HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզում 35 երեխա «օդի մեջ» է

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան եւ քաղաքացիության իրավունք: Երեխայի ծննդյան փաստը օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Սակայն շատ են դեպքերը, երբ երեխան պետք է դպրոց հաճախի, բայց պարզվում է, որ նա դեռ ծննդյան վկայական չունի: Ժամկետի բացթողումով ծննդյան վկայականների ստացման ժամանակ բացահայտվում են սոցիալական բազմաթիվ խնդիրներ, քանի որ նման փաստի առաջ են կանգնում հիմնականում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող եւ իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող ընտանիքները: «Հետքը» բազմիցս անդրադարձել է այդ թեմային, որ հաճախ երեխաները ընտանեկան նպաստից զրկվում են ծննդյան վկայականներ եւ այլ փաստաթղթեր չունենալու պատճառով: Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից 2006-2010թթ. ընթացքում մարզի 68 համայնքներում բացահայտվել են ծննդյան պետական գրանցում չունեցող 353 երեխա: Նրանցից 320-ն արդեն ստացել են ծննդյան պետական գրանցում, որոնցից 53-ը դպրոցահասակ են եղել: Դատարանների վճռի հիման վրա ծննդյան վկայական են ստացել 3 երեխաներ: Այժմ Արագածոտնի մարզի 11 համայնքներում դեռ կան 35 երեխան, ում ծնունդը պետական գրանցում չունի: Նշված երեխաները 2-17 տարեկան են: Մարզի Շամիրամ գյուղից 17 տարեկան 2 երեխա էլ, որոնք մինչ օրս ծննդյան վկայականներ չունեն, արդեն պետք է անձնագիր ունենային, բայց քանի որ նրանց ծնունդը մինչ օրս ոչ մի տեղ գրանցված չէ, չեն կարող անձնագիր էլ ստանալ: Մարզպետարանից փոխանցեցին, որ նման իրավիճակում հայտնված երեխաները շատ են հատկապես Արագածավան (11 երեխա), Հարթավան (5 երեխա), Շամիրամ (4 երեխա), Միջնատուն (4 երեխա), Քուչակ (3 երեխա) համայնքներում: Դրանց պատճառները տարբեր են` համայնքում հաշվառված չլինելը, տնային ծնունդները, արտերկրի քաղաքացիություն ունեցող ծնողի երեխաները, քաղաքացիների կողմից իրավական ակտերի գրանցման կարգի վերաբերյալ տեղեկացված չլինելը եւ այլն: «Մեզ պահանջված ձեւով տեղեկատվություն են ուղղարկել մարզի միայն 47 համայնքներից: Շատերն էլ բանավոր տեղեկացրել են, որ իրենց համայնքներում չկան այդպիսի երեխաներ: Կարեւոր է` այդ փաստը նրանք գրավոր հավաստեն, քանի որ անցյալ տարիների աշխատանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքներում միշտ չէ, որ ճշգրիտ բացահայտում են կատարում»,- ասում է մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը: «Դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության խնդիրները» թեմայով հուլիսի 14-ին Արագածոտնի մարզում տեղի է ունենալու խորհրդակցություն` մարզպետի, Տարածքային կառավարման եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարների մասնակցությամբ: Երեխայի ծննդի պետական գրանցման հարցում որպես շահագրգիռ կողմ կարող են հանդես գալ բժշկական հաստատությունները, խնամակալության եւ հոգաբարձության մարմինները, կրթական հաստատությունները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները: Գյուղերում այդ հարցով պետք է գյուղապետերը հետաքրքրվեն, սակայն որոշ դեպքերում համայնքապետերը բոլորովին անտեղյակ են լինում, թե ինչ վիճակ է իրենց համայնքում: Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է պետական գրանցում չունեցող երեխաների թիվն իրենց համայնքում այդքան շատ: «Իրանց ո՞վ է այդ թիվն ասել, որ հայտարարել են: Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում: Ես չեմ հավատում, որ մեր համայնքում այդքան երեխա ծննդական չունի, երեւի իրենց թիվ էր պետք կարդալու համար, ասել են»,- ասում է Ա. Պապիկյանը: Գյուղապետի ասելով` ինքը գիտի, թե քանի հոգի են գյուղում ծնվում, մահանում, իսկ թե քանիսը ծննդական չունեն, տեղյակ չէ. «Ախր, նման բան չի կարա լինի, հիմա, ո՞վ է հիվանդանոցից առանց ծննդականի երեխա դուրս գրում, որ 11 երեխա էլ ծննդական չունեն»: Երեկ էլ մարզխորհրդի նիստի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը գյուղապետերին խիստ հրահանգեց միջոցներ ձեռնարկել պետական գրանցում չստացած երեխաներին բացահայտելու ուղղությամբ: Թե այդ հորդորը ինչքանո՞վ կազդի գյուղապետերի վրա, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստ է, որ ծննդական չունեցող երեխաների թիվը չի նվազում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter