ավելի աղետալի էր:
Այս տարի Հայաստանն արդեն հասցրել է 8,8 տոկոսանց աճ արձանագրել, տնտեսությունը կծու բիբար կերած վագրի պես ոստոստում է, ուրեմն ի՞նչն է պատճառը, որ այս տարի մոծակների դեմ չեն պայքարում: Գուցե անցած տարվա պայքարն անարդյունավե՞տ է եղել: Բայց այդ դեպքում պետք է գտնել մեղավորներին և 18 մլն-ը «վազվռատ անել»: Չնայած` «ոլորտի պատասխանատուները» ասում են, որ լավ էլ արդյունավետ է եղել:
Միակ բացատրությունն այն է, որ անցած տարի Տիգրան Սարգսյանին մոծակը կծել էր, նա էլ որոշել էր պետբյուջեի հաշվին «արժանի հակահարված հասցնել ոսոխին»: Իսկ այս տարի, դատելով ամեն ինչից, կողմերի միջև հրադադար է:
Իլհամի բլեֆը
Ըստ Կիրո Մանոյանի. «Ադրբեջանը ձգտում է հակամարտության լուծումը ԵԱՀԿ-ից տարբեր ատյան տեղափոխել` ՄԱԿ, ԵԽԽՎ, Եվրախորհրդարան: Սրանցից ոչ մեկը, նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակամարտություններ կարգավորելու ճիշտ ատյանը չէ ու նման լիազորություններ չունի:
Ադրբեջանը պետք է հիշի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Արցախի հիմնախնդրի կարգավորումը վստահել է ԵԱՀԿ-ին: Ալիևի վերջին հայտարարությունը, թե սա Հայաստանի վերջին հնարավորությունն է, հասցեագրված է ոչ թե մեզ, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Նա ցանկանում է տեղեկացնել, որ եթե ճնշումներ չգործադրվեն հայկական կողմի նկատմամբ, ապա ինքը որոշ գործողություններ կձեռնարկի: Այսուհանդերձ, հավատացած եմ` պատերազմի հավանականություն գրեթե չկա, ու Իլհամը բլեֆ է անում»:
Մեկ օրում` մեկ տոկոս
Երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում դրամը կտրուկ արժևորվել է: Նախորդ օրը բորսայում 1 դոլարի գինը կազմում էր 368 դրամ, իսկ երեկ արդեն` 364 դրամ 25 լումա: Ըստ այդմ` միայն մեկ օրում դրամն արժևորվել է ավելի քան 1 տոկոսով:
Անցած երկու ամիսների ընթացքում դրամն արժևորվել էր ընդամենը 8 տոկոսով:
Սևանը բարձրանում է, Սերժ Սարգսյանի ամառանոցը` մնում ջրի տակ
Սևանա լճի բարձրացման հետևանքով Սևանի մի շարք ափամերձ օբյեկտներ ու հանգստյան տներ այս տարի հայտնվել են ջրի մեջ: Մասնավորապես, «Մայամի» հանգստյան տանը գրեթե կես մետր ջուր է լցված, նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանի` հարևանությամբ գտնվող ամառանոցին:
Առայժմ նորմալ վիճակում է հարևանությամբ գտնվող «Հարսնաքարը»: Երբ «Մայամիի» նախկին հանգստացողներից մեկը պանսիոնատի տնօրինությունից հետաքքրվել է, թե հնարավոր չէ՞ ինչ-որ բան ձեռնարկել, այնտեղ ուսերն են թափ տվել և ասել. «Որ մի բան հնարավոր լիներ անել, հենա Սերժի դաչան կփրկեին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել