HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղպատցիները երբեմն ասում են` կարճ կապիր, Հայր սուրբ

Մեծ ճանաչում ունեցող, Հայաստանի նշանավոր վանքային համալիրներից մեկը` Հաղպատավանքը, որը միջնադարում Հայաստանի հոգեւոր մշակութային  կենտրոններից մեկն է եղել, այսօր էական ազդեցություն չունի Հաղպատ գյուղի գյուղացիների հոգեւոր աշխարհի վրա: Հաղպատը հայտնի է եղել ոչ միայն վանքային համալիրով: Գյուղում 1903թ.-ին ստեղծվել է Անդրկովկասի հնագույն կոմունիստական կազմակերպություններից մեկը` Հաղպատի կոմբջիջը: Վերջինիս լենինյան գաղափարախոսությունը 20-րդ դարի շուրջ 90 տարիների ընթացքում էապես նպաստել է հաղպատցիների աթեիստական դաստիարակությանը: Արդյունքում հաղպատցիները, որքան էլ այսօր  իրենց վարքագծով խաղաղ ժողովուրդ են, դժվարությամբ են ընդունում  քրիստոնեական հոգեւոր արժեքները: «Նախքան ազատությունը և անկախությունը, իհարկե, չգիտեմ` ինչպես էր այստեղ կրոնքի հետևությունը ժողովրդի կողմից, սակայն լսել եմ, որ լավ չի եղել, որովհետև աթեիզմ քարոզվում էր, և զգույշ էին մարդիկ իշխանությունից` ինչ-ինչ պատճառներով: Հաղպատում ունինք երեխաների խումբ մանկապատանեկան, որոնք երգչխումբի մաս կկազմեն, որից 4 տղաներ նույնիսկ խորանի վրա սարկավագի բաժինն եմ սովորացրած, որ երգում են: Իմ նախորդը փոխասացության ընթերցումները սովորացրել է` ամենօրյա երեկոյան ժամերգության մասնակցելու: Ամեն մեկս մի բան ավելացնում ենք և ուրախ եմ, որ այդ երեխաները կան: Բայց  ո՞ւր են այդ երեխաների ծնողները, ինչքա՞ն են հետաքրքրված: Ցավոք պիտի ասեմ, որ ընդհանրապես գալիս են, մոմ են վառում և կարծում են իրենց համար էդ է եկեղեցի հաճախել, կամ քրիստոնեություն ցուցաբերել»,- ասում է  Հաղպատավանքի վանահայր, հոգեշնոր Տեր Ասպետ վարդապետ Բալյանը: Վանահայրը դժգոհեց, որ Հաղպատցիներն իր քարոզները միայն լսում են, սակայն ռեակցիան տխուր է լինում: «Լավ էլի, ես հավատք ունեմ, ես այս ձևով եմ արտահայտում իմ հավատքը և նման պատասխաններ եմ լսում, որը բավարար չէ»,- դժգոհեց Տեր Ասպետը: Նա զարմանք հայտնեց նաև տարածաշրջանում ընդունված մկրտության կարգից. «Այո, կնքվում են, նախապես եղել է խմբային մկրտություններ և այլն: Դա որքա՞ն վավերական է, կամ, ավելի ճիշտ` որքա՞ն նպատակահարմար է,   չգիտեմ, որովհետև մի քանի անգամ ականատես եմ եղել Աքորիի եկեղեցու օծման, մի 120 հոգի մկրտվեց, ոչ այլևս լռությունն են պահպանում, հաճախ միջամտում ես, որ լուռ մնան, ոչ այդ սրբությունն է մնում, ոչ այդ խորհուրդն է մնում,  ոնց որ մեծաքանակ արտադրանքի նման սա էլ, ըստ իս, ճիշտ ձև չէ: Ավելի լավ է, որ 7 հոգի, 8 հոգի, թեկուզ 20 հոգի մկրտվի, բայց քանի մը, քավոր լինի, որ ճանաչի իր կնքահայրը: Կնքահայրը ճանաչի իր սանը, ոչ թե ձևական մկրտություն` այսինչը ոսկե խաչեր է տվել, կամ սուրբ գրքեր է բաժանել, որ երեսը չի էլ տեսել, ներկա էլ չի հիմա, իսկ հովանավորել է»: Տեր Ասպետն իր մտահոգությունը հայտնեց Հաղպատավանքի պատարագներին բնակչության նվազ մասնակցության համար, ասաց որ պատարագներին հատուկենտ անձնավորություններ է տեսնում, տակավին չի տեսել մեկին, որ լրիվ պատարագին մասնակցի, միակ բացառությունը «Զատիկն» է: «Ծնունդն անգամ մի քիչ գալիս են, ջրօրհներքի արարողության մասնակցում են, ջուր են տանում, Զատիկի արարողությանն էլ ձու են տանում մի հատ օրհնված, բայց Զատկին պիտի ասեի, որ ավելի մասնակցում են: Ընդհանրապես սովորական կիրակիներուն անհատաբար կուգան, էսպես մոմ են վառում ու գնում»,- ասում է նա: Ըստ վանահոր` կիրակնօրյա պատարագներին ավելի բարեխիղճ մասնակցում են Երևանից, Ապարանից, Ծաղկաձորից և այլ վայրերից Հաղպատավանք ժամանած  հավատացյալները: «Մեր ժողովրդի մեջն այցելում եմ, տնօրհներք եմ անում և ուզում եմ ավելի երեխաներ ուղարկեն եկեղեցի: Սկսել եմ կիրակօրյայի նոր ծրագիր` կիրակնօրյա հոգևոր դպրոցի, որը ավելի հոգևոր դաստիարակություն փոխանցել եմ սերունդին, փոքր տարիքից, որպեսզի հավատքով, եկեղեցվո սկզբունքով ու դավանանքով արդեն թրծվեն, պատրաստվեն  և այդպես մեծանան»,- ասաց վանահայրն ու կրկին դժգոհեց  ծնողների անտարբերությունից. «Ավելի բիզնեսային բաներ են ուզում, քան թե հոգևոր կուշտ դաստիարակություն»: Ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին եկեղեցու սպասավորների կողմից սատարելու առընչությամբ Տեր Ասպետը հայտնեց իր համաձայնությունը. «Ես շատ համաձայն եմ, որ եկեղեցականը պետք է հասնի ամեն տեղ և, ցավոք, այստեղ չեմ տեսնում այդ իրագործումը: Ինձանից չէ, հոգևորականից չէ, չգիտեմ` ինչ է, որովհետև որտեղ որ ես ծառայել եմ արտասահմանում, մնեք խրատականներ ենք տվել, հիվանդներին տան մեջ, հիվանդանոցի մեջ այցելել ենք, հաղորդության հասկացողությունը կա, ժողովրդի մեջ ընկալումը կար, պատրաստակամությունը կար: Այստեղ, երբ որ Հարության մասին ես խոսում, ասում են` այդ ինչ է»: Ըստ վանահոր` քրիստոնեական շատ արարողակարգեր անգամ բացատրելուց հետո անհասկանալի են մնում Հաղպատցիներին. Երբ նրանց հրավիրում է եկեղեցի, պատասխանում են. «Լավ  էլի, թողեք, Հայր Սուրբ, մենք բոլորին էլ սիրում ենք, բայց էդ բաները մի ասեք էլի, մենք մեր Աստվածը ճանաչում ենք, Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակն ենք, մենք բոլորիտ էլ հարգում, սիրում ենք»: Այսուհանդերձ, Տեր Ասպետը հայտնեց, որ կան մարդիկ, ովքեր շատ գիտակցությամբ դիմում են պսակադրության և մահվան արարողակարգի համար. «Բայց պատահել է` ինձ ասել են` կարճ կապի: Որովհետև լսել եմ ուրիշ տեղեր ավելի կարճ են արարողությունները: Ասել եմ` լսեք, եթե սա  քեզ համար պսակ է, սա  մկրտություն է  է քեզ համար, սա հատուկ խորհուրդ ունի և կյանքի մեջ պսակը մի անգամ պետք է լինի: Մենք չենք քաջալերում ամուսնալուծությունը, չէ՞ որ, երբ միացնում ենք, ուրեմն Աստծով միացած եք` աստվածային օրհնությամբ, և դուք պետք է մինչև կյանքի վախճանն իրար հետ ապրել, նեցուկ կանգնել, մեկդ մյուսին սատարել, հանուն ընտանիքի, հանուն սիրո, հանուն այդ միավորման` աստվածային օրհնությամբ: Ինչո՞ւ չես կարող 30-35 րոպե արաողության կանգնել»: Ըստ Տեր Ասպետի`շատերն են հանդիպում, ովքեր գահատում են մեծ խորհուրդ պարունակող արարողակարգրը: Սակայն այդ մարդիկ նորից ոչ թե հղպատցիներից են, այլ հանրապետության այլ շրջաններից եկածներ: «Հետքի» հետ իր զրույցի վերջում Հաղպատավանքի վանահայրը կարևորեց հոգևոր աշխատանքում ծխական խորհրդի ստեղծումը. «Որտեղ, որ ես ապրել եմ արտասահմանում, նույնիսկ Հայաստանի տարածքում, որոշ եկեղեցիներ ունեն ծխական խորհուրդ, բայց Հայաստանում դա տարածված կարգավիճակ չէ: Այսինքն` ծուխ կկոչվի այն թաղամասը, որ հատուկ մի եկեղեցու է պատկանում: Գյուղի ժողովուրդը ծխական են, այսինքն` անդամներն են այս եկեղեցու` Հաղպատավանքին: Սակայն ծխական լինելը նաև գիտակցություն և պարտավորություն կենթադրե. պետք է գան եկեղեցուն սատարեն, ինչպես Հին Ավետարանի մեջ ասվում է տասանորդի հարց: Այլ երկրներում հենց մասնակցում են գործուն կերպով` այս առաքելության մեջ: Եկեղեցիին, ժողովուրդն ինքն էլ է սատարում հոգևորականի հետ, որ կանգուն մնա, աշխույժ մնա  և իր արդյունքը տա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter