
«Նրանք, ովքեր այսօր խոսում են անձնավորված կուսակցության մասին, հենց իրենք էին, որ ուզում էին տարիներ շարունակ անձնավորել կուսակցությունը: Ասում էին` Րաֆֆի Հովհաննիսյան կամ ոչինչ, ես մերժում էի դա: Իսկ անցած 2,5 տարվա մաքառումները հենց դրա համար էին, որովհետեւ մենք անձի կուսակցություն չէինք, պաշտամունք չկա այստեղ»,- «Ժառանգության» համագումարին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` պատերազմում մենք հաղթեցինք, բայց տանուլ ենք տվել խաղաղությունը: «Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի պատերազմի, պետք է աշխատենք կանխել, բայց պատրաստ լինենք պատերազմի: Միաժամանակ նախաձեռնի նոր դիվանագիտության Արցախի ճանաչման համար: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չէր միացվելու Հայաստանին պետք է ճանաչվեր 1992 թվականին, այո, ուշացել ենք, թերացել ենք, բայց անհրաժեշտ է, որ ԼՂՀ-ն ճնաչվի իր սահմանադրական սահմաններով անմիջապես»
«Ժառանգության» հիմնադիրը խոսեց նաեւ Հայ առաքելական եկեղեցու ապաքաղաքականացման մասին. «Պետք է թույլ չտանք, որ որեւէ մեկը կուսակցականացնի Անթիլիասից մինչեւ Մայր աթոռ»:
««Ժառանգությունը» ողջ հայ ժողովրդի մաքառումների, բացթողումների, սխալների արտացոլանքն է, «Ժառանգությունը» պատկանում է բոլորին: Առաջիկա ընտրությունները եթե լինեն ոչ ճշմարիտ, ուրեմն` ի զեն. խորհրդարանական ամբիոններից մինչեւ հրապարակ, փակ գրասենյակներից մինչեւ փողոց, քաղաքներում եւ գյուղերում հավասար, առանց անպայման բարձր գոռալու, բայց ամեն օր ամեն պահ միասին եւ հարատեւ գործելով` պայքար մինչեւ հաղթանակ»,- կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել