HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտե՞ղ կսկեն ուսումնական տարին վարդենիսցի աշակերտները

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցը սեյսմիկ ծառայության աշխատակիցները գնահատել են 4-րդ կարգի վթարային: Այս դպրոցին արդեն անդրադարձել էինք  (Տես` 1988-ից վթարային դպրոցը դպրոցաշինական որեւէ ծրագրում չի ընդգրկվել): Հիշեցնենք, որ 129 աշակերտ ունեցող դպրոցի շենքի նկուղում գարնան հալոցքի ժամանակ ջուր է հավաքվում: Դպրոցի ջրահեռացման համակարգը խցանված էր, եւ ջրերը լցվում են նկուղը: Շահագործման օրվանից` շուրջ 30 տարի, դպրոցի շենքը չի վերանորոգվել: 1988 թ. երկրաշարժից հետո այն վթարային է դարձել: Սպորտդալիճը ծառայում է, գյուղացիների խոսքերով, թե' որպես հարսանքատուն, թե' հոգեհանգստի հացի մատուցման վայր: Մեր հրապարակումից հետո միայն սեյսմիկ ծառայության աշխատակիցներն այցելել էին դպրոց եւ որոշել վթարայնության աստիճանը: Սոցիալական ներդրումների հիմնադրամի աշխատակիցները եւս այցելել են Վարդենիս, եւ եկել այն եզրակացության, որ դպրոցի վերանորոգումն անիմաստ է: Սոցիալական ներդրումների հիմնադրամի Փորձաքննության բաժնի վարիչ Ռուբեն Թերզյանը մեզ տեղեկացրեց, որ բացի նրանից, որ դպրոցը վթարային է, նաեւ ճիշտ տեղում չի կառուցված: «Պետք է հիմնովին նորը կառուցել»,- ասաց Ռ. Թերզյանը: «Հիմա հանգստի շրջան է, եթե չպիտի սկսեն նորոգել կամ նորը կառուցել, չորրորդ կարգի վթարային շենքում ինչպես են սկսելու դասերը»,- մտահոգվում է համայնքապետ Կամո Պետրոսյանը: Սոցիալական ներդրումների հիմնադրամի Փորձաքննության բաժնի ինժեներ Մորիս Եղիազարյանը նշեում է, որ իրենց իրականացրած   դպրոցաշինական ծրագրերի առավելագույն գումարը 130 մլն դրամ է, եթե գումարը դրանից անցնում է,  ծրագիրը մերժվում է: Իսկ այդ գումարով դպրոցը կապիտալ վերանորոգել հնարավոր չէ: Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը եւ գյուղապետը տեղեկացրին, որ  հարցով Արագածոտնի մարզպետը խոստացել է այցելել գյուղ Սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հետ: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք մոտ օրերս անպայման այցելելու են Վարդենիս: Եվ քանի որ շենքը 4-րդ կարգի վթարային է, իսկ դպրոցը` մեծ, ինքն առաջարկել է վերանորոգել դպրոցի մի մասնաաշենքը, եւ այս դեպքում Սոցներդրումի հիմնադրամի հատկացրած գումարը կբավականացնի: «Ամբողջ շենքը վերանորոգելու համար 280 մլն դրամ փող է պետք, իսկ 280 մլն դրամ իրենք չունեն, պետք է պայմանավորվենք, որ մի մասնաշենքը վերանորոգենք, որ երեխաներին հնարավորություն տանք դպրոց հաճախելու, հետո մյուս տարի կմտածենք բյուջեով կամ այլ հիմնադրամի աջակցությամբ ավարտենք մնացածը»,- ասաց մարզպետը: Մարզպետի խոսքով, եթե Սոցներդրումների հիմնադրամի հետ համաձայնության գան,  այս տարի անպայման կսկսեն վերանորոգումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter