HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն այցելել է Կոտայքի մարզ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցելությամբ եղել է Կոտայքի մարզում: Առաջին կանգառը եղել է Մարմարիկում, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին, և ոլորտի պատասխանատուների հետ քննարկել շինարարական աշխատանքների մանրամասներն ու ժամկետները: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կստեղծի էլեկտրաէներգիայի տնտեսման, ինչպես նաև մարզի ոռոգման խնդիրների լուծման համար: Անդրադառնալով ջրամբարի կարևորության վերաբերյալ լրատվամիջոցների հարցին Տիգրան Սարգսյանն ասել է. «Ջրամբարի կառուցումն ունի մեծ նշանակություն: Մի կողմից այն մեզ հնարավորություն է տալիս հստակ կարգավորելու Սևանա լճից օգտագործվող ջրի ռեժիմը, մյուս կողմից բարձրացնելու համակարգի արդյունավետությունը: Մենք ավելի քիչ էլեկտրաէներգիա ենք ծախսելու, որպեսզի ջուրը մղենք այն տարածքներ, որտեղ ջրի անհրաժեշտություն կար: Ցավոք, մենք չէինք կարողանում դա ապահովել, քանի որ ջրի մատակարարումը բավականին թանկ էր նստում: Մարմարիկի ջրամբարի կառուցումը ընդհանուր առմամբ բարձրացնելու է մեր ջրային տնտեսության արդյունավետությունը և հնարավորություն է տալու նաև ֆինանսական տնտեսումներ կատարել, առավել ռացիոնալ օգտագործել էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարները»: Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, շուրջ 4,6 մլրդ դրամի արժեքով շինարարությունն իրականացվում է ՀԲ «Ջրամբարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում և կավարտվի մինչև տարեվերջ: Կառավարության ղեկավարը եղել է նաեւ Աղվերանում, մասնակցել «Աղվերան հոթել» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Միջոցառմանը հաջորդել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և հայաստանյան «Էլիտ գրուպ» ընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը, որով ընկերությունը ստանում է 9 մլն դոլար: Հիշեցնենք, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում «Էլիտ գրուպ» ընկերությանը տրամադրվել էր վարկային երաշխիք, որն արդեն իսկ վերադարձվել է: Ամփոփելով այցը` կառավարության ղեկավարը նշել է, որ կարևորում է մարզերի սոցիալ- տնտեսական շարունակական և համակողմանի զարգացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter