HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Սփյուռքը ժամանակավոր է»,- ասում է նախկին սփյուռքահայը

«Գուրմէ Դուրմէ»-ն Տիրան Բաղդադյանի` Հայաստանում ստեղծած շոկոլադի անվանումն է: «Գուրմէ» բառը ֆրանսերեն նշանակում է համեղ ուտեստ սիրող, իսկ «Դուրմ»-ը շոկոլադի հայերեն անվանումն է: Այս շոկոլադը հազվադեպ կարելի է հանդիպել, այն քիչ խանութներում է վաճառվում:

Տիրանի խոսքերով` իրենք չէին ուզում մրցակցել «Գրանդ Քենդիի» հետ, քանի որ այն ավելի ժողովրդական է, իսկ իրենց շոկոլադը «էքսկլյուզիվ է, ամեն խանութում չի վաճառվում»: «Շատ թանկ չէ, շատ էժան էլ չէ»,- ասում է Տիրանը: Տիրան Բաղդադյանը ծնվել է Լիբանանում: Ընտանիքում երկու երեխա են` եղբայրը` Փիեռը, եւ ինքը: Ծնողները Տիրանին եւ եղբորը միշտ ասում էին` «պետք է Հայաստան երթաք»: Ավելին, հայրն իր կենդանության օրոք երեխաներին միշտ հիշեցնում էր, որ իրենք Լիբանանում ժամանակավոր են: Հայրը փաթեթավորման գործարան ուներ, Տիրանին եւ Փիեռին տանում էր իր մոտ եւ սովորեցնում: Եղբայրներն այն ժամանակ դժկամությամբ էին գնում, բայց այժմ երախտապարտ են հորը, նրա տված գիտելիքները կիրառում են շոկոլադի արտադրության մեջ: Ծնողները զավակներին ուղարկել են Լիբանանի ամենալավ դպրոցներից մեկը, իսկ հայերենը ընտանիքում են սովորել: Երբ «ցտեսության» փոխարեն ասում էին «bye», ծնողները բարկանում էին: Տիրանը հիշում է, որ շաբաթը 2-3 հայերեն նոր բառ էին սովորում, անընդհատ հարցնում էին` այս բառն ինչ է նշանակում, այն մեկը` ինչ, ու այդպես մի օր էլ կառչել էին շոկոլադ բառից, մեկ էլ հայրն ասաց, թե հայերեն դա «դուրմ»-ն է, իրենք էլ սկսեցին անընդհատ կրկնել` դուրմ, դուրմ: Այստեղից էլ ծնվեց նրանց ստեղծած «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի անվանումը:

Տիրանը 18 տարեկանում մեկնել է Ավստրիա եւ ուսանել Հագուստի եւ դիզայնի համալսարանում: Վիեննայի կենտրոնում հագուստի խանութ է բացել, որը, սակայն, փակել է Լիբանան վերադառնալու պատճառով: Տիրանը պատմում է, որ Ավստրիայում հայերը զուգորդվում են ցեղասպանություն, ղարաբաղյան հարց, երկրաշարժ երեւույթների հետ: Որպեսզի հայերին որպես խեղճ եւ թույլ չճանաչեն, Տիրանն իր ընկերուհու հետ ամենատարբեր ոլորտների շուրջ 234 աշխարհահռչակ հայերի մասին գերմաներեն գիրք է հրատարակել, որը մեկ շաբաթում բաժանել են ավստրիացիներին: Համահայկական խաղերի ժամանակ Տիրանը ծանոթացել է Թամարայի հետ: Թամարան Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ուսանողներից էր, նրան ուղարկել էին որպես ուղեկցող, իսկ Տիրանը խաղում էր Լիբանանի բասկետբոլի թիմում: Առաջին հայացքից հավանել են միմյանց եւ 2006-ին ամուսնացել:

«Տեղացի հայ տղաների մեջ ես շատ կոպտություն եմ նկատում, իսկ ինքն այդպիսին չէր: Տիրանը շատ ավելի համապատասխան է իմ մտածելակերպին»,- ասում է Թամարան:

Տիրանը «մեծ դժվարություններ» է ունեցել իր հարսանիքը կազմակերպելիս, բավական չարչարվել է, որ «սիգնալ չլինի ճամփին». «Ես ասում եմ` չեմ ուզում պարացնելով բերեք քյաբաբը, մինչեւ վերջին րոպեն ինձ ասում են` վստա՞հ եք: Ասացի` բերեք ոնց որ սալաթն եք բերել, թե չէ մեծ կռիվ կանեմ էստեղ, մարդիկ զարմացան»: «Սփյուռքը ժամանակավոր է, էստեղ հայություն պահելը ինքնաբերաբար է, իսկ այնտեղ դա հավելյալ աշխատանք է պահանջում: Այստեղ ամեն ինչ հայկական է` հեռուստատեսությունը, ռադիոն, այնտեղ պետք է ամեն վայրկյան երեխայիդ ասես` հայերեն խոսիր, վերջը այնքան ես հոգնում, որ էլ չես ասում, որովհետեւ հազար ու մի խնդիր կա»:

Տիրանն ասում է, որ շատ դժվար է դրսում հայ մնալը. «Արմատների պրոբլեմ ունես, չգիտես` ում ես պատկանում` հա՞յ ես, թե՞ ավստրիացի»: Տիրանին դուր չի գալիս, որ այստեղ մարդիկ դառնում են ավանդույթների գերին, Հայաստանում շատ բաներ կաղապարված է տեսնում:

«500 տարի առաջ սենց է եղել, հիմա էլ սենց պետք է լինի, ես գաղափար կոտրողներից մեկն եմ: Կարող է հայերի ավանդույթներից 20-ը ընտիր լինեն, բայց 80-ը վատն են, իմ նման մեկը եկել է, գրել էդ սովորույթները, մարդիկ դրել են իրենց մեջ եւ դարձել գերի»:

Նույնիսկ երեխաների համար կնոջ հետ ոչ ավանդական անուններ է ընտրել` համակցելով երկու հատուկ անուն. աղջկա անունը Վաննի է, այսինքն` Վան եւ Անի, իսկ տղայինը` Առնոյ` Արարատ եւ Նոյ: Բայց Տիրանը սիրում է հայկական կենացները, թամադայի «ինստիտուտը»: Կատակով նշում է, որ կենցաղից արմատախիլ է արել երեխաներին տաք հագցնելու հայկական սովորույթը:

Հայ ազգը շատ դժգոհող է

Տիրանի կարծիքով` հայը ծայրահեղ եւ դժգոհող ազգ է, իսկ այդ դժգոհությունը ազդում է աշխատանքի, կյանքի եւ առօրյայի վրա: Ըստ նրա` դա գալիս է Խորհրդային Միությունից: «Ամենամեծեն ամենափոքրը` հետը նստես 10 րոպե, 8-ը բողոքում է: Հայաստանի մեջ մեկը ուզում է մի օր աշխատել եւ յոթ օր հանգիստ ունենալ, մանավանդ` տղամարդիկ, իսկ կանայք եւ աղջիկները այդպես չեն: Էդ էլ, իմ վերլուծումով, նրանից է, որ տղաները շփացած են ընտանիքներում, իրենք ուշադրության կենտրոնում են, դեռ փոքր տարիքից թագավոր են»,-ասում է Տիրանը:

Նա Հայաստանում դրախտ տեսնելու սպասելիքներ չի ունեցել, բայց հիասթափվել է` տեսնելով, որ մարդիկ հեռացել են կրոնից: Ասում է` մարդիկ մեծ-մեծ խաչեր են կախում, բայց չգիտեն քրիստոնյա լինելն ինչ է: Այս ամենում նա տեսնում է նաեւ Հայ առաքելական եկեղեցու մեղքը: Ամեն կիրակի Տիրանը ընտանիքով գնում է եկեղեցի` Աստծուն շնորհակալություն հայտնելու: Նա ցանկանում է գոնե Երեւանում ամեն բակում տեսնել մեկ վարդապետ, եկեղեցի, որ կարողանա երեխաներին ուղարկել լսելու նրան, սովորելու, երգելու, բակերում փնտրում է  հոգեւորականների, բայց գտնում է աղանդավորների:

Տիրանի երազած Հայաստանը պետք է Եվրոպայի նման մաքուր լինի: Նպատակը երեխաներին լավ հայ դարձնելն է, որ նրանք լինեն աշխատասեր, քիչ դժգոհեն, պահեն իրենց խոստումները: Ինչ էլ լինի, Տիրանը Հայաստանից չի գնա, անգամ եթե աշխատանքում խնդիրներ առաջանան, կյանքը դառնա «ոչ շոկոլադային կամ քիչ շոկոլադային»: Նրա եղբայրը` Փիեռը, Լիբանանում կազմակերպել էր «Ցտեսություն, դեպի հայրենիք» «փարթին», որին հրավիրել էր բոլոր սփյուռքահայ ծանոթներին եւ հայտնել նրանց իր, կնոջ եւ մոր` հուլիսի վերջին Հայաստան տեղափոխվելու մասին ու «տարոսը ձեզ» մաղթել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter