Հարձակումները բենզալցակայանների վրա վերսկսվել են
Նախօրեին` ժամը 07:30-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճակատի մասում ստացած սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Կարապետ Գ.-ն: Իրավապահները պարզել են, որ նույն օրը` ժամը 06:50-ին, դիմակավորված 2 անձ, սպիտակ «ՎԱԶ-2121» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով եկել են «CPS» բենզալցակայան, մետաղյա գամ-լինգով հարվածել Կարապետ Գ.-ի գլխին ու դանակի սպառնալիքով նրա գրպանից բացահայտ հափշտակել 40 հազար դրամ եւ դիմել փախուստի:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ բենզալցակայանի վրա կատարվող ավազակային հարձակումները զգալիորեն շատացան 2008 թ. դեկտեմբերից: Մինչեւ 2009-ի հուլիս արդեն գրանցվել էր նմանատիպ 12 հանցագործություն: Դրանցից միայն երեքի դեպքում էր, որ հացագործները դեպքի վայրը, իրենց կամքից անկախ, լքել էին առանց «ավարի»: Հիմնականում նրանք հափշտակում էին բենզալցակայանում առկա գումարը եւ աշխատակիցների բջջային հեռախոսները: Որոշ դեպքերում էլ աշխատակիցներին «բաժին էր հասնում» տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ընդ որում`գրեթե բոլոր հարձակումները կատարվում էին նույն սցենարով: Մի քանի անգամ էլ հանցագործները եղել էին սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել