HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը դատավորը համարում է սեփականություն, ոչ թե բիզնես

2009 թ.-ից կրկնակի բարձրացավ դատավորների աշխատավարձը` 220 հազար դրամից հասնելով 440 հազարի, ինչը պետական բյուջեին արժեցավ տարեկան 1 մլրդ դրամ: Կառավարությունը դատավորների աշխատավարձերի բարձրացումը հիմնավորեց կոռուպցիայի դեմ պայքարով:

Այդ ժամանակ նույնիսկ պատգամավորներն ընդվզեցին` ասելով, թե հավասարության սկզբունքը պահպանելու համար իրենց աշխատավարձն էլ պետք է բարձրացվի: Ինչեւէ, բարձրացվեցին միայն դատավորների աշխատավարձերը: Դատական օրենսգրքով դատավորների համար, բացի աշխատավարձից, սահմանված են նաեւ հավելավճարներ: Դատարանի նախագահի հավելավճարը պաշտոնային դրույքի 25%-ի չափով է, Վճռաբեկ դատարանի նախագահինը` 15%-ի չափով: Բացի այդ, դատավորները հավելավճար են ստանում աշխատանքային ստաժի համար: Մինչեւ 5 տարվա ստաժի դեպքում հավելավճարը կազմում է պաշտոնային դրույքի յուրաքանչյուր տարվա համար` 2%, իսկ 5 տարին գերազանցելու դեպքում` յուրաքանչյուր տարվա համար 5% հավելավճար: Թե ինչքանով է աշխատավարձի բարձրացումը դատավորներին ետ պահել կոռուպցիայից կամ դատական համակարգը` կոռուպցիոն ռիսկերից, այլ թեմա է, սակայն փաստ է, որ շատ դատավորներ աշխատավարձի բարձրացման կարիք ամենեւին էլ չունեն, քանի որ նրանք, բացի աշխատավարձը, այլ եկամուտներ էլ ունեն: Այդ մասին խոստովանում են հենց իրենք: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը 2008 թ. իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում հայտարարագրել է արտարժույթով եկամուտ` 219 հազար 465 ԱՄՆ դոլար եւ 3 մլն 747 հազար դրամ:

Ըստ հայտարարագրի` դատավորն անշարժ գույքի գործարք չի կատարել, գնել է միայն «Մերսեդես բենց ML 350» մակնիշի ավտոմեքենա: Անշուշտ, Տ. Նազարյանի` արտարժույթով հայտարարագրած գումարը չափազանց շատ է օրենքով ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելք ունեցող դատավորի համար, ուստի փորձեցինք անձամբ տեղեկանալ, թե որտեղից նրան այդքան գումար: Տ. Նազարյանին նաեւ խնդրեցինք մեզ տրամադրել Պետեկամուտների կոմիտե ներկայացրած գույքի եւ եկամուտների իր հայտարարագրի բնօրինակի պատճենը, որտեղ ավելի մանրամասն են երեւում տարվա ընթացքում դատավորի ստացած եկամուտները: Նա հայտարարագիրը չտրամադրեց` պատճառաբանելով, թե «պատճենը չունի», սակայն պարզաբանեց, թե որտեղից է գոյացել 219 հազար 465 ԱՄՆ դոլար եկամուտը:

Պետեկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքից երեւում է, որ դատավորի դրամային եկամուտը եղել է 3 մլն 747 դրամ, սակայն Տարոն Նազարյանը պարզաբանեց, թե 2008 թ. ունեցել է 3 մլն 147 հազար դրամ, որը վերաքննիչ դատարանից ստացած աշխատավարձն է: Ինչ վերաբերում է դոլարային եկամտին, ապա ըստ Տ. Նազարյանի` 117.686 ԱՄՆ դոլարը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում ունեցած 50.000 դոլար վարկային գծի (օվերդրաֆտ) պարբերաբար վերցրած վարկերի հանրագումարն է:

«Օրինակ` տարվա ընթացքում ավտոմեքենա գնելու համար վերցրել եմ գումար, եւ հաջորդող ամիսների ընթացքում դա ամբողջովին մարվել է: Արձակուրդը ընտանիքով անցկացնելու համար ստացել եմ վարկի գումար եւ կրկին հաջորդող ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել: Առանձնատան կառուցապատման, ներքին հարդարման եւ կահավորման համար բազմիցս տարբեր չափերի վարկ եմ վերցրել նույն վարկային գծից եւ տարվա վերջին իմ ստացած շահաբաժինների հաշվին մարել եմ»,- պարզաբանում է Տարոն Նազարյանը:

Դատավորը ունեցել է նաեւ մեկ այլ վարկային գիծ` 599.000 դրամ, որից նույնպես օգտվել է ու աշխատավարձի հաշվից մարել: Նրա ասելով` այս վարկային գծից օգտվում են զգալի թվով դատավորներ, եւ ինքը բացառություն չէ: Այն, որ դատավոր Նազարյանը աշխատավարձի հույսին չէ, հաստատում է նաեւ ինքը: Մինչ օրս նա եկամուտներ է ստանում վրացական «Յունիմետ» ՍՊԸ-ին փոխառությամբ տրված 78.500 ԱՄՆ դոլարի դիմաց հաշվարկված տոկոսներից: Միայն 2008 թ. այս ՍՊԸ-ից ստացված տոկոսները կազմել են 9.294 դոլար: Ըստ Տ. Նազարյանի` այդ գումարը ծախսվել է «ընթացիկ կարիքների համար»:

«92.437 ԱՄՆ դոլար եկամուտ ստացել եմ Վրաստանում գրանցված եւ գործող «Յունիմետ» ՍՊԸ-ից: Դա մեկ տարվա ընթացքում ոչ միանվագ ստացված տարեկան շահաբաժինն է, որով, ըստ էության, հիմնականում մարվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից 50.000 ԱՄՆ դոլար օվերդրաֆտով պարբերաբար օգտագործված վարկի գումարը»,- նշում է դատավորը: Տ. Նազարյանը համարում է, որ իր դոլարային եկամուտը ոչ թե 219.465 ԱՄՆ դոլար է, ինչպես հաշվարկել է Պետեկամուտների կոմիտեն, այլ` 101.779 դոլար: Նա վերցրած եւ մարած վարկային գումարները չի հաշվում որպես եկամուտ, ինչը անհասկանալի է, քանի որ դրանք, այնուամենայնիվ, մարվել են ստացված եկամուտների հաշվին: Թեեւ դատավորը վրացական ՍՊԸ-ում ունեցած 78.500 դոլարը անվանեց փոխառություն, այնուամենայնիվ գտնում ենք, որ նրա գործունեությունը ձեռնարկատիրություն է, քանի որ «Յունիմետ» ՍՊԸ-ում այդ գումարի չափով Տ. Նազարյանը բաժնեմաս ունի ու շահույթ է ստանում:

«Փոխառությունը ձեռնարկատիրական գործունեություն չէ, ո՞վ է ասում, որ դա ձեռնարկատիրություն է: Աշխատավարձից էլ եմ եկամուտ ստանում, ուրեմն դա ձեռնարկատիրությու՞ն է: ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը սեփականություն է, ոչ թե ձեռնարկատիրություն»,- բիզնեսով զբաղվելու մեր դիտարկմանը հակադարձեց Տարոն Նազարյանը: Նա համաձայն չէ նաեւ այն կարծիքին, որ դատավորների զգալի մասը, բացի հիմնական աշխատավարձից, այլ եկամուտներ է ստանում, օրինակ, տարբեր ՍՊԸ-ներում ունեցած բաժնետոմսերից, «փոխառություններից», եւ նրանց աշխատավարձը երկու անգամ բարձրացնելու անհրաժեշտություն չկար: Ընդհակառակը, Տ. Նազարյանը կարծում է, որ դատավորների աշխատավարձը ցածր է, եւ պետությունը պետք է ավելի շատ վճարի:

«Դատավորին տրվող այսօրվա աշխատավարձը բավարար չէ ֆինանսական անկախության երաշխիք ծառայելու համար»,- ասում է Տ. Նազարյանը:

Նրա հաշվարկներով, որպեսզի դատավորը ֆինանսապես անկախ լինի, պետք է տարեկան ստանա մոտ 50 000 դոլար աշխատավարձ: Այժմ Տարոն Նազարյանը ամսական ստանում է 480 000 դրամ աշխատավարձ եւ չի դժգոհում, քանի որ այլ եկամուտներ ունի: «Ես չեմ թաքցնում, որ եկամուտներ ունեմ, բայց շատ դատավորներ իրենց աշխատավարձով են ապրում»,-ավելացրեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter