Նոր ծրագիր. «Կայուն դպրոցական սնունդ»
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP) հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Մելանի Մեյսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մանրամասներ:
ԿԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` Ա. Աշոտյանը, ողջունելով ծրագրի գաղափարը, ընդգծել է ծրագրի իրագործման համատեքստում նախարարության մի շարք հիմնական մոտեցումներ: Մասնավորապես, ծրագրին նախարարության` որպես գործընկեր գերատեսչության, ակտիվ մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել գործողությունների ժամանակացույց` նշելով յուրաքանչյուր կողմի պատասխանատվությունը, բացի այդ, ծրագրի աշխատանքային խմբում ընդգրկել նախարարության ներկայացուցչին, ինչպես նաև պայմանավորվել ծրագրի ընթացիկ որոշումները համատեղ ընդունելու մեխանիզմների շուրջ:
Անդրադառնալով ծրագրի մանրամասներին` նախարարը նշել է սննդի ներկրման, տեղում գնման, ինչպես նաև համայնքի ներդրումների վերահսկման մեխանիզմների մասին: Ա. Աշոտյանն առանձնակի ուշադրության է արժանացրել ծրագրի շրջանակում տեղական արտադրանքի օգտագործմանը` նշելով, որ վերջինս կխթանի նաև տեղական կարողությունների զարգացումը:
Տիկին Մեյսոնն իր հերթին տեղեկացրել է, որ ծրագրի դոնոր է հանդիսանում է ՌԴ կառավարությունը, որը 3 տարվա ընթացքում ծրագրին կտրամադրի շուրջ 8մլն դոլարի ներդրում: Դպրոցական սնունդ կմատակարարվի ՀՀ 6 մարզի 700 դպրոցի շուրջ 50 հազար աշակերտի: Տիկին Մեյսոնը նշել է, որր մոտ ապագայում նախատեսվում է համապատասխան եռակողմ համաձայնագիր ստորագրել ՀՀ և ՌԴ կառավարությունների և Պարենի համաշխարհային ծրագրի միջև: Հայաստանյան գրասենյակի ղեկավարը նաև ընդգծել է, որ նախնական ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ երեք` Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում` ճշգրտելու դպրոցների սանիտարահիգիենիկ և պահեստային պայմանները` ծրագիրը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Նախարարը, անդրադառնալով «Դպրոցական սննդի ազգային ծրագրի ռազմավարությանը», նշել է, որ փաստաթղթի մշակման հարցում հայկական կողմն ակնկալում է միջազգային փորձագետի ներգրավում: Նա անդրադարձել է նաև սննդի անվտանգության ապահովման, պահեստավորման և փոխադրման, ինչպես նաև դպրոցներում սննդի կազմակերպման ժամանակավոր կարգի հաստատման, դպրոցներին ներկայացվող պահանջների, կարողությունների գնահատման և որոշումների կայացման մեխանիզմների մշակման խնդիրներին: Ծրագրի հաջող իրականացման գործընթացում Ա. Աշոտյանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության ներգրավումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել