«Եթե այդ մարդիկ պատգամավոր չլինեին, կարող էին նույն ձեւով մոնոպոլ տնտեսություն ունենալ»
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը
Վերջերս ՀՀԿ-ի ներսում անընդհատ խոսում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններին չեն խրախուսելու գործարարների մուտքը Ազգային ժողով: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում գործարարներն ի՞նչ տոկոս կկազմեն:
Չեմ կարող ասել, որովհետեւ ընտրությունների համամասնական ցուցակը դեռ չի քննարկվել եւ այդ մասին որեւէ գաղափար չունեմ, բայց կարող եմ ասել, որ ընտրված «պրինցիպը», որ ուղղակիորեն գործարարությամբ զբաղվող մարդիկ, իհարկե, պիտի ավելի քիչ ներկայացված լինեն, կա: Իսկ մեզանում դրա տակ շահարկում կա: Գործարարությամբ զբաղվելը եւ սեփականություն ունենալը տարբեր երեւույթներ են, եւ որեւէ տեղ սահմանափակված չեն սեփականություն ունեցող մարդու իրավունքները, այդ թվում` քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը:
Այստեղ փոքր-ինչ նենգափոխում կա, որը շահարկվում, օգտագործվում է: Որովհետեւ պարտադիր չէ, որ սեփականություն ունեցող բոլոր մարդիկ, սեփականատերերը ուղղակիորեն զբաղվեն իրենց տնտեսությունը կամ բիզնեսը կառավարելու գործով: Իհարկե, եթե մարդն ուղղակիորեն զբաղվում է իր բիզնեսի գործերով, նա եւ ժամանակ չի ունենում քաղաքականությամբ զբաղվելու համար, եւ շահերի բախում կարող է առաջանալ:
Այս շահարկումը անազնիվ մոտեցում եմ համարում:
Բայց խորհրդարանում այսօր էլ կան պատգամավորներ, որ մենաշնորհային տնտեսական գործունեություն են վարում, օրինակ` Սամվել Ալեքսանյանը:
Եթե այդ մարդիկ պատգամավոր չլինեին, կարող էին նույն ձեւով մոնոպոլ տնտեսություն ունենալ, մոնոպոլ դիրք ունենալու համար բոլորովին պարտադիր չէ պատգամավոր լինել: Չեք բացառում, չէ՞, որ կարող եք պատգամավոր չլինել ու մոնոպոլ դիրք ունենալ:
Բայց պատգամավոր լինելն առավելություն է, չէ՞:
Պատգամավոր լինելը հնարավորություն կարող է տալ, բայց այդ դեպքում էլ կոնկրետ դեպքով կարելի է առանձին խոսել: Ես հասկանում եմ, որ Ձեր հարցը նաեւ իմ անձին է վերաբերում:
Որքանով ես գիտեմ, Դուք դեռ մոնոպոլ տնտեսություն չունեք:
Շնորհակալ եմ օբյեկտիվ դատողության համար: Բացի դրանից, որ նախկինում ուղղակի գործարարությամբ զբաղվող եմ եղել, այսօր զբաղվում եմ ուղղակի քաղաքականությամբ: Տեսեք, բիզնեսով զբաղվել եմ 1986 թ.-ից եւ 1991 թ. սկսած` դադարեցրել եմ իմ ուղղակի մասնակցությունը բիզնեսին, հետագայում էլ դարձել եմ պատգամավոր եւ շարունակել եմ նույն մոտեցումով աշխատել: Ընդ որում` եղել եմ ակտիվ պատգամավորների թվում, գոնե իմ կարծիքով, շատ աշխատող եմ եղել եւ շատ ներկայացված: Որեւէ մեկը չի կարող ասել, որ ես չեմ զբաղվում իմ ուղղակի քաղաքական, խորհրդարանական աշխատանքով եւ զբաղվում եմ ուղղակի բիզնեսով:
Իսկ Դուք Ձեր պաշտոնական դիրքը երբեւէ չե՞ք օգտագործել բիզնեսում հաջողություններ ունենալու համար:
Մինչ պատգամավորի դիրք ունենալն եմ զբաղվել բիզնեսով եւ բավականին հաջողություններ ունեցել եմ: Պատգամավոր լինելը, բացի նրանից, որ շատ-շատ գործարարների ժամանակն է տանում, որ գալիս են խորհրդարան, ուրիշ որեւէ բան չի տալիս: Խոսքս ուղղակի քաղաքականությամբ զբաղվողների մասին է: Բայց այստեղ ուրիշ կողմ էլ կա, երբ ժամանակին տնտեսվարողները, որ գալիս էին խորհրդարան, շատերս, այդ թվում հասարակությունը ողջունում էին այդ երեւույթը: Որովհետեւ տնտեսությունից լավ հասկացողների կարիք կար, գործարարների վիճակը լավ պատկերացնող, մեր օրենսդրության, տնտեսական քաղաքականության բացերը լավ հասկացող, պրակտիկայում տեսնող եւ հասկացող մարդկանց խոսքի կարիքը զգացվում էր:
Մարդիկ մեծ ներդրում են ունեցել մեր օրենսդրության դաշտի ձեւավորման, տնտեսական քաղաքականության բարելավման գործում: Դա միայն 1-2 գործարարին չէ, որ անհրաժեշտ էր, մեր ընդհանուր տնտեսական դաշտին էր անհրաժեշտ: Այդ ներդրումը եղել է օգտակար, պիտանի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել