HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղապետերը թերացել են հարկեր հավաքագրել

Իսկ մարզպետը զգուշացնում է, որ «անվստահություն» կհայտնի Այս տարվա առաջին կիսամյակում Արագածոտնի մարզի որոշ համայնքներ թերացել են հավաքել եկամուտները: Հուլիսի 8-ի մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Սարգիս Սահակյանը «սպառնաց» համայնքապետերին, որ թերացող գյուղապետերի հետ ցանկություն չունի աշխատել եւ ծայրահեղ դեպքում օրենքը հնարավորություն է տալիս նրանց անվստահություն հայտնել: Մինչ այդ լուռ նստած գյուղապետերը սկսեցին իրար հետ զրուցել, քննարկել մարզպետի ասածը, բայց ոչ ոք չհամարձակվեց բարձրաձայն արտահայտել իր կարծիքը: «ՏՒՄ»-ի մասին օրենքով, համայնքապետերն ունեն որոշակի անկախություն, քանի որ նրանք ընտրվել են ժողովրդի քվեով, բայց մարզխորհրդի նիստերին նրանք խեղճացած հայացքով են նայում ու նիստի ավարտից անմիջապես հետո արագ անհետանում տեսադաշտից: Շատ գյուղապետեր էլ «թուք ու մուր» ուտելուց խուսափելու համար նախընտրում են ընդհանրապես չգալ մարզխորհրդի նիստերին: Օրինակ, ըստ մարզպետարանից տրամադրած  տեղեկատվության, Բյուրական համայնքը 2010 թ.-ի համար նախատեսել է 6 մլն 228 հազար դրամի գույքահարկ, 6 ամսվա ընթացքում համայնքապետը պետք է հավաքագրեր 3 մլն 114 հազար դրամ, սակայն փաստացի հավաքագրել է 147 հազար դրամ` 4.7 տոկոս: Հողի վարձավճարների գանձման առումով էլ գյուղապետը առաջընթաց չի գրանցել` ընդամենը 35 տոկոս: Մարզպետը փորձեց տեղում հետաքրքրվել, թե ինչու է թերացել գյուղապետ Հրաչյա Ավագյանը, սակայն նա նիստին ներկա չէր: Գույքահարկը 2.8 տոկոսով է կատարել Կարբիի գյուղապետը, իսկ հողի հարկը գանձել է 26.9 տոկոսով: Գույքահարկի 0 տոկոս ցուցանիշ են արձանագրել Լեռնարոտ, Ղազարավան, Դպրեւանք, Նոր Եդեսիա, Տեղեր, Արագածավան, Արեգ, Օթեւան, Դաշտադեմ, Դավթաշեն եւ եւս 6 համայնքներ: Հողի հարկի հավաքագրման ուղղությամբ 0 տոկոս ցուցանիշ չի արձանագրվել, սակայն շատ համայնքներ նույնիսկ նախատեսածի կեսը չեն կարողացել գանձել. Կոշը` 18.7 տոկոս, Կանիաշիրը (Սանգյառ)` 9.9 տոկոս, Օթեւանը` 10 տոկոս, Հացաշենը 13 տոկոս եւ այլն: «Որ ձեր պարտավորությունները չեք կատարում, ինչպե՞ս եք ձեր աշխատակազմի աշխատողների աշխատավարձերը վճարելու»,-համայնքապետերին ամբիոնից հարց ուղղեց մարզպետ Ս. Սահակյանը: Գյուղապետերի կողմից այդպես էլ պատասխան չհնչեց: Օթեւանի գյուղապետ Բրո Ֆատոյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է իր պարտավորությունների թերացման պատճառը, որ քիչ է հարկեր հավաքագրել: Գյուղապետը պատասխանեց, որ մինչեւ ամսվա վերջ կհավաքի հարկերը: «Դուք էլ, որ գյուղում աշխատեիք կտեսնեիք, թե ինչքան դժվար է աշխատելը: Մարդկանց ձեռքին գումար չկա, ինչպես նրանց ստիպեմ, որ հարկ վճարեն, եթե դուք ձեւը գիտեք, ասեք, այդպես էլ կանեմ: Դեռ ժամանակ ունենք, մարդիկ բերք կվաճառեն հարկերը կփակեն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց գյուղապետը: Կոշի գյուղապետն էլ նշեց, որ իրեն անվստահություն հայտնելու վտանգը չի սպառնում, թեեւ թերացել է հարկերը հավաքագրել: «Միայն տեղական հարկեր հավաքագրելով չի որոշվում համայնքապետը լավ է աշխատել, թե վատ, շատ հարցերում ես գերազանց եմ»,-ասաց Աշոտ Ենգիբարյանը: Նա նշեց, որ տարվա սկզբից Կոշը մի քանի անգամ տուժել է բնական աղետներից. նախ` գարնանը, երբ ծառերը ծաղկել էին` ձյուն եկավ, հետո էլ 3 անգամ ուժեղ կարկուտ է տեղացել: «Գյուղում այնքան ուժեղ կարկուտ եկավ, որ 24 ժամ գետնի վրա կարկուտի հատիկները մնացել էին: Գյուղացիների ձեռքին հիմա գումար չկա, նոր-նոր սկսել են բերք վաճառել, եկող ամսվանից արդեն ակտիվ վճարումները կանեն»,-ավելացրեց Ա. Ենգիբարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter