HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ադրբեջանական դիրքերից երեւում են Տիգրանակերտի հզոր պարիսպները

Ադրբեջանի ակադեմիան 2 որոշում է ընդունել Արցախի Տիգրանակերտի մասին, որոնցում նշվում է, թե հայ հետազոտողները ստում են, Ղարաբաղում ադրբեջանականից բացի, այլ հնություն լինել չի կարող, ուստի 2005թ. հայտնաբերված քաղաքը չի կարող լինել արքայից արքա Տիգրան Մեծի հիմնադրածը, քանի որ հայերն այդ տարածքում հայտնվել են 19-րդ դարում: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը եւ հավելում. «Բայց նաեւ հետաքրքիր է, որ եթե սկզբում ադրբեջանական արձագանքները սկսում էին միայն հայ հետազոտողներին ստախոս անվանելով, հետագայում նրանք սկսեցին գրել, որ այդ քաղաքը Տիգրանակերտը չէ, իսկ վերջին հոդվածը, որը լույս է տեսել մի քանի ամիս առաջ, իրենց հայտնի մասնագետներից մեկի` Խավիրովի կողմից, արդեն վերնագրված է` Աղվանական Տիգրանակերտ»: Ըստ Պետրոսյանի` զարգացումն ուշագրավ է նրանով, որ ադրբեջանցիներն արդեն ընդունում են Տիգրանակերտի գոյությունը, սակայն չգիտես որտեղից, այն անվանում են աղվանական: «Սա մեր ակնհայտ առաջընթացն է, լուրջ դիրքերի հատագա ամրապնդումը»,- ասում է նա` ընդգծելով, որ հնարավոր չէ հաշվի չնստել հայկական այնպիսի մի քաղաքի գոյության հետ, որի հյուսիսային պարիսպը 120 մետր երկարություն ունի եւ տեղ-տեղ 5 մ բարձրություն. «Այդ ամենը սրբատաշ, ծիծեռնակապոչ կապերով: Ամբողջ Ադրկովկասում նման պատերը հայտնվում են միայն հելլենիստական դարաշրջանում: Դրանք, որպես կանոն, բոլորն էլ հզոր միապետերի նախաձեռնություններ են, եւ հնարավոր չէ այս ամենն ուրանալ»: Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքում այսօր էլ հնագիտական պեղումները շարունակվում են: Աշխատանքները վերսկսվել են հունիսի 15-ին եւ կավարտվեն օգոստոսի 25-ին: Ամբողջ ֆինանսավորումն իրականացնում է ԼՂՀ կառավարությունը: «Այսօր Արցախում, գոնե վերջին 3 տարիների ընթացքում, ընթանում է մշակութային քաղաքականության նոր մոդելի ձեւավորում, որն ուղղված է նրան, որ մշակութային ժառանգությունը ոչ թե վերածվի թանգարանային արժեքի, այլ մեզ սովորեցնի գնահատել մեր ունեցածը: Այս տեսակետից` զբոսաշրջության, զանազան տնտեսական համակարգերի եւ մշակույթի համադրումը նոր հեռանկարներ է մեզ խոստանում»,- ասում է արշավախմբի ղեկավարը եւ շեշտում, որ մշակույթը նախեւառաջ գործիք է այսօրվա եւ վաղվա օրը կերտելու առումով, ու եթե այն դադարի այդպիսին լինելուց, զգալիորեն կնվազի ժողովրդի առաջընթացի ներուժը: «Ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեկը հայտնվի Տիգրանակերտում, բարձրանա պարիսպների մոտով եւ հատուկ հպարտության զգացում չունենա: Պարզապես հպարտանում ես մարդկության ձեռքբերումով: Հպարտանում ես, որ ահա, այսպիսի քաղաք են ստեղծել, որը ուղղված է դեպի Քուռը, այն հսկողության տակ է վերցրել ողջ տափաստանը` մինչեւ Կովկասյան մեծ լեռնաշղթան, եւ այդ ամենի ուժն այսօր էլ կարելի է զգալ»,- ասում է Համլետ Պետրոսյանը: Ըստ նրա` արշավախմբի անդամներն ամեն տարի մոտ 10-15 օր զբաղվում են միայն հուշարձանի լանդշաֆտային տեսքը պահպանելու խնդիրներով. «Տիգրանակերտը տեսանելի է 20 կիլոմետրից, եւ մենք պետք է պեղումներն այնպես անենք, հարթակներն այնպես մաքրենք, որ այդ հզոր պարիսպները տեսանելի լինեն նաեւ ադրբեջանական դիրքերից»: Այս տարի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում: Այսպես կոչված, ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը: Երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները: Եվ երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ: «Հիմա մենք բացում ենք սյունասրահի առաջին կամ արեւելյան սենյակը, որից հետո բացվելու է սալահատակված սյունասրահը: Հույս ունենք այդտեղ նոր նյութեր գտնել, քանի որ դա թաղումների, կոթողների կանգնեցման հիմնական հրապարակն է: Այսօր արդեն գտել ենք մի քանի ուշագրավ նյութեր, այդ թվում` պղնձե զարդեր, դրամներ, զանազան կենդանակերպ անօթների ծորակներ: Մոտ 10 օր առաջ պեղվել է մի շատ հզոր, անտիկ կարաս` վրան օձապատկեր: Ընդ որում` այն Արցախում տարողությամբ ամենամեծ կարասն է, մոտավորապես 600 լիտրից ավելի»,- ասում է արշավախմբի ղեկավարը: Վերականգնվելուց հետո կարասը կցուցադրվի Տիգրանակերտի հնագիտական թանգարանում: Այն սկսել է գործել մեկ ամիս առաջ եւ այցելուներին ներկայացնում է 5-ամյա պեղումների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները: Հաջողությամբ են ավարտվել նաեւ Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի փնտրտուքները: «Մենք այսօր առնվազն երկու կետ ունենք, որտեղ կան կարասային թաղումներ: Որոշ նյութեր, մասնավորապես տափաշիշն արդեն հանվել է եւ այսօր ցուցադրվում է թանգարանում: Հույս ունենք առաջիկա 10-15 օրերին ավելի ամբողջական ներկայացնել անտիկ դամբարանադաշտը: Սա շատ էական է, որովհետեւ այն ժամանակվա թաղումներում բավականին նյութ էր օգտագործվում, եւ մենք հույս ունենք, որ գոնե կգտնենք ինչ-որ դրամներ, որոնք ավելի կհստակեցնեն քաղաքի եւ թաղումների ժամանակը»,- ասում է Համլետ Պետրոսյանը: Արշավախմբում օտարազգի մասնագետներ չկան, ինչը Պետրոսյանը պայմանավորում է նրանով, որ ադրբեջանցիները միջազգային տարբեր կառույցներին հղում են դիմում-բողոքներ. «Վերջերս մեկը դիմեց, որ գա: Ես իրեն ասացի, որ ահա մենք աշխատում ենք այս տարածքում, նա ասաց` ես խորհրդակցել եմ մեր իշխանությունների հետ, ես իրավունք չունեմ մասնակցելու»: Այնուամենայնիվ, Համլետ Պետրոսյանը շեշտում է, որ անկախ այն խթաններից, որոնք ստիպել են հայտնաբերել Տիգրանակերտը, իրենք քաղաքը աշխարհին ներկայացնում ենք զուտ գիտական, ակադեմիական հետազոտությունների շրջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter