Սերժ Սարգսյան. «Մշտապես զգացել եմ Ֆրանսիայի պատգամավորների գործուն օժանդակությունը»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ սենատորներ Օդետ Տերադը եւ Ֆիլիպ Դալիեն:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեծապես գնահատում է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը, որի շնորհիվ Ֆրանսիայում օբյեկտիվ տեղեկատվություն է տարածվում Հայաստանի մասին. «Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամների ձեր խումբը զգալիորեն նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը, ինչպես նաև եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը: Հուսով եմ` Հայաստանում հանգամանորեն կծանոթանաք մեր պատմությանը, մշակույթին, խնդիրներին ու մարտահրավերներին: Իսկ մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ժողովրդի ջերմությունը Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների նկատմամբ մշտապես պահպանվի», - ասել է նախագահը:
Հանրապետության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի մեծ դերակատարության համար` ընդգծելով հատկապես խորհրդարանի դերը:
Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, Սերժ Լագոշն ասել է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է նոր թափով առաջ մղել` կասեցնելով միջազգային անտարբերությունը, որի պատճառով տեղի ունեցավ նաեւ 20-րդ դարի հաջորդ` Ռուանդայի ցեղասպանությունը:
Զրուցակիցները կարեւորել են եվրոպական կառույցներում հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականների միջեւ փոխշփումների ակտիվացումը եւ համագործակցության խորացումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մշտապես զգացել է Ֆրանսիայի պատգամավորների գործուն օժանդակությունը թե' երկկողմ հարաբերություններում, թե' միջազգային խորհրդարանական վեհաժողովներում:
Հանդիպման ընթացքում հանրապետության ղեկավարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումներն ու մտահոգությունները, պատասխանել` սենատոր Լագոշին եւ նրա գլխավորած պատվիրակությանը հետաքրքրող հարցերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել